Թրամփը հավաստիացրել է՝ Միացյալ Նահանգները պատրաստ է Թեհրանի հետ խաղաղության, բայց մինչ այդ Վաշինգտոնը Իրանի նկատմամբ հերթական ցավոտ տնտեսական պատժամիջոցներն է սահմանում, որոնք կպահպանվեն այնքան ժամանակ, քանի դեռ Իրանը չի փոխել իր վարքագիծը: «Ժամանակն է, որ Թեհրանը հրաժարվի իր միջուկային հավակնություններից»,- հորդորել է Միացյալ Նահանգների նախագահը:
Մինչ այս ելույթը աշխարհը տագնապով էր հետևում իրադարձությունների զարգացմանը, մանավանդ, որ Թեհրանը հաղորդում էր իր հարվածների հետևանքով 80 ամերիկացի զինվորների մահվան մասին՝ իհարկե, չներկայացնելով կոնկրետ փաստեր։ Այս պարագայում Վաշինգտոնի պնդումներն ավելի արժանահավատ են թվում, որովհետև ԱՄՆ կարգի դեմոկրատական երկրում պարզապես հնարավոր չէ թաքցնել զոհերի մասին տեղեկատվությունը։
Թրամփի ելույթից հետո առաջին տպավորությունն այն է, որ համաշխարհային ապոկալիպսիսը հետաձգվեց։ Իհարկե, ԱՄՆ-ի ու Իրանի հակադրությունը կշարունակվի, և առաջիկա ամիսներին դրա «տաք կետերն» ըստ ամենայնի կլինեն Իրաքը, Լիբանանը, Սիրիան, սակայն «վախճանաբանության» մասին խոսակցությունները, մեղմ ասած, չափազանցված են։ Ի դեպ, դա են վկայում նաև միջազգային հեղինակավոր ԶԼՄ-ների արձագանքները։
Իրանի իշխանությունները ամենայն հավանականությամբ չէին ձգտում, որ Իրաքում ռազմակայաններին հրթիռահարվածներ հասցնելիս ամերիկացի զինվորականներ զոհվեն: Այս գնահատումը բերված է հունվարի 8-ին CNN հեռուստաալիքի կայքում հրապարակված նյութում։ Հեռուստաալիքի վերլուծաբանների կարծիքով՝ գրոհի նպատակն ամենայն հավանականությամբ այն չէր, որ «հնարավորինս շատ ամերիկացիներ սպանվեն»: Ինչպես նշում են CNN-ի վերլուծաբանները, Իրանի իշխանությունները հավանաբար մտադիր էին ԱՄՆ-ին մարտահրավեր նետել կոնֆլիկտի զգալի էսկալացիայի նվազագույն ռիսկով:
Կարդացեք նաև
Դժվար է չհամաձայնել CNN-ի այս դիտարկման հետ, մանավանդ, որ ԱՄՆ-ն ըստ էության պատրաստ է ռազմական գործողությունների փոխարեն դիվանագիտական ճանապարհն ընտրել և նույնն ակնկալում է Իրանից։ Համենայնդեպս, սա էր Թրամփի խոսքի հիմնական ուղերձներից մեկը։
Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում