Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Ո՞վ սպանեց Հուլիոս Կեսարին և ի՞նչ քաղեց այդ սպանությունից

Հունվար 09,2020 16:30

Իրան-ԱՄՆ խիստ լարված հարաբերությունների ֆոնին, 2020 թ․-ի հունվարի 3-ին, Բաղդադի օդանավակայանի դեմ ամերիկյան ԱԹՍ-ների հարձակման հետևանքով, սպանվեցին ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման իրանցի լեգենդար՝ հրամանատար գեներալ Ղասեմ Սուլեյմանին և Ալ Հաշդ ալ-Շաբի իրաքյան ժողովրդական աշխարհազորային կազմակերպության փոխհրամանատար Աբու Մեհդի ալ Մոհանդեսը։

Դեպքից անմիջապես հետո Իրանում բորբոքվեցին հասարակության և հոգևոր ու ռազմական իշխանության վրեժխնդրության զգացմունքները և իրանցիները միասնաբար պահանջեցին անհապաղ վրեժ լուծել ԱՄՆ-ից կատարված ոճրագործության համար։ Իրանի արձագանքն, ինչպես որ սպասվում էր, չուշացավ։ Հունվարի 8–ի վաղ առավոտյան, ԻՀՊԿ օդուժը հրթիռակոծեց Իրաքում տեղակայված ամերիկյան երկու ռազմաբազաները, ի պատասխան ամերիկացիների կողմից Ղոդս ստորաբաժանման հրամանատար՝ գեներալ Սուլեյմանիի և իրաքյան Հաշդ Ալ-Շաաբի ուժերի փոխհրամանատար Աբումահդի Ալ-Մոհանդեսի սպանության:

Չնայած այս իրադարձությունը ցնցեց ողջ աշխարհը և մի պահ թվում էր Իրան-ԱՄՆ-ը լարված հարաբերությունները կթևակոխեն ուղղակի ռազմական բախումների, Իրանի սահմաններից ներս, սակայն ինչպես նախորդ հոդվածում էի նշել, տեղի ունեցավ Իրանի կողմից անակնկալ և իրանցիներին հատուկ դիվանագիտական ճկուն լեզվին բնորոշ հայտարարությանը, ինչը կարողացավ իրավիճակն զգալիորեն հանդարտեցնել։

Չորեքշաբթի հունվարի 8-ին, Իրանի հրթիռային հարձակումից անմիջապես հետո Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդ Ալի Խամենեին հայտարարեց. «Ամերիկյան երկու ռազմաբազաների վրա իրականացված հրթիռային հարձակումները, ԱՄՆ-ին հասցված մեծ ապտակ էին: Այս ռազմական գործողությունները բավարար չեն: Պետք է վերջ տալ տարածաշրջանում ԱՄՆ-ի ներկայությանը»:

ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետն անդրադառնալով Իրաքում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների դեմ ԻՀԿՊ օդուժի իրականացրած հարձակումներին, նշել է, որ ԱՄՆ-ի կողմից արված ցանկացած նոր քայլ, կստանա ավելի կոշտ ու ցավոտ պատասխան:

Իրանի հոգևոր և ռազմական իշխանությունների երկու բարձրաստիճան ղեկավար և հրամանատարի նման հայտարարությունները պարունակում են խիստ կարևոր ուղերձ ուղղված ԱՄՆ-ին՝ այն է, որ Իրանը չի ցանկանում շարունակել լարվածությունը և ուղղակի ռազմական վտանգավոր բախումները ԱՄՆ-ի զորքերի հետ և կբավարարվի պրոքսի պատերազմի շարունակմանը Իրաքի տարածքում։

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թահթ Ռավանչին՝ պատասխանելով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ելույթին Թեհրանի արձագանքի վերաբերյալ ՏԱՍՍ-ի հարցին ասել է․ «Իրանն ավարտել է վրեժխնդրությունը գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար և ԱՄՆ-ի կողմից ագրեսիայի բացակայության դեպքում նոր ռազմական գործողություններ չի ձեռնարկի: Այդ մասին նա հայտարարել է․ «Մեր բոլոր գործողությունները համաչափ էին Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը: Դրանք ավարտված են։ Եթե ԱՄՆ-ն այլևս ռազմական գործողություններ չձեռնարկի Իրանի նկատմամբ, մեր կողմից մենք նույնպես չենք ձեռնարկի նման գործողություններ»։ Նա հավելել է, որ Իսլամական Հանրապետությունը գործել է բացառապես ՄԱԿ-ի Կանոնադրության 51-րդ հոդվածի շրջանակներում:

Արաբական Independent-ի տեղեկացված աղբյուրները հայտնել են, որ երկու կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ՝ Իրանի հրթիռային հարձակման հետևանքով թիրախավորվել է Իրաքում ԱՄՆ մի շարք ռազմակայաններ, որոնք չեն վնասել ԱՄՆ-ի ուժերին, և տեղի ունեցածը հենց այն էր, ինչին համաձայն էին երկու կողմերը:

Սրա մասին է վկայում Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հունվարի 8-ին արված հայտարարությունը, որն ասել է․ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրթիռային գործողությունն իրականացվել է Իրաքի կառավարության տեղեկությամբ»։

Սկզբից ակնհայտ էր, որ ներգրավված կողմերից ոչ մեկը պատրաստ չէ վատթարացնել իրավիճակը: Հետևաբար, մի շարք հարևան և արևմտյան երկրների վերջին դիվանագիտական ջանքերից հետո, երկու կողմերը պայմանավորվել են, որ Իրանը կձեռնարկի այնպիսի ռազմական գործողություններ, որոնք ընդունելի կլինեն Վաշինգթոնի համար։

Բացի այդ, դիտորդները կարծում են, որ Իրաքում ԱՄՆ ռազմակայանների վրա Իրանի կողմից իրականացված հրթիռային հարձակման վերաբերյալ Իրանի արտգործնախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի շտապ հայտարարությունը, որն ասել է․ «Իրանը պատերազմի և լարծվաության չի ձգտում: Սակայն Իրանը պաշտպանվելու է ցանկացած տեսակի ագրեսիայից»․- ապացույցն է այն իրողության, որ Գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը Իրաքում կատարվել է քաղաքական և ռազմավարական խիստ բարդ ու ճղճիմ հաշվարկների և գործարքների արդյունքում, որը, անկասկած, օգտագործել են հակամարտող կողմերը ներքին և արտաքին քաղաքականության շահերի ապահովման և ուժերի վերադասավորման ուղղությամբ:

Մի կողմի՝ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի համբավն ու բարձր հեղինակությունը Իրանի զինված ուժերի և Իրաքի շիա, հատկապես՝ Հաշդ Ալ- Շաաբի աշխարհազորային ուժերի շարքերում, այնպիսի անզսպելի հզորություն և հնարավորություն էր տվել նրան, որը անուղղակիորեն և երկարատև հեռանկարում մտախոհություն էր առաջացրել Իրանի հոգևոր իշխանության գոյատևման համար, որոնք այժմ երկրի ներսում բախվել են ժողովրդական դժգոհությունների և գերագույն հոգևոր առաջնորդի հաջորդի նշանակման սպառնալիքների հետ։ Մյուս կողմից՝ Իրաքի ներսում գեներալ Սոլեյմանիի ռազմական գործողությունները ինչ-որ չափով՝ խանգարում էր ԱՄՆ-ի կողմից հովանավորվող սուննի հասարակության հատվածի իշխանության վերադառնալու և Իրաքի հյուսիսային քուրդաբնակ շրջանների ինքնիշխան կառավարության ստեղծման պլաններին։

Ավելին, Իսլամական Իրանում վերջին 40 տարիների ընթացքում, գերակայող հոգևոր իշխանության շրջանակում տիրող շիա դավանանքի պաշտոնական գաղափարախոսությունը և հեղափոխական ու հակաիմպերիալիստական տրամադրությունները, պահանջում են նահատակության ոգին ամրապնդել լայն հասարակության մոտ, որպեսզի հնարավոր լինի իսլամական ումային համախմբել պետական գաղափարախոսության դրոշի շուրջ և ժողովրդի միասնությանը ապահովել արտաքին թշնամու սպառնալիքներին դիմակայելու համար։ Անկասկած, ԻՀՊԿ-ի Ղոդս ստորաբաժանման ուժերի հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի զոհվելը, կարողացավ լավագույնս արդարացնել իրանական ժողովրդի և մուսուլմանների միասնության պլանը և կանխել Իրանի ժողովրդի հասարակության պառակտումը, որը գնալով ավելի էր խորանում կապված՝ 2019 թ-ի նոյեմբերին տեղի ունեցած սոցիալական դժգոհությունների և բողոքի լայնամասշտաբ ցույցերի հետ ամբողջ երկրում։

Մյուս կողմից ևս Իրանի հետ համատարած պատերազմի հնարավորության մասին մտահոգությունը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին ճնշման տակ է դրել երկրի ներսում և միջազգային հարթակում, բայց վերջերս Իրանի պատասխան հրթիռային հարձակումը մտահոգությունների տեղիք է տվել ԱՄՆ-ի հասարակության դաշտում և ԱՄՆ նախագահին դուրս է բերել ներքին ճնշումներից:

Հատկանշական է, որ արձագանքելով ԱՄՆ-ի բազայի դեմ Իրանի հրթիռային հարձակմանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ քանի դեռ ինքը նախագահ է, Իրանը միջուկային զենք չի ունենալու: ԱՄՆ նախագահը մեղադրելով Իրանի կառավարությանը 2019 թ․-ի նոյեմբերին բողոքի ցույցերի ընթացքում իր քաղաքացիներին սպանելու մեջ, կոչ է արել ՀԳՀԾ-ում մնացած մյուս երկրներին դուրս գալ միջուկային գործարքից: Նա ասել է, որ պատրաստ է աշխատել Իրանի հետ լավ միջուկային գործարքի շուրջ: Վերջում Թրամփն ընդգծել է, որ ԻԼԻՊ-ի ոչնչացումը, Իրանի և Միացյալ Նահանգների միջև համատեղ ջանքերի նպատակն է և պատրաստ է իր ձեռքը մեկնել խաղաղության համար:

ԱՄՆ-ի կողմից գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության և Իրանի կողմից հրթիռային պատասխան հարձակումից հետո, ԱՄՆ-ի և Իրանի իսլամական հանրապետության երկու ղեկավարների փոխանակած ուղերձները հստակորեն ապացուցում են, որ ամեն ինչ արդեն վերջացած է և նրանք պատրաստ են ջղագրգիռ մթնոլորտը հանդարտեցնելով կրկին վերադառնալ ոչ պատերազմ և ոչ խաղաղություն նախկին կարգավիճակին, միաժամանակ շարունակելով կառավարելի պրոքսի պատերազմը Մերձավոր Արևելքի տարածաշրջանում, փորձելով ենթահող ստեղծել հետագայում հարմար մթնոլորտում միջնորդված բանակցությունների վերսկսմանը համար։ Թվում է, թե կողմերը, հասել են ռեալ եզրակացության և չափելով միմյանց հարձակողական ուժերը թե ռազմական հրապարակային դաշտում և թե քարոզչական ու ներքին քաղաքական ասպարեզներում, փորձում են որոշակի կայունություն ստեղծել հակամարտության դաշտում և Ղասեմ Սոլեյմանիի նահատակությունը կարողացավ այդ նպատակները իրականացնել երկու երկրի լարված հարաբերության դաշտում։

Չնայած հունվարի 8-ի առավոտյան Իրանի կողմից ԱՄՆ-ի իրաքյան ռազմաբազայի դեմ իրականացրած պատասխան հրթիռային հարձակումներից հետո սպասումներին, այն, ինչ հունվարի 8-ին Իսլամական հանրապետության առաջնորդն ասաց իր կարճ խոսքում, միանգամայն սպառնալիք չէր՝ ուղղված ԱՄՆ-ի կառավարության դեմ։ Նույնը կարելի է ասել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի չորեքշաբթի օրը ունեցած ելույթում, դա ցույց տվեց, որ իր հայտարարությունները պարզապես հռետորաբանություններ են եղել և փաստորեն Իրանի դեմ ռազմական առճակատման ծրագիր չունի և նույնիսկ պատրաստ է միջուկային նոր գործարքի շուրջ բանակցել իրանական կողմի հետ:

Սակայն, տարածաշրջանում զարգացող և ահագնող սպառնալիքների ֆոնին այն, ինչ կարևոր է մեզ համար Հայաստանում, այն է որ պետք է փորձել հեռու մնալ, մեր հարևան և բարեկամ երկիր Իրանին սպառնացող վտանգների, որոշ շրջանակների և ոչ բարեկամ երկրների կողմից հրահրվող քարոզչական և հիբրիդ պատերազմների ծուղակից և փորձել մեր շահերից ելնելով հնարավորինս իրավիճակը հանդարտեցնել հակամարտող կողմերի միջև։

Այս նկատառումով խիստ կարևոր և հատկանշական է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հավասարակշիռ և կառուցողական մոտեցումը: «Իրավիճակի զարգացումը տարածաշրջանում անհանգստացնող է: Մեր դիրքորոշումը մնում է նույնը. Հայաստանը չի ներքաշվի հակաիրանական գործողությունների մեջ, Հայաստանը չի ներքաշվի հակաամերիկյան գործողությունների մեջ եւ մեր հույսն ու կոչն է մեզ համար բարեկամական Իրանին ու ԱՄՆ-ին՝ անհապաղ ձեռնարկել բանակցություններ՝ իրավիճակի հետագա վատթարացում թույլ չտալու համար»,- ասել է Փաշինյանը:

Կարծում են, որ Հայաստանի ամբողջ պետական համակարգը, Արտգործնախարարությունը և արտասահմանում Հայաստանի ներկայացուցչությունները համատեղ և միասնական մոտեցմամբ ու ջանքերով պետք է փորձեն միջոցներ ձեռնարկել Իրանի և ԱՄՆ-ի միջև առկա լարված հարաբերություններում կայունություն ստեղծել, քանի որ դա բխում է նաև մեր մնայուն շահերից Մերձավոր Արևելքի տարածաշրջանում և Կովկասյան ռեգիոնի հակամարտությունների կարգավորման ռազմավարական նկատառումներով։

Վահե ԱՐԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031