Լրահոս
Օրվա լրահոսը

Ներկաների կողմից անգամ ամենափոքր ձեռքբերումը փորձ է արվում ներկայացնել որպես դարի հաջողություն, ինչը շատ դեպքերում չի դիմանում անգամ ամենափոքր քննադատության. «Մեկ Հայաստանի» փոխնախագահ

Հունվար 07,2020 18:18

2020 թվականի պետական բյուջեի քննարկման ամփոփիչ ելույթում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2019 թվականին Հայաստանի Հանրապետությունը մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով առաջ կանցնի Վրաստանից, իսկ 2020 թվականի արդյունքներով` Ադրբեջանից: Նրա խոսքերով, Հայաստանի Հանրապետությունը եթե ոչ միշտ, ապա առնվազն վերջին 10-ամյակներում եղել է վերջինը, սակայն 2020 թվականին կլինի առաջինը: Այդ հայտարարությունից մեկ ամիս անց Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ նախ ազդարարեց, իսկ հետո խմբագրմամբ ուղղեց, որ 2019 թվականի արդյունքներով մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով գերազանցել ենք Վրաստանին, իսկ 2020 թվականին կգերազանցենք Ադրբեջանին։

Այս կապակցությամբ մի քանի դիտարկում:

1. Ի տարբերություն Ազգային ժողովում հնչեցրած հայտարարության, Վարչապետն իր ֆեյսբուքյան գրառման մեջ մոռացավ նշել արձանագրված ցուցանիշի պատմականության և բացառիկության մասին: Իհարկե, դրա համար կային լուրջ պատճառներ, որոնցից, թերևս ամենակարևորն այն էր, որ ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի պաշտոնական կայքի (որին հղում էր կատարել Նիկոլ Փաշինյանը), մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով Հայաստանը բնավ էլ առնվազն վերջին 10-ամյակներում վերջինը չի եղել: Ավելին, գոնե 1998 թվականից հետո ընկած ժամանակահատվածում (որը տրամաբանորեն տեղավորվում է Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված վերջին տասնամյակներ ձևակերպման մեջ) եղել են տարիներ, երբ Հայաստանն այդ ցուցանիշով գերազանցել է ինչպես Ադրբեջանին, այնպես էլ Վրաստանին: Մասնավորապես, Ադրբեջանին գերազանցել է 1998-1999, 2001-2005 թվականներին, իսկ Վրաստանին` 2006-2010 թվականներին(մեկնաբանություններում տեղադրված է հղումը): Պարզապես տարբերությունը եղել է այն, որ այդ տարիներին ՀՀ հպարտ քաղաքացին չի իմացել այդ մասին այն պարզ պատճառով, որ օրվա իշխանությունը հարկ չի համարել այդ մասին թմբկահարմամբ և գովազդմամբ տեղեկացնել ՀՀ քաղաքացուն:

2. Տնտեսության զարգացման և բնակչության բարեկեցության մակարդակի գնահատման առավել օբյեկտիվ պատկեր ստանալու համար, որպես կանոն, ի թիվս այլ ցուցանիշների, օգտագործվում է ըստ գնողունակության պարիտետի մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշը: Վերջինիս գծով Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ոչ խորը տնտեսագիտական մասնագիտական համեմատությունը ցույց է տալիս, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը խուսափել այս ցուցանիշի գծով համեմատությունից: 2019 թվականին Հայաստանը Ադրբեջանին և Վրաստանին զիջել է համապատասխանաբար 1.7 և 1.1 անգամ, իսկ 2020 թվականին կզիջի 1.6 և 1.1 անգամ: Այսինքն, գործ ունենք վիճակագրական ցուցանիշները սեփական նպատակահարմարությամբ օգտագործելու հերթական փորձի հետ:

3. Ընդհանուր առմամբ, Նիկոլ Փաշինյանի կողմից ժամանակ առ ժամանակ ազդարարվող վիճակագրական ցուցանիշների դրական դինամիկայի մասին գրառումները, խոշոր հաշվով, միջին վիճակագրական քաղաքացուն բացարձակապես չեն հետաքրքրում ու չեն էլ կարող հետաքրքրել թեկուզ միայն այն պատճառով, որ վերջինս իր բարեկեցության մակարդակը չափում է ոչ թե վիճակագրական ցուցանիշներով, այլ սեփական կյանքի որակի փոփոխություններով: Ի դեպ, նույն կերպ նրան չեն հետաքրքրել նախկին իշխանությունների ժամանակ պետական պաշտոնյաների կողմից հնչեցված երկրի «հարատև զարգացումը» հաստատող վիճակագրական ցուցանիշները: Պարզապես տարբերությունը կայանում է նրանում, որ ներկաների կողմից անգամ ամենափոքր ձեռքբերումը փորձ է արվում ներկայացնել որպես դարի հաջողություն, ինչը շատ դեպքերում չի դիմանում անգամ ամենափոքր քննադատության: Ցանկացած քիչ թե շատ լուրջ մասնագետ կարող է ասել, որ վիճակագրական ցուցանիշների պարզ արձանագրումը, առանց դրանց փոփոխությունների պատճառահետևանքային կապերի և գործոնների վերլուծության, չի կարող տալ իրավիճակի իրական պատկերը: Իսկ եթե ասվածին հավելենք նաև այն, որ վիճակագրական ցուցանիշների արժանահավատությունը մեր երկրում միշտ էլ եղել է խնդրահարույց, ինչի մասին բարձրաձայնումները ընդդիմադիր Փաշինյանի գործունեության կարևոր ուղղություններից էին, ապա պատկերն առավել ամբողջական կդառնա: Եվ իսկապես, ինչու պետք է վիճակագրական ցուցանիշների արժանահավատության մասին քաղաքացու պատկերացումները փոխվեն, եթե ոչ վիճակագրության մեթոդաբանությունն է փոխվել, ոչ էլ այդ մեթոդաբանությունը կիրառողները:

P.S. Մի առիթով նշել եմ, որ մեր երկրի իրական քաղաքականությունը երկրորդական,եթե ոչ երրորդական պլան է մղված և իշխանությունը զբաղված է pop corn-ային քաղաքականությամբ: Սա մեր օրերի քաղաքական մշակույթի և որակի մեծ խնդիրներից մեկն է:

Վլադիմիր ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

«Մեկ Հայաստան» կուսակցության համանախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    ՀՀ-ի բոլոր իշխանությունները ընտրություններում ,,հաղթելուց,,հետո անմիջապես ,,ձեռնամուխ,,են եղել հաջորդ ընտրությունններին վերընտրվելուն…

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031