Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

…Մինչեւ չքայլես ուրիշի կոշիկներով

Հունվար 08,2020 10:00

Իրանի եւ Միացյալ նահանգների միջեւ հարաբերությունների հերթական սրումն, ինչպես միշտ, հայ իրականության մեջ արժանացել է ծայրահեղացված գնահատականների: Մեզանում կան ԱՄՆ-ի եւ անգամ անձնապես Թրամփի երկրպագուներ, որոնք ողջունում են «ահաբեկչի ոչնչացումը»: Այդպիսի տեսակետ ունեցողների շարքերում հատկապես մեծ թիվ են կազմում Լոս Անջելեսում ապրող իրանահայերը, որոնք Միացյալ Նահանգներ են տեղափոխվել 1979 թվականի իսլամական հեղափոխությունից հետո: Նրանց համար՝ որքան վատ իրենց նախկին երկրի համար, այնքան լավ: (Ծանոթ դիրքորոշում է, չէ՞, նույն Լոսում կան նաեւ նման ձեւով մտածող նախկին հայաստանցիներ): Հակառակ ծայրահեղությունն այն է, որ «համաշխարհային չարիքը մարմնավորող Միացյալ Նահանգները (եւ Իսրայելը) դավադիր ձեւով սպանել են մի հերոսի, որը գրեթե միայնակ ոչնչացրել է «Իսլամական պետությունը»:

Իրականում մենք գործ ունենք պետությունների եւ դրանց քաղաքական շահերի հետ: Իսկ քաղաքականությունն այնպիսի մի զբաղմունք է, որի ժամանակ, ինչպես ասում են, փլավ չեն բաժանում: Մինչդեռ պատերազմը, ինչպես 19-րդ դարում ասել է մի գերմանացի, քաղաքականության շարունակությունն է՝ այլ մեթոդներով: Քաղաքականությունը, սակայն, փոփոխական կատեգորիա է, առավել եւս հավերժ չեն այս կամ այն, ճիշտ թե սխալ որոշումներն ընդունող ղեկավարները: Հավերժ են (կամ, համենայնդեպս, չափազանց երկարակյաց են) ժողովուրդները: Եվ  այո, խոսքը տվյալ դեպքում մեզ՝ հայերիս համար բարեկամ երկու ժողովուրդների մասին է: Ինչպես միշտ, այս դեպքում էլ ես փորձում եմ ոչ թե մեղադրել, այլ հասկանալ, բացատրել:

Չինացի հին իմաստուն Լաո Ցզին ասել է՝ երբեք մի դատապարտիր մարդուն, եթե երկար ճանապարհ չես անցել նրա կոշիկներով:  Եկեք մտովի «քայլենք ամերիկացու կոշիկներով»: Այդ ազգը ձեւավորվել բացառիկության եւ աշխարհում առաքելություն իրականացնելու՝ որոշակի իդեալներ սփռելու գիտակցությամբ: Ստեղծել է աշխարհի ամենաառաջադեմ տնտեսությունը, միլիոնավոր մարդկանց կյանքը հեշտացնող տեխնոլոգիաներ եւ, իր կարծիքով, ժողովրդավարության բարձր ստանդարտներ: Այդ ազգի ինքնասիրությունը խոցվեց 1979-ին, երբ Թեհրանում, ամերիկացիների ընկալմամբ, մահմեդական ֆանատիկները 444 օր որպես պատանդ էին պահել իրենց դիվանագետներին: Ամերիկացիները մեծ ողբերգություն ապրեցին 2001-ի սեպտեմբերի 11-ին, երբ ահաբեկչական հարձակման արդյունքում սպանվեց գրեթե 3 հազար քաղաքացի: Միջին ամերիկացին դժվար թե տարբերի Օսամա բեն Լադենին Ղասեմ Սոլեյմանիից, իսկ «Հզբոլահն» ու «Համասը»՝ «Ալ Քաիդայից» կամ «Իսլամական պետությունից»:

Քայլենք նաեւ «իրանցիների կոշիկներով»:  40 տարի առաջ այդ ժողովուրդն, իր կարծիքով, նվաճեց ինքնուրույն, անկախ ապրելու հնարավորությունը, ազատվեց արտաքին ուժերի թելադրանքից, ստեղծեց այնպիսի պետություն, որի կարգերն իր սրտով են, համապատասխանում են իր մշակութային պատկերացումներին: Իրանցիները վստահ են, որ իրենց այս իղձերին խանգարում են Իսրայելը՝ տարածաշրջանում եւ Միացյալ Նահանգներն՝ աշխարհում: ԱՄՆ-ը, մասնավորապես, ամեն ինչ անում է Իրանի ժողովրդի ազատությունը խեղդելու համար՝ կիրառելով որեւէ ձեւով չհիմնավորված պատժամիջոցներ: Եվ ահա, Թրամփը որոշում է սպանել իրենց գեներալին, ազդեցիկ հրամանատարին, ըստ որում, դա անում է այլ երկրի տարածքում օդային գրոհ իրականացնելով: Դա, ըստ իրանցիների, անպատասխան չի կարող մնալ:

Կրքերն, այսպիսով սրված են, հուզականության մակարդակը բարձր է: Եթե, Աստված մի արասցե, Միջին արեւելքում «պատասխան գործողությունների» զոհ դառնան ամերիկացի զինծառայողները, իրավիճակն ավելի է թեժանալու: Այստեղ, իհարկե, կարեւոր է, որ պետական գործիչները չգնան այդ կրքերի հետեւից: ԱՄՆ-ում պետք է որ լինեն պետական, սահմանադրական մեխանիզմներ, որոնք կզսպեն իրենց նախագահի էքսցենտրիզմը: Իրանում, կարծում եմ, կգտնվեն ուժեր, որոնք հեռու կպահեն այդ երկիրը արհավիրքներից:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Վիլյամ Սարոյանն ասում էր. աշխարհի որ անկյունում էլ որ կրակեն հային է դիպչում: Համաձայնվելով ձեր մտքերի հետ, ուզում եմ հարցնել՝ իսկ մեր կոշիկներով ե՞րբ պիտի քայլի աշխարհը:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031