«Հոդված 3» ակումբում կայացած քննարկման ժամանակ իրանագետ Արտյոմ Տոնոյանը հայտարարեց, որ այսուհետ ԱՄՆ-Իրան հարաբերությունները բաժանվելու են երկու հատվածի՝ մինչեւ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը եւ ամերիկյան ռազմաբազայի հրթիռակոծությունից հետո: Նրա ձեւակերպմամբ, Ղասեմ Սոլեյմանին չափազանց սիրված կերպար էր իրանական հասարակության մեջ, եւ նրա սպանությունը համարժեք է որեւէ երկրի պաշտպանության նախարարի, նախագահի կամ վարչապետի սպանությանը:
Իրանագետի խոսքերով ամերիկյան ռազմաբազայի հրետակոծումից հետո ամերիկյան կողմը հայտարարում է, որ չունի մարդկային զոհեր, մինչդեռ իրանական հայացքը պահանջում է, որ լինի արյան գնով փոխհատուցում, ուստի պատահական չէր, որ իրանական աղբյուրներում սկսեց նշվել ռազմաբազայի հրթիռակոծության եւ ութսուն հոգու սպանության մասին: Նրա խոսքերով, Սոլեյմանիի սպանությունից հետո կատարված հայտարարությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ իրանական կողմը վերջնական նպատակ է դրել առհասարակ Մերձավոր Արեւելքում առհասարակ բացառել ԱՄՆ ներկայությունը:
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թեւան Պողոսյանը խոսեց այն մասին, թե ինչ անվտանգության մարտահրավերներ են ստեղծվում Հայաստանի եւ տարածաշրջանի համար ամերիկա-իրանական սրացումների համատեքստում: Նա ասաց, որ որեւէ սցենար չպետք է բացառել եւ անվտանգության խնդրի հետ կապված՝ պետք է սովորել սցենարներով կառավարելուն եւ պատրաստ լինել ցանկացած սցենարի, թե տարածաշրջանում ինչ-ինչ բախումների արդյունքում ինչ խնդիրներ կարող ենք ունենալ:
Կարդացեք նաև
Թեւան Պողոսյանն ընդգծեց հայկական համայնքի հարցը Իրանում, Սիրիայում, Լիբանանում եւ ընդհանարապես Մերձավոր Արեւելքում՝ ինչի հետ պետք է հաշվի նստել: Փորձագետը կարեւորեց նաեւ տեղեկատվական դաշտի դիմադրողականության բարձրացումը, քանի որ հաճախ շատ երեւույթներ, որոնք թվում է Հայաստանի հետ անմիջական կապ չունեն, մեր հակառակորդի կողմից կարող են օգտագործվել մեր երկրի դեմ: Բանախոսը կարեւորեց նաեւ սահմանային անվտանգությունը՝ ինչպես առաջնագծի, այնպես էլ փախստականների հնարավոր անցման դեպքում: Իսկ ամենակարեւորը նրա պատկերացմամբ, այն է, որ նախադեպային երեւույթները չօգտագործվեն Հայաստանի դեմ:
«Մենք ունենք կոնֆլիկտ, պատերազմը դեռ չի ավարտվել, երրորդ երկրում այլ երկրի զինվորականի հանդեպ կատարված գործողությունները չպետք է ներազդեն մեր հասարակության վրա՝ տեղեկատվական, միջազգային հարաբերությունների եւ արտաքին քաղաքական դաշտում».- շեշտեց Թեւան Պողոսյանը:
ԱԳ նախկին փոխնախարար Արման Նավասարդյանի խոսքով. Դոնալդ Թրամփը գործիչ է, որին հաճախ լուրջ չեն ընկալում, բայց նա ունի հետաքրքիր հատկանիշ՝ երբ ասում է մի բան, անպայման անում է: «Օրինակ, նա ասաց, որ եթե լինի մեկ սպանություն, ես դրան կպատասխանեմ, դա իրոք կատարվեց: «Հասարակ ամերիկաների տեսանկյունից, Թրամփը ճիշտ է վարվել, եւ նրանք ընտրությունների ժամանակ կքվեարկեն կիր օգտին»,-կարծում է Նավասարդյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ