Վահան Տերյանի մահվան 100-րդ տարելիցի առիթով Aravot.am-ը Կոմիտասի անվան Պանթեոնում զրուցեց Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանի հետ:
«Այսօրվա խորհուրդը 100-ամյա ճանապարհ ունի անցած: Քիչ առաջ մտովի հիշում էի մեր գրականության պատմության շրջադարձային մի քանի տարեթվեր, հատկապես, 1908 թվականը, երբ լույս տեսավ մի փոքրիկ ժողովածու «Մթնշաղի անուրջներ» խորագրով: Եվ դժվար է այդպիսի մի երկրորդ թվական պատկերացնել կամ մտաբերել, երբ ամբողջ մեր երիտասարդությունը եւ ընդհանրապես հայ ընթերցասեր հանրությունը պարզապես խարսխվեց այդ ժողովածուին: Դա հեղափոխություն էր, գրական-գեղագիտական հեղափոխություն էր, որով այդ ժողովածուն դառնում էր մեր նորագույն գրականության գեղագիտության օրենսդիրը: Եվ դա այն դեպքում, երբ ասպարեզում էին իր ավագ գրչեղբայրները՝ մեծահանճար Թումանյանն ու Իսահակյանը»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ