Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Աստղաբաշխական պարգևավճարներին որ վերջ տաք, մի քանի կոպեկ խնայելու համար ծննդատուն չեք փակի»․ Մարալիկում բողոքի ակցիան շարունակվում  է

Հունվար 08,2020 16:12

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Մարալիկում առողջության կենտրոնի դիմաց ոտքի էին ելել Անիի տարածաշրջանի բնակիչները՝ փակելով անցնող Գյումրի-Երևան միջպետական ճանապարհը ու  պահանջելով վերանայել  ծննդաբերական բաժանմունքը փակելու մտադրությունը։

Ծննդաբերական բաժանմունքի աշխատակիցների հավաստմամբ, դեկտեմբերի 30-ին իրենց նախազգուշացրել են՝ փակել  բաժանմունքի դռները, բանալին տալ  ու ընդմիշտ հեռանալ։ Մինչդեռ, ըստ աշխատակիցների, այս ծննդատունը 24 հազար բնակչություն ունեցող  խոշորացված համայնքի  17 գյուղերի է սպասարկում։ Ավելին, այն 3 տարի առաջ տեղը տեղին վերանորոգվել  է իտալացիների կողմից։

«Փաշինյան ջան, խնդրում ենք լուծել այս հարցը։ Եթե  վերջ դնեք այդ աստղաբաշխական պարգևավճարներին, չնչին գումարի համար ծննդատուն չի փակվի։ Ինչի՞ համար է փակվում, նախարար Թորոսյանը մի անգամ չի բարեհաճում  մտնել Մարալիկ, թեև Գյումրի գնալիս՝ Մարալիկով է անցնում։ Մարալիկի հիվանդանոցի մասին այդ մարդը ոչ մի տեղեկություն չունի, Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչությունից թյուր տվյալներ են գնում  նախարարություն։  3-4 մասնագետ բերելն է հեշտ, թե՞ փակելը։ Մի գրչի հարվածով փակո՞ւմ եք։ Դեկտեմբերի 30-ին վրեքս գազն են անջատում, լույսն են անջատում, թե տուն գնացեք, վերջ․․․ Ինչի՞ համար։ Խնդրում ենք Փաշինյանին, պարոն Փաշինյան, հեղափոխություն արեցինք ու պիտի այս հարցին լուծում տաք», – ասաց աշխատակիցներից մեկը՝ Նարինե Սարոյանը։ Նա նաև նշեց, որ ծնունդների թիվը կավելանա Մարալիկի ծննդաբերական բաժանմունքում,  եթե ուշադրություն դարձնեն  տրանսպորտի աշխատանքին․ գյուղերից շատերը զրկված են տրանսպորտային միջոցներից։

«46 տարվա աշխատող եմ, երեկոյան երկու հատ ծնունդ եմ ընդունել․ մեկն Ախալքալաքից է  եկել, հասել ու ծննդաբերել է, մյուսն էլ Մոսկվայից հետ եկել է այստեղ ծննդաբերելու, աշխատում ենք մեզ համար հանգիստ, ոչ մի փորձանք, ոչ մի դեպք չի եղել, էսօրվա օրն ասում են՝ գնացեք, հանգիստ նստեք տներդ։ Ինչի՞ համար, 12 աշխատող ունենք, այս տարի 106 ծնունդ ենք ընդունել, դրանից առաջ 126, 150, շատ ենք ընդունել։ Վերջը 17 գյուղի ենք սպասարկում», -ասաց Սիլվարդ Սիմոնյանը։

Աշխատակիցները նշում են, որ մասնագետների կարիք կա, օրինակ՝ վիրաբույժը երեք ամիս առաջ է մահացել։

«Որտեղ գինեկոլոգ է մահանում, պետք է հետևից հիվանդանոցը փակվի՞»,- հարցնում են նրանք։

Ճանապարհ փակած բնակիչներն էլ զայրացան, թե միլիոնավոր գումարներ է ծախսվել, հիվանդանոցը վերանորոգվել  է, որ փակե՞ն։

«Հիվանդանոցը տանում են, համայնքապետարանը չկա, փակ է, զինկոմը տարան, հարկայինը չկա, տարան, գանձապետարանը տարան, ԳԱԻ-ն տարան, դիահերձարանը տարան, մեռելին գրկած՝ Գյումրի ես վազում, մեռելը տիրոջ վրա կրկնակի թանկ է նստում , հիմա էլ հերթն հասավ հիվանդանոցին։ Մենակ երաժշտական դպրոցն է աշխատում, այսինքն ուզում են ասել ՝ ստեղ մարդ չկա՞ ուրեմն։ Վերջը Մարալիկը քաղաք է, եթե սաղ պիտի տանեք, ինչո՞ւ է Մարալիկը Երևանի հարկերով հարկվում։ Սաղ ծախեցին, այ մարդ, Սանէպիդը ծախեցին մասնավորին, դիահերձարանն էլ  ծախեցին, բան չմնաց․․Մեզ էլ աքսորեք Ալտայսկի կռայ, գնանք էնտեղ ապրենք »,- վրդովված էին բնակիչները։

Մարալիկի առողջության կենտրոնի տնօրենի ժ/պ  Վռամ Մելիքյանն ասում է, որ Մարալիկին ծննդատուն շատ է պետք, 17 համայնքների է սպասարկում, ժողովուրդն էլ  շատ վատ է ապրում, Գյումրի հասնելը ծախսատար է,  չհաշված որ  ճանապարհին կարող են խնդիրներ առաջանալ ։

Ըստ նոր չափորոշիչների, ծնունդների թիվը 150-ից ավելի պետք է լինի, մակարդակ պիտի շնորհվի, անցած տարի պայքարել են, որ չփակվի ծննդատունը։  Ըստ նրա, մասնագետների պակաս կա, վարձատրությունն այնքան ցածր է, կես դրույքը՝ 40 հազար դրամ է,  որ չեն գալիս աշխատելու, բացի այդ տուն պիտի հատկացվի նրանց։

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, որը եկավ բողոքավորների հետ հանդիպման, նրանց ասաց, որ երկու տարուց ավելի է փակելու հարցը եղել է օրակարգում, ու իր մոտեցումը եղել է այն, որ շարունակի գործունեությունը, հատկապես որ  ճանապարհի խնդիրը չեն լուծել։ «Երբ որ տնօրենը ստացել է տեղեկացում,  ես դեռ փաստաթուղթ չեմ ստացել, խոսել եմ նախարարի հետ, խնդրել եմ նախարարին, ներկայացուցիչ է ճանապարհել, դուրս են եկել, հիմա կգան, բոլոր հարցերը տեղում կքննարկեն»,- ասաց մարզպետը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031