Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է ուզում իմանալ ճշմարտությունը

Հունվար 09,2020 10:00

Իրանական քարոզչությունն ասում է, որ նախորդ գիշեր Իրաքում ամերիկյան ռազմաբազաների հրթիռակոծման ժամանակ սպանվել է ամերիկացի 80 զինծառայող: Ամերիկյան քարոզչությունն ասում է, որ ոչ միայն ոչ ոք չի տուժել, այլեւ ռազմաբազաներին ոչ մի վնաս չի հասցվել: Եվ ընդհանրապես, ըստ այդ քարոզչության, Իրանն ունի սխալ բալիստիկ հրթիռներ, որոնք «ծուռ են թռնում» եւ սխալ տեղեր են ընկնում: Իսկ դավադրապաշտական քարոզչությունը, որն առավել հարգի է հայերի շրջանում, ասում է, որ  իրանցիները հատուկ են «ծուռ խփել»՝ նրանց պետք էր ցույց տալ, որ վրեժ են լուծում, իսկ մյուս կողմից՝ նրանք ի վիճակի չեն լուրջ պատերազմի մեջ մտնել Միացյալ Նահանգների հետ:

Կառավարությունները երբեք ճշմարտությունը չեն ասում իրենց ժողովուրդներին: Նրանք ասում են այն, ինչ իրենց է ձեռնտու եւ այն, ինչ իրենց ներկայացնում է «հերոսական նվաճումների» լույսի տակ: Դա շարունակվում է առնվազն 2,5 հազարամյակ, եւ ոչ մի նշույլ չկա, որ երբեւէ կդադարի: Իմանալ, թե ինչ է տեղի ունենում իրականում, շատ դժվար է: Թվում է, թե այսօր տեղեկատվական տեխնոլոգիաները նպաստում են կառավարությունների թափանցիկությանը, բայց դա էլ բացարձակ ճշմարտություն չէ: Իհարկե, լինում են դեպքեր, երբ այս կամ այն երկրում իշխանության են գալիս իդեալիստները եւ քայլեր են ձեռնարկում այդ ուղղությամբ: Դեռեւս 1970-ականների սկզբին Չիլիի նախագահ Սալվադոր Ալյենդեի նախաձեռնությամբ ստեղծվել էր «Կիբերսին» համակարգը, որի միջոցով,սոցիալիստ ղեկավարի մտահղացմամբ, խոշոր գործարանների բանվորները պիտի կարողանային մասնակցել իրենց ձեռնարկությունների կառավարմանը: Ալյենդեի նախաձեռնությամբ մշակված էր նաեւ հատուկ գործիք, որը հնարավորություն էր տալիս ցանկացած քաղաքացու իրական ժամանակի ռեժիմով գնահատել կառավարության աշխատանքը: Ալյենդեի իշխանությունն ավարտվեց այնպես, ինչպես սովորաբար ավարտվում է ցանկացած իդեալիստի իշխանություն, իսկ նրան փոխարինած Պինոչետը վերացրեց այդ համակարգերը եւ սկսեց խաղալ ավանդական կանոններով:

Սոցիալական ցանցերը, սակայն, այսօր ավելի շուտ խճճում են ճշմարտությունը, քան օգնում են դրա բացահայտմանը: Սոցցանցերի միջինացված սպառողը դյուրահավատ է, չունի քննադատական մտածողություն, հեշտությամբ է ընկնում ազդեցությունների տակ եւ ենթարկվում է մանիպուլյացիաների: Ճշմարտությունն իմանալու պահանջարկը զգալիորեն նվազել է: Բայց իրականությանը բաց աչքերով նայել ցանկացողներ, այնուամենայնիվ, կան, եւ նրանք աշխարհի մասշտաբով հարյուր միլիոնավոր մարդիկ են: Նրանց համար են աշխատում լրագրողները: Իսկ կոնկրետ այս պարագայում ամերիկացի լրագրողները, հայտնի պատճառներով, ճշմարտությունը բացահայտելու շատ ավելի լայն հնարավորություն ունեն, քան նրանց իրանցի գործընկերները:

Սակայն Միացյալ Նահանգները նույնպես պետք չէ այդ առումով իդեալականացնել: Այդ առիթով մի դասական պատմություն հիշեցի: 1967 թվականի հուլիսի 4-ին ԱՄՆ նախագահ Լինդոն Ջոնսոնը ստորագրել էր Տեղեկատվության ազատության մասին օրենքը: Այդ առիթով, ելույթ ունենալով Սպիտակ տանը, նա հայտարարել էր. «Տեղեկատվության ազատությունը նույնքան կարեւոր է հասարակության համար, որքան ազգային անվտանգությունը: Պետական պաշտոնյաները կամ առանձին քաղաքացիներն իրավունք չունեն որոշելու, թե երբ է պետք այն սահմանափակել»: Այդ բոցաշունչ ելույթից անմիջապես հետո լրագրողներից մեկը հարցրել էր Ջոնսոնին՝ կարելի՞ է ունենալ այդ ճառի պատճենը, եւ նախագահը կտրականապես մերժել էր այդ խնդրանքը:

Արամ Աբրահամյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. henri says:

    Վստահաբար արբանեակային հսկողութեամբ յառաջացած երկիրներ կարող են բան մը աւելի իմանալ,բայց ,մրցակցութիւնը այնքան կարեւոր դեր կը խաղայ որ ոչ մէկուն համար նպաստաւոր է ճշմարտութիւնը հրատարակել ,սպասելով բանակցութիւններու արդիւնքին ,/փոխադարձ համաձայնութեամբ/ .կարող են մի օր նկարներ ալ լոյս ընծայել,երբ բանը-բանէն անցած ըլլայ ։ Կը յիշէք ՞ քառօրեայ պատերազմին ՛՛նշանաւոր 200 մեթրը ՛՛ որ աւելի ուշ դարձաւ
    800 հեկտար …

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031