Ուկրաինայի միջազգային ավիաուղիներին պատկանող Boeing 737 օդանավը կործանվել է Թեհրանի Խոմեյնիի անվան օդանավակայանից օդ բարձրանալուց հետո: Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն՝ վկայակոչելով իրանական լրատվամիջոցները:
Օդանավը թռիչք էր իրականացնում Իրանի մայրաքաղաքից դեպի Կիև: Օդանավում եղած ուղևորների թիվը հստակ չէ, այն տատանվում է 170-180-ի միջակայքում: Ըստ իրանական լրատամիջոցների՝ բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվել են: Ավելի ուշ այդ տեղեկատվությունը հաստատել է նաև Ուկրաինայի ԱԳՆ-ն:
Իրանական լրատվամիջոցների տվյալներով՝ ողբերգությունը տեղի է ունեցել «տեխնիկական խնդիրների» պատճառով: Կարճ ժամանակ անց համացանցում տարածվել է նաև օդանավի կործանման տեսանյութը, որում երևում է, որ օդանավը բռնկվել է:
Ավիաչվերթների ուղեգծին հետևող Flightradar24 տեղեկատվական ինտերնետ-ծառայության տվյալներով՝ օդանավի կործանման մասին տեղեկատվությունը ստացվել է օդ բարձրանալուց ընդամենը երկու րոպե անց: Ինքնաթիռն օդանավակայանից օդ էր բարձրացել Երևանի ժամանակով 03:42-ին:
Կարդացեք նաև
Ավիավթարից մի քանի ժամ առաջ ԱՄՆ Քաղաքացիական ավիացիայի դաշնային ծառայությունն արգելել էր ամերիկյան ավիաընկերություններին ուղևորատար և բեռնատար թռիչքներ իրականացնել Իրանի և Իրաքի օդային տարածքով, ինչպես նաև Պարսից ծոցի և Հորմուզի նեղուցի ջրերի վրայով:
Այդ որոշումը պատճառաբանվում էր նրանով, որ Մերձավոր Արևելքում իրավիճակի սրացումը հնարավոր վտանգ է պարունակում ամերիկյան քաղաքացիական ավիացիայի համար: Որոշումը կայացվել էր Իրաքում ԱՄՆ ռազմաբազայի վրա Իրանի հասցրած հրթիռային հարվածներից հետո:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Հ. Գ. ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ցավակցություն է հայտնել Թեհրանից Կիև ուղևորվող ինքնաթիռի կործանման կապակցությամբ: Նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
«Շատ վատ լուր Թեհրանից Կիև ուղևորվող Boeing 737-ի կործանման մասին: Խորապես ցավակցում եմ զոհերի ընտանիքներին և հարազատներին»,- գրել է Զոհրաբ Մնացականյանը:
Crash moment, Credit: unknown pic.twitter.com/QvGtSW22gQ
— Pedram Azimaie (@carp3) January 8, 2020