Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Փակ հաստատություններում մահվան դեպքերի կանխարգելման քայլերը մնում են անբավարար. ՄԻՊ

Հունվար 08,2020 22:00

Երեկ ՔԿՀ-ում կալանավորված անձի մահվան կապակցությամբ Պաշտպանը սկսել է քննարկման ընթացակարգ. փակ հաստատություններում մահվան դեպքերի կանխարգելման քայլերը մնում են անբավարար

2020 թվականի հունվարի 7-ին ժամը 14:50-ի սահմաններում Մարդու իրավունքների պաշտպանի «թեժ գծի» հեռախոսահամարին զանգահարել է քաղաքացի և հայտնել, որ իր եղբայրը՝ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Կարեն Ծաղիկյանը, գտնվում է առողջական ծանր վիճակում. ստացել է սրտի կաթված, սակայն քրեակատարողական հիմնարկում

բժշկական օգնություն չի ցուցաբերվում: Ըստ դիմումատուի՝ Կ. Ծաղիկյանն ունի անազատության մեջ պահվելու հետ անհամատեղելի հիվանդություն:

Ահազանգից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի իրավասու ներկայացուցիչը կապ է հաստատել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի հետ:

Ստացվել են պարզաբանումներ այն մասին, որ Կ. Ծաղիկյանի համար 2020 թվականի հունվարի 6-ին քրեակատարողական հիմնարկ է հրավիրվել շտապ բժշկական օգնության ծառայության բրիգադ, տեղում իրականացվել է էլեկտրասրտագրություն (կարդիոգրամա): Ըստ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի ներկայացուցչի՝ շտապ բժշկական օգնության ծառայության բրիգադի բժիշկները տեղեկացրել են, որ Կ. Ծաղիկյանը սրտի հետ կապված խնդիրներ չունի, իսկ ինքնազգացողության վատթարացումը կապված է եղել մկանային ցավերի հետ:

Տրամադրված տեղեկությունների համաձայն՝ Կ. Ծաղիկյանը գտնվել է բժշկական հսկողության ներքո, և անհրաժեշտության դեպքում քրեակատարողական հիմնարկը նորից կհրավիրվի շտապ բժշկական օգնության ծառայության բրիգադ:

Նշված տեղեկությունները փոխանցվել են Կարեն Ծաղիկյանի եղբորը, ինչպես նաև նրան տրամադրվել է խորհրդատվություն:

Նույն օրը ժամը 22:00-ի սահմաններում Կ. Ծաղիկյանի եղբայրը կրկին զանգահարել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին և հայտնել, որ նա մահացել է: Դիմումատուն խնդրել է հետամուտ լինել եղբոր մահվան հանգամանքների պարզմանը:

Հունվարի 8-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից տրամադրել են պարզաբանումներ այն մասին, որ արդեն իսկ քայլեր են ձեռնարկվում Կ. Ծաղիկյանի մահվան պատճառները պարզելու ուղղությամբ:

«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի կալանավորված Կարեն Ծաղիկյանի մահվան կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանը սեփական նախաձեռնությամբ սկսել է քննարկման ընթացակարգ և նախնական գրություն հասցեագրել ՀՀ արդարադատության նախարարություն:

Հաշվի առնելով ՔԿՀ-ում կալանավորված անձի մահվան դեպքը՝ Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում արձանագրել, որ ազատությունից զրկման վայրերում մահվան դեպքերի առնչությամբ համակարգային առումով պետք է կատարվեն ուսումնասիրություններ՝ դրանց պատճառների վերհանման ու լուծումների նախանշման ուղղությամբ:

Այդպիսի աշխատանքներ տարիներով չեն իրականացվել ինչը նշված է նաև Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներում: Իրավասու պետական մարմինների կողմից նման դեպքերի կանխարգելմանն, ինչպես նաև միջազգային չափանիշներին համահունչ անհրաժեշտ իրավական և գործնական կառուցակարգեր ներդնելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը դեռ մնում են անբավարար:

Քրեակատարողական համակարգում կա բժշկական օգնության և սպասարկման ոլորտում բարեփոխումները սպառիչ ավարտին հասցնելու կարիք. կարևոր է, որ ազատությունից զրկման վայրերում պահվող անձանց հասանելի լինեն բժշական օգնության և խնամքի պատշաճ ծառայություններ, ընդ որում՝ այնպիսի պայմաններով, որ ապահովվում են քաղաքացիական բուժական հիմնարկներում: Պատշաճ աշխատանքային պայմաններ և երաշխիքներ են անհրաժեշտ բժշկական անձնակազմերի համար:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031