1999թ. դեկտեմբերին Երևանի Սարյան 1ա հասցեում բացվեց Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստրը, որը համահայկական նոր ծրագրի սկիզբ դրեց: Իսկ 2000 թվականի հունվարի 8-ին կամավորագրվեցին ցողունային բջիջների առաջին դոնորները և ՀՀ կառավարության որոշմամբ հունվարի 8-ը Հայաստանում նշվում է Ցողունային Բջիջների Դոնորների Օր:
Հայկական Ռեեստրը Ոսկրածուծի Դոնորների Համաշխարհային կազմակերպության լիիրավ անդամ է: 2006 թվականին ռեեստրի լաբորատորիան ստացել է Եվրոպական Իմունոգենետիկների Ֆեդերացիայի (EFI) հավատարմագիր, իսկ արդեն 2007 թվականին բացվեց ցողունային բջիջների հավաքման, մշակման և պահպանման բաժինը: Այսպիսով, ցողունային բջիջների հավաքումը հնարավոր եղավ իրականացնել Հայաստանում:
Իր 20 ամյա գործունեության ընթացքում ռեեստրը ունեցել է մեկ կարգախոս՝ հետևել միջազգային ստանդարտներին գործունության բոլոր ասպարեզներում: Ռեեստրի լաբորատորիան Հայաստան բերեց Որակի հսկման միջազգային քննություններին մշտական մասնակցության մշակույթը, որը ցանկացած լաբորատորիայի որակի միակ ցուցանիշն է ամբողջ աշխարհում:
Այսօր Հայաստանը դարձել է տարածաշրջանում իմունոգենետիկայի և փոխպատվաստման ասպարեզում շարունակական ուսուցման և փորձի փոխանակման ակտիվ կենտրոններից մեկը: Ռեեստրի պարբերաբար կազմակերպած միջազգային գիտաժողովներին հրավիրված ոլորտի անվանի մասնագետները իրենց փորձն ու գիտելիքներն են կիսում մասնակիցների հետ: 2019 Հոկտեմբերին տեղի ունեցավ Իմունոգենետիկայի Եվրոպական Ֆեդերացիայի 8րդ Տարածաշրջանի Բալկանյան Որակի Վերահսկման Տարեկան գիտաժողովը, որի ընթացքում հիմնադրամի նախագահ դոկտոր Ֆրիդա Ջորդանը ամփոփեց ռեեստրի 20 ամյա գործունեությունը և նշեց զարգացման հետագա ուղղությունները: Ժողովի ժամանակ դասախոսություններով հանդես եկան ռեեստրի բազմամյա գործընկերները աշխարհի տարբեր ծայրերից, որոնք այս տարիների ընթացքում կանգնած են եղել ռեեստրի կողքին իրենց մասնագիտական խորհուրդներով և օգնելու պատրաստակամությամբ:
Կարդացեք նաև
Այսօր ռեեստրը հպարտությամբ կարող է խոսել կամավորագրված ավելի քան 31.000 դոնորների, 33 փոխպատվաստումների մասին: Ցողունային բջիջներ են նվիրաբերել մեր հայրենակիցները Հայաստանից, Իրանից, Միացյալ Նահանգներից: Նրանց մեջ կան բուժաշխատողներ, զինվորականներ և տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ, որոնց միավորում է մարդասիրությունը և ուրիշին օգնելու մեծ ցանկությունը:
Յուրաքանչյուր հաջող փոխպատվաստման հետևում մահվան ճիրաններից փրկված կյանք է: Դա հնարավոր է դառնում տարբեր երկրներում գործող ցողունային բջիջների կամավոր դոնորների ռեեստրների համաձայնեցված և ճշգրիտ աշխատանքի շնորհիվ: Այս գործի նվիրյալները ձեռք-ձեռքի տված, չճանաչելով սահմաններ, ազգային պատկանելիություն կամ դավանանք, փորձում են գտնել այն մեկին, որ կյանքի հույս կպարգևի սպասման ցուցակներում գրանցված բազմաթիվ հիվանդների:
Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստրը իր ավելի քան 31000 դոնորներով աշխարհի 30 միլիոն կամավոր դոնորների փոքր, բայց կարևոր մաս է կազմում:
Սրանք 30 միլիոն բարի սրտեր են՝ սպասումով, որ մի օր կկարողանան փրկել գոնե մի կյանք:
Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստր