«Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը տարեվերջին հայտարարեց՝ ավարտվում է գործող իշխանություններին աջակցողի իրենց դերակատարությունը, և գալիք 2020-ից հանդես են գալու իբրև արմատական ընդդիմություն՝ օրակարգում ունենալով արտահերթ ընտրությունների անցկացումն ու իրական «սպիտակների» բևեռ ստեղծելու ծրագիրը։ «Ծռերի» համոզմամբ՝ գործող իշխանությունը չունի համակարգային փոփոխություններ կատարելու բավարար կամք և կարողություն, հետևաբար, ինչպես նշված է կուսակցության տարածած հայտարարության մեջ, ժամանակն է, որ «իրեն սպիտակ երևակայող ներկայիս իշխանությունը ունենա իրական այլընտրանք»։
ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանի դիտարկմամբ՝ «Սասնա ծռերը» միշտ էլ արմատական ընդդիմություն է եղել: «Այն ժամանակ մի քիչ այլ ձևով, հիմա արդեն քաղաքական ընդդիմություն են լինելու, ինչ-որ տեղ սահմանապահ ընդդիմություն։ Զինված հեղափոխությունից դեպի քաղաքականություն անցումը հենց այդ սահմանն է։ Կարծում եմ՝ ողջունելի է։ Եթե «Լուսավոր Հայաստանը» գերթավշյա ընդդիմության սահմանն է, այսինքն՝ այնքան թավշյա, որ չի հասկացվում՝ իշխանական կուսակցության մասնաճյո՞ւղ է, թե՞ ընդդիմություն, և հիմա նաև «Սասնա ծռերը»։ Մնում է ձևավորվի քաղաքական ընդդիմության կենտրոնը»,- ասաց նա։
Միևնույն ժամանակ Արշակյանն ընդգծում է՝ ցավալի է, որ մինչ այս պահը քաղաքական դաշտն այդտեղ է գտնվում. «Անշուշտ արդեն պետք է լուրջ քաղաքական ընդդիմություն լիներ, Սահմանադրությունը պետք է լուրջ քննարկման առարկա լիներ, ոչ թե ներքին անձնական խնդիրները։ Նույնիսկ տոնական օրերին՝ որկրամոլության օրերին, քաղաքական ուժերը պետք է զբաղված լինեին Ընտրական օրենսգրքի, Կուսակցությունների մասին օրենքի, Սահմանադրության տարբերակների մշակմամբ։ Թե չէ ասում են՝ ես ընդդիմություն եմ, որովհետև եթե իշխանություն չեմ, Սահմանադրությամբ՝ ընդդիմություն եմ։ Բայց այդպես չի լինում, ընդդիմությունը պետք է լինի այլ գաղափարներով և անհաշտ լինի գործող իշխանությունների հետ։ Նրանց ճանապարհները տարբեր տեղեր պետք է գնան։ Այդ իմաստով մենք հետ ենք մնացել, մաղթում եմ, որ այս տարի իրական ընդդիմություն ձևավորվի։ Մաղթում եմ, որ լինի պայքար, բանավեճ, հակամարտություն»։
Մարիամ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում