ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում խոսելով Իրանի շուրջ դեպքերի վերաբերյալ, նշեց. «Մեր գնահատականներով ավելի շատ դեէսկալացիայի է գնում, եւ մենք հույս ունենք, որ մոտակա օրերին ընդհանուր հանգստություն է լինելու: Իհարկե, մենք վատթարագույնին էլ ենք պատրաստվում»:
ԱԽ քարտուղարը հավելեց, որ, ընդհանուր առմամբ լայնածավալ աշխատանք է կատարվել եւ սիրիական, եւ Իրանի ճգնաժամի ընթացքում. «Մեր ինստիտուցիոնալ կարողություններն ավելացել են: Կարողացել ենք մշակել տարհանման պլան, եւ ճգնաժամին արձագանքելու պլան, որը կարեւոր քայլ է մեր կառավարման համակարգի համար: Մենք հստակ գիտենք, թե ինչ ենք անելու: Մեր կառավարման համակարգի դիմակայությունը պարբերաբար բարձրացնում ենք»:
Լրագրողի հարցին՝ հաշվի առնելով Հայաստանի բարեկամական հարաբերությունները՝ Իրանի ու ԱՄՆ-ի հետ, հնարավոր համարո՞ւմ է, որ Հայաստանը փորձր միջնորդի դեր ստանձնել, Արմեն Գրիգորյանը պատասխանեց. «Նման տարբերակ չի քննարկվել, իհարկե ցանկություն ունենք, որ կոնֆլիկտը հնարավորինս արագ կարգավորվի: Մենք մեր դերակատարությունը տեսնում ենք, որ երկու կողմի հետ էլ շարունակենք երկխոսությունը, եւ անհրաժեշտությունը լինի, ցանկացած տարբերակի պատրաստ ենք, որպեսզի օգնենք կոնֆլիկտի հնարավորինս արագ հարթվելուն»:
Ինչ վերաբերում է ՀՀ տնտեսական անվտանգությանը, եւ արդյոք Հայաստանը կարո՞ղ է Ռուսաստան-Թուրքիա գազատարի բացման հետ կապված խնդիրներ ունենալ, Արմեն Գրիգորյանը պատասխանեց. «Տնտեսական անվտանգության առումով այս պահին խնդիր չունենք, բոլոր տարբերակները քննարկել ենք, սննդի անվտանգությունից՝ մինչեւ անվտանգության կարեւոր ենթակառուցվածքների աշխատանք, բոլոր այլընտրանքային ճանապարհներն ու լուծումները գտել ենք: Բոլոր այն ապրանքները, որ եթե ճգնաժամ առաջանա, ինչպես ենք փոխարինելու, այդ ամենի ճանապարհային քարտեզն ունենք: Մենք պատրաստ ենք բոլոր առումներով, եթե ֆորս մաժորային վիճակներ չլինեն: 2019թ տնտեսության մեր գրանցած արդյունքները մեզ ինքնավստահություն են տալիս եւ մենք ավելի մեծ զարգացում ենք ակնկալում»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ