Ժողովրդագրական իրավիճակի բարելավման նպատակով՝ կբարձրացվեն երեխայի ծննդյան միանվագ և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստների չափերը։ Այս մասին որոշումներն ընդունվել են Կառավարության նիստում:
Նախկինում գործող իրավակարգավորումների համաձայն՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափերը տարբերակված էին, մասնավորապես, նպաստի չափը առաջին երեխայի ծնվելու դեպքում սահմանված էր 50.000 դրամ, երկրորդ երեխայի դեպքում` 150.000 դրամ:
Ըստ նոր կարգի՝ 2020 թվականի հուլիսի 1-ին և դրանից հետո ծնված առաջին և երկրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ նշանակվող միանվագ նպաստի չափը սահմանել 300,000 դրամ։
Ըստ մյուս նախագծի՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում էր «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափն ավելացնել՝ 18.000 դրամի փոխարեն դարձնելով 26,500 դրամ։
Կարդացեք նաև
Այս կարգավորումը ևս ուժի մեջ կմտնի 2020 թվականի հուլիսի 1-ից և կտարածվի այդ պահին շահառու հանդիսացող բոլոր քաղաքացիների վրա։
Նշենք նաև, որ նախատեսվում է գյուղական համայնքներում ապրող անձանց մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունքն ամրագրել՝ անկախ մոր աշխատելու հանգամանքից, ընդ որում, աշխատելու դեպքում նպաստը կկրկնապատկվի։
Այս ծրագրերի համար, ընդհանուր առմամբ, կհատկացվի ավելի քան 4, 786,000,000 դրամ։
ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ