Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանապարհային երթևեկության բալային համակարգով նախատեսվում է կրկնակի պատասխանատվություն նույն արարքի համար, ինչը անթույլատրելի է. «Ժամանակ»

Հունվար 08,2020 12:33

Ինչպես հայտնի է, հունվարի 1-ից ուժի մեջ է մտել ճանապարհային երթևեկության բալային համակարգը։ Այդ ֆոնին շարունակվում են բուռն քննարկումները դրա վերաբերյալ, հնչում են կողմ և դեմ կարծիքներ։ Շատերը քննարկում են նոր համակարգի առավելությունները, ոմանք էլ մատնանշում են իրավական առումով թերությունները և բացերը։

Փաստաբան Դավիթ Ասատրյանն ասաց, որ բալային համակարգն ինքնին լավ համակարգ է, բայց դրա կիրառությունը սխալ է, և ներկա օրենքում բազմաթիվ խնդիրներ կան՝ սկսած նույն արարքի համար կրկնակի պատասխանատվությունից, վերջացրած վարչարարությամբ: «Նույնիսկ օրենքում կան սխալ ձևակերպումներ, որը հապճեպ աշխատանքի, ոչ պատշաճ աշխատանքի հետևանք է։ Ես համոզված եմ, որ 2-3 ամիս հետո ԱԺ-ն նոր օրենք է ընդունելու, քանի որ ներկա օրենքը և դրա կիրառությունը լրջագույն խնդիրներ են առաջ բերելու»,- ասաց Ասատրյանը։

Փաստաբանի խոսքով՝ այս օրենքով նախատեսվում է կրկնակի պատասխանատվություն նույն արարքի համար, ինչը անթույլատրելի է:

«Ավելին, այս օրենքով ոչ միայն նույն իրավախախտման համար կրկնակի պատասխանատվություն է նախատեսվում, այլև լուրջ իրավունքի խախտում է առաջ գալիս, երբ վարչական պատասխանատվությունը երբեմն հատվում է քրեական պատասխանատվության հետ։ Վարչական պատասխանատվությունն իր խստությամբ երբեմն այնքան խիստ է, որ անցնում է քրեական պատասխանատվության շեմը։ Օրինակ՝ վարչական պատասխանատվության նվազագույն շեմը 50 հազար դրամն է, իսկ այս դեպքում վարչական պատասխանատվություն է նախատեսվում, որը անցնում է այս շեմը։ Իսկ Եվրոպական դատարանը կոնկրետ գործով կայացրել է որոշում, որով վարչական պատասխանատվությամբ որոշակի գործեր, նույնիսկ ճանապարհային երթևեկության գործերով կարող են համարվել քրեական պատասխանատվություն կոնվենցիայի իմաստով, և կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված երաշխիքները պետք է ապահովվեն։ Իսկ այս օրենքով այդ երաշխիքները չկան։ Կանխավարկածով, որ խախտում կատարածը սեփականատերն է, տուգանքը ուղարկում են սեփականատիրոջը, որը լուրջ խնդիր է»,- ասաց փաստաբանը։

Հաջորդ խնդիրը, ըստ մեր զրուցակցի, այն է, որ այս իրավական նորմերը, որոնք սահմանված են, չեն նախատեսում արդյունավետ դատական պաշտպանության իրավունք։ Հայտնի է, որ այս օրենքի հետ ընդունվեց նաև պետական տուրքի մասին օրենքի փոփոխությունը, որտեղ դատարան դիմելու համար նախատեսվել է 4000 դրամ պետական տուրք, և եթե դրան գումարենք վերաքննիչ դատարանի համար 10 հազար, իսկ վճռաբեկ դատարանի համար՝ 20 հազար դրամ տուրքը, ապա ստացվում է, որ անձը իր իրավունքները պաշտպանելու համար ընդհանուր առմամբ առավելագույնը պետք է վճարի 34 հազար դրամ պետական տուրք, որը, մեր զրուցակցի խոսքով, խոչընդոտում է դատական պաշտպանության իրավունքը, և անձինք չեն դիմում դատարաններ, որը ևս լուրջ խնդիր է։

«Իրականում 6 ամսով կամ 1 տարով մարդուն վարորդական իրավունքից զրկելը շատ խիստ է։ Կատարված փոփոխություններով արդեն այն դեպքերում, երբ օրենքով մարդու իրավունքի կասեցում կամ վատթարացում է արձանագրվում, ուժի մեջ է մտնում կայացման պահին, իսկ նախկինում վարչական ակտերը բողոքարկման դեպքում ուժի մեջ չէին մտնում։ Սա ենթադրում է, որ տաքսու վարորդը, որը ընտանիքի ապրուստը հոգալու համար տրանսպորտային միջոց է վարում և իրավախախտում կատարելու դեպքում զրկվում է վարորդական իրավունքից, նրա ընտանիքում լուրջ ֆինանսական խնդիրներ կարող են առաջանալ։ Իսկ նրա դատական պաշտպանության իրավունքը՝ հատկապես մեր դատարաններում, կտևի 3-4 տարի, գուցե ավելի շատ։ Ստացվում է, որ այդ տաքսու վարորդի ընտանիքը 3-4 տարի պետք է սպասի, մինչև դատը վերջանա, նոր նրա վարորդական իրավունքի հարցը լուծվի, որպեսզի այդ քաղաքացին նորից սկսի աշխատել։ Այնպես որ՝ օրենքը իրավական առումով բազմաթիվ թերություններ ունի, կիրառությունից հետո բազմաթիվ խնդիրներ են ի հայտ գալու, և օրենսդիրը, տեսնելով, որ որոշ նորմեր սխալ են ձևակերպված, շտկելու է, բայց մինչ այդ բազմաթիվ զոհեր ենք ունենալու, բազմաթիվ ճակատագրեր կարող են խաթարվել։ Վարորդական իրավունքից զրկելը սեփականության իրավունքից զրկել է, որն էլ նշանակում է զրկել մարդուն իր ապրուստի հնարավորությունից։ Հասկանալի է, նա իրավախախտ է, պետք է պատասխանատվության ենթարկվի, բայց հարց է՝ նախատեսված պատիժները արդյո՞ք այն արդյունավետ միջոցներն են»,- ընդգծեց Դավիթ Ասատրյանը։

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031