Արդեն համացանցում է պոլսահայ երգչուհի Սիպիլի և ավստրալահայ դաշնակահար Արայի առաջին համատեղ տեսահոլովակը՝ հանրահայտ «Անաստասիա» մուլտֆիլմի ամենասիրված ստեղծագործության՝ «Once upon a December»-ի cover տարբերակը։
Այն առաջին պահից սիրվեց դիտողների կողմից՝ արժանանալով «հուզիչ», «հեքիաթային», «կախարդական» և այլ կարծիքների։ Թեև համագործակցության որոշումը կայացվել էր երկու տարի առաջ, սակայն միայն այս դեկտեմբերին ստացվեց Սիպիլի և Արայի միաժամանակ հայրենիքում լինելը։
Սիպիլը պատմում է. «Նախ ստացա տեսաուղերձ, որտեղ Արան նվագում էր «Once upon a December»-ը, ապա եկավ երկտող՝ «Սիպիլ, այս դեկտեմբերին կերգե՞ս ինձ հետ»։ Ունեինք միայն 10 օր՝ թե՛ ձայնագրության, թե՛ նկարահանման համար»։ Այնուհետև, համագործակցությանը միացավ նաև «The Beautified project» – ի թավջութակահար Ալեքս Միրզոյանը, ով արդեն իր մասնակցությունն է ունեցել Սիպիլի մի շարք ստեղծագործություններում։
Երգարվեստում Սիպիլի ունեցած ձեռքբերումները բազմաթիվ են՝ «Կախարդական Ձայն»(2012թ), «Հայ երգի դեսպան» (2012թ), «Սփյուռքի լավագույն երգչուհի» (2014թ.), «Ծիծեռնակ»՝ սփյուռքի պահպանության և հայ երգը լավագույնս տարածելու համար (2017թ.), արժանացել է նաև մի շարք շքանշանների և պատվոգրերի: Սիպիլը համերգներով շրջագայել է Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում, Եվրոպայի մի շարք երկրներում, Ռուսաստանում, Պարսկաստանում, Լիբանանում և այլն։ 2019 թ. դեկտեմբերից ներկայացնում է «Sibil la Reine» հայկական զարդերի և հագուստի պարագաների ապրանքանիշը։
Ավստրալահայ դաշնակահար և կոմպոզիտոր Արան ունի բնատուր տաղանդ: Չունենանով երաժշտական կրթություն և նոտաներ չընթերցելով` նա ստեղծագործում է բացառապես լսողությամբ և կրկնակի դափնեկիրն է Մելբուրնի համերգասրահի «Լավագույն խմբավար» մրցանակի: Սպորտային պարերի ոլորտում տասնամյակ ձգվող կարիերայի ընթացքում DanceSport միջազգային ֆեդերացիայի կողմից Արան երկու անգամ արժանացել է սպորտային պարերի Ավստրալիայի ազգային չեմպիոնի կրկնակի և նահանգային եռակի չեմպիոնի կոչումներին: Արայի` պարողի աստղային կարիերան մեկնարկել է ABC-ի «Ստրիքթլի դենսինգ» հեղինակավոր հաղորդաշարին մասնակցությամբ։ Արան չեխական «Պետրոֆ» դաշնամուրների ապրանքանիշի դեսպանն է և «Թաթեոսյան Լոնդոն» հայտնի ապրանքանիշի դեմքը։
«Պատասխան 100 տարի անց» նախագիծ