Դեռևս դեկտեմբերի 27-ին պարզ էր, որ դատախազությունը մերժելու է «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Թավադյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը։ Նրա խոսքով՝ որևէ ակնկալիք Դատախազությունից չի եղել, այլ սա պարզապես հնարավորություն էր, որ Դատախազությունն ուղի իր սխալն՝ առանց մեծ աղմուկի։
Նրա խոսքով՝ ի սկզբանե պարզ էր, որովհետև նման գործերն առանց քննչական մարմնի և դատախազության նախնական համաձայնության սովորաբար չեն կատարվում։ «Սա այն շարքային գործը չէր, որի շրջանակներում քննչականը կարող է ինչ-որ սխալ անել, հետագայում դատախազությունը հետևի և ուղղի սխալը»,-նշեց փաստաբանը՝ շեշտելով, որ հանդիպում է ունեցել հսկողություն իրականացնող դատախազի հետ, որից տպավորություն էր ստեղծվել, որ շաբլոն ձևակերպումներով միջնորդությունը մերժվելու է։ Խուդոյանը նշեց, որ այսօր բողոք կներկայացվի Վերաքննիչ դատարան՝ խափանման միջոցի կիրառման դեմ։ «Եթե արհեստական խոչընդոտներ չստեղծվեն, ակնկալում ենք, որ եկող շաբաթ արդեն դատական նիստ կհրավիրվի»,- ասաց Խուդոյանը։
Ինչ վերաբերում է Թավադյանի գույքի վրա կալանք դնելու մասին, Խուդոյանը նշեց, որ նման տեղեկություն այս պահին չկա, բայց փորձը հուշում է, որ այդ քայլին ևս կգնան։ «Որովհետև Արմեն Թավադյանի հասցեում խուզարկությունների ժամանակ առգրավվել են դրամական միջոցներ, որը որևէ կերպ տրամաբանություն չի կարող ունենալ և չի կարող կապվել կոնկրետ գործի հանգամանքների հետ»,- ընդգծեց Խուդոյանը՝ հավելելով, որ դրանք եղել են այն միջոցները, որոնք Թավադյանը ներդնում էր մեդիագործունեության մեջ, ինչից տպավորություն է ստեղծվում, որ թիրախավորվում է ոչ միայն Արմեն Թավադյանի հասարակական-քաղաքական գործունեությունը, այլև՝ մեդիագործունեությունը։ Նրա խոսքով՝ պատրաստվում են դիմել նաև նշված միջոցները վերադարձնելու համար։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Դատախազությունը մերժել է «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխարինելու վերաբերյալ փաստաբանի միջնորդությունը։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 27-ին Հովհաննես Խուդոյանը հայտարարել է, որ ԶԼՄ ներկայացուցիչները՝ որպես հարգանքի դրսևորում իրենց գործընկերոջ նկատմամբ, պատրաստակամություն են հայտնել երաշխավորելու, որ պարոն Թավադյանը, գտնվելով ազատության մեջ, որևէ խոչընդոտ չի հանդիսանա քրեական գործի համար եւ համապատասխան միջնորդությունը նույն օրն առձեռն փոխանցել դատախազություն։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Թավադյանին մեղադրանք է առաջադրվել «Մարտի 1»-ի գործով տուժողին ենթադրաբար կաշառելու մեջ։
Դեկտեմբերի 19-ին ոստիկանությունը տեսանյութ էր տարածել, ըստ որի Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մեկը Քանաքեռում գտնվող իր գրասենյակ է հրավիրել մարտի 1-ի դեպքերից տուժած անձանցից մեկին ու առաջարկել հրաժարվել տուժողի կարգավիճակից, տված ցուցմունքից և չներկայանալ դատական նիստերին՝ հայտնելով, որ պատրաստ է վճարել այն գումարը, որը պետք է պետությունը տրամադրի որպես դրամական աջակցություն։ Բացի այդ խոստացել է, որ իշխանափոխությունից հետո տուժողին կնշանակեն բարձր պաշտոնի։ Դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել, որով նախաքննությունը կատարվում է ՀՔԾ-ում։
«Փաստինֆո»-ն ավելի վաղ հայտնել էր, որ նախաքննական մարմինը ոստիկանության կողմից ներկայացված արարքը որակել է սուտ ցուցմունք տալու համար տուժողին կաշառելը, որ կատարվել է կազմակերպված խմբի կողմից եւ մեղադրանք առաջադրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ենթադրյալ աջակից՝ ավելի վաղ ձերբակալված Վ.Մկրտչյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով, եւ նրան ազատել արգելանքից։ Փոխարենը նույն օրը ձերբակալվել է հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանը, ապա նաեւ կալանավորվել՝ նույն մեղադրանքով։ Տարածված տեղեկատվությանն արձագանքել էր նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանը` նշելով, որ ոստիկանական այս «օպերացիային» կարող են հաջորդել նոր ձերբակալություններ` չբացառելով նաեւ Ռ.Քոչարյանի որդիներից մեկի ձերբակալությունը: Լևոն Քոչարյանը հայտարարել է, որ երկու տարի շարունակ պնդել են, որ նպատակ չունեն գործի քննությանը խոչընդոտելու և ոչ էլ ցուցմունք կա, որը ցանկություն են ունեցել փոխելու։
Անդրադառնալով ոստիկանության տարածած տեսանյութին՝ նա նշել է երկու տարբերակ՝ կամ աջակիցն է երեք ամիս առաջ հայտնվել հատուկ նպատակով կամ էլ նրա մուտ ուղարկված մարդը։ Այսինքն՝ երկու դեպքում էլ նա նշել էր, որ դա կազմակերպված է եղել իշխանությունների կողմից։ «Աբսուրդ է, որ նման բան անի մի մարդ, ում ճանաչում ենք երեք ամիս»,- հայտարարել է Լեւոն Քոչարյանը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան