Վերջին օրերին համացանցում լուսանկարներ եւ տեղեկություն էր հրապարակվել, որ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը զորամասերից մեկում հանդիպել է զինվորների հետ եւ շփվել ոչ պատշաճ: Գրառումների հեղինակները պատգամավորին ակտիվորեն քննադատում են, որ նա ժամանակին խուսափել է զինվորական ծառայությունից եւ, հետեւաբար, զինվորականի հետ շփվելու կարգը չգիտի:
Aravot.am-ը Արման Բաբաջանյանին դիմեց՝ մեկնաբանել տեղեկությունը:
-Ի՞նչ կասեք այդ գրառումների մասին:
-Ճիշտն ասած, այդ գրառումները չեմ տեսել: Եթե դրանք վերաբերում են Արցախ կատարած իմ այցելությանը, ես այդ զորամաս պարբերաբար այցելում եմ: Ես զինվորների հետ շփվելու, Ամանորը եւ Սուրբ Ծնունդը շնորհավորելու առիթ էի փնտրում, եւ իմ խնդրանքով այդ զորամասի հրամանատարությունը սիրով համաձայնեց ինձ այդպիսի առիթ ընձեռել:
Կարդացեք նաև
Ես այդ գրառումները չեմ էլ կարեւորում:
Ինչ վերաբերում է ձեռքերս գրպանում կամ խաչած ձեռքերով կանգնելուս, ես ընդամենը զինվորների հետ եղել եմ նույն հարթության վրա: Դա ազատ շփում էր: Եվ ցուրտ էր: Դրա մեջ, կարծում եմ, որեւէ արտառոց բան չկա:
Գիտեմ, որ գրառումների հիմնական մտահոգությունը շարային պահն է եղել: Շարային հարց չկար, մենք ուղղակի հանգիստ զրուցել ենք առանց հրամանատարների, առանց պատասխանատուների, որոնք մի փոքր այն կողմ էին: Զրուցում էինք զինվորների հոգսերից, նոր սննդակարգից, նոր սպառազինությունից, այն ոգեւորությունից, որ իրենք ունեին:
-Պարբերաբար, իսկ այս օրերին՝ հատկապես, համացանցում հիշում են, որ դուք ժամանակին խուսափել եք բանակից:
-Դրա մասին այնքան շատ է խոսվել: Ինչ կարող եմ ասել: Ինչ ասել է՝ խուսափել բանակից: Ուսումնառության բերումով Գեւորգյան ճեմարանից ազատված եմ եղել: Այն ժամանակ Գեւորգյան ճեմարան ընդունելությունը քեզ միանգամից ազատում էր զինվորական պարտականությունից: Այդպիսի նորմ գործել է նաեւ իմ նկատմամբ: Դրանից հետո մեկնել եմ Միացյալ Նահանգներ, սովորել եմ Ջորջթաունի համալսարանում: Այն ժամանակվա կառավարությունը ուներ համալսարանների ցանկ, որոնք քեզ ազատում էին: Եվ 30 տարեկանում, երբ վերադարձա Հայաստան, խոսել զինվորական ծառայությունից խուսափելու մասին, մի քիչ անհեթեթ էր: Եվ առնվազն այն հնարավորությունները, որոնք այդ պահին առկա էին օրինական կարգով ձեւակերպելու իմ չծառայելու հանգամանքը եւ այն խտրական վերաբերմունքը, որ դրսեւորվեց 2006 թվականին իմ նկատմամբ, ակնհայտ էր:
Վերջերս մի օրինագծի շուրջ աշխատանք էինք տանում, պարզվեց, որ առհասարակ 2003 թվականի մարտի 1-ից գործող պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած 27 տարին լրացած անձանց համար գործող օրենքի շրջանակներում միակ անձը, որ ազատազրկվել է եւ այդքան մեծ պատժաչափով՝ 3,5 տարի, դա ես եմ:
-Այսինքն, ուզում եք ասել, որ զինծառայությունից խուսափելու համար դատելով, ձեր հետ անարդա՞ր են վարվել:
-Այո: Եվ դա նախկին քաղաքական իշխանության որոշումն է եղել:
-Իսկ բանակից ազատվելու նպատակով փաստաթղթեր է՞լ չեք կեղծել:
-Եթե հետեւել եք գործին, այդ մասով ես արդարացվել եմ հենց առաջին ատյանում, որից հետո վճիռը գնացել է վերաքննիչ դատարան՝ բացառապես ծառայությունից խուսափելու համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ