Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Հակոբյան. Քանի օր այսպիսի բովանդակություն սփռելուց հետո ցանկացած երկրի ցանկացած հեռուստաընկերություն կպահպաներ հեռարձակման արտոնագիրը

Հունվար 07,2020 17:45

Ուշադիր կարդացեք: Սա Հանձնաժողովի կողմից իրականացվող եթերի մշտադիտարկման տվյալներն են (կրոնական, ազգային խտրականության դրսևորումներ, բռնության կոչեր եւ այլ օրենքով արգելված բովանդակություն պարզելու նպատակով): Առանձնացրել եմ նախորդ տարվա միայն նոյեմբեր-դեկտեմբերին մեկ հայկական հեռուստաընկերության մեկ քաղաքական հաղորդաշարի (հարցազրույցի ժանր) 21 հյուրերի խոսքից ընդամենը 21 շատ կարճ, բայց ելույթները բնութագրող մեջբերում: 21 հյուր, 21 նույնաբովանդակ ելույթ եւ մեկ թիրախ… Չեմ նշում հյուրերի անունները, կարեւոր չի: Կարդացեք, հետո կշարունակենք մեր զրույցը: Եվ այսպես…

1.«Փաշինյանին բերել են իշխանության, որ մերժի Արցախը: Նա փորձում է Հայաստանը վերածել կեղծ պետության»:

2.«Փաշինյանի բուն թիմը պարտվում է իշխանության սորոսական թևին: Սպանված ոստիկանը հետևանք է Սորոսի գրասենյակի կողմից ֆինանսավորվող քարոզչության»:

3.«Փաշինյանը հոգեխանգարումների մեջ է ընկնում, երբ լսում է Քոչարյանի ազգանունը: Չծառայած Փաշինյանը ընդգծված հակակրանք ունի զինվորական գեներալիտետի նկատմամբ»:

4.Փաշինյանին՛ «Երկու ձեռքով պահիր ղեկը, ոչ թե մեկով սելֆի արա, մյուսով էլ՝ կեր: 350.000 –անոց վոյաժը ընտանիքով՝ ինչ արդյունք: Ես չեմ ուզում զարթնել լիբերաստների շրջանակներում»:

5.«Եթե մտածում են 2-3 շրջան կտանք, կպրծնենք, չարաչար սխալվում են: Թանկարժեք վոյաժներ, ուղղաթիռով Ղարաբաղ գնալ, թանկարժեք մեքենաներ, հարկատուի հաշվին օլիգարխի նման ապրել: Չկա աշխարհում մի ժողովուրդ, որն ընկել է պարանոիկ պոպուլիստների խելքին և մեծ գին չի վճարել»:

6.«Նա (վարչապետը) այդպես է ծնվել դաշույնի հատվածը թիկունքից, հիմա 44-45 տարեկան է, էդ մարդուն ոնց ուղղես: Վարչապետին. «Լսի՛ այ տղա, ինչ-որ անում ես բումերանգով գալու ա»: Սրան համեմատեմ այսպես, Փոքրիկ ցանկապատը չինական պարսպի հետ» (Պուտին- Փաշինյան)»:

7.«Ընտրություններին մասնակցել է ժողովրդի 40%-ը: Ինձ նման 60 % չի մասնակցել: 40% -ը ժողովուրդ չի: Նիկոլը պետք է գնա: Ջրիկ պերճախոսությամբ, որ նա խաբեց ժողովրդին, լավ հազարին խաբեց, հո բոլորին չի խաբելու»:

8.«Նիկոլն իմ ճանաչած ամենավախկոտ մարդն է: Նա ձգտել է իշխանության, ոչ թե որ իր գլխում ունեցել է ռեֆորմներ, որ պետք է իրականացնի, այլ ունի լիբերալ հակումներ իշխանության նկատմամբ: Փաշինյանը այդքան հեղինակություն և ուժ չունի, որ հողեր հանձնի, հանձնելու համար էլ է ուժ պետք»:

9.«2020 թ.-ը մենք կապրենք առանց Նիկոլ Փաշինյանի: Այս իշխանությունները ոչինչ չեն կարողանում անել, պետք է անհապաղ ազատվել»:

10.«Նիկոլ Փաշինյանը այլևս քաղաքական օլիգարխ է: Փաշինյանը հանցավոր անպատասխանատվություն և կիսագրագիտություն ունի Արցախյան հարցում, հանցավո՛ր»:

11. «Պարո՛ն Փաշինյան, Դուք ինչից եք վախենում, երբ շրջում եք մեծ թիկնազորով, սեփական ժողովրդի՞ց: Իրենց համար ցանկացած ազգային խնդիր համարվում է ռեգրեսիվ, հետադիմական: Սա գլոբալիզացիոն կառույցների բնորոշ ձեռագիրն է, որոնք իրականում մարգինալ խմբեր են»:

12. «Ազգային ճակատի ստեղծումը այլևս օրախնդիր է: Իրենք այսօր իրականացնում են այս քաղաքականությունը, զրկել այս տարածքում բնակվող, ազգություն ունեցող, ճանաչող մարդկանց իրենց արմատներից, որովհետև դրա արդյունքում շատ ավելի դյուրին է դառնում միջազգային խաղացողների համար պարտադրել ցանկացած վարքագիծ՝ այդ թվում խաղաղություն ցանկացած ձևով»:

13.«Վաղը ամբողջ ժողովուրդը հավաքվի, բացառությամբ՝ զոմբիների, նրանք թաքնվելու են, և ժողովուրդը ասելու է. «Փաշինյան ջան, է՛ս քո հեծանիվը: Գնա տուն»:

14.«Իշխանության են եկել մարդիկ, որոնք ունեն կոնկրետ ծրագիր, արժեհամակարգը փոխելու, այո՛ , դա կոնկրետ ծրագիր է: Ես ուրախ եմ, որ վարչապետի ռեյտինգը ընկնում է: Միգուցե դա իրենց փրկությունն է: Նույնիսկ մտածում եմ, որ նա արդեն ուզում է (հասկանալով, որ չի ձգում), և ամեն ինչ անում է, որ շուտ ազատվի…»:

15.«Նիկոլ Փաշինյանի քաղաքական կրեդոն սուտ խոսելն է: Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես սուտ տարածեց և կլյաուզնիկին բնորոշ հայտարարություն արեց: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պոպուլիստական է, որովհետև նա որևէ խոստում չի կատարել, ժողովրդին մանիպուլացրել է և խեղաթյուրում է իրականությունը: Էմոցիոնալ և հիստերիկ հայտարարությունները Վատիկանում, խոսում է այն մասին,որ Փաշինյանը այլևս անկառավարելի է դառնում: Եվ ինքը գիտակցում է իր մոտալուտ ձախողման մասին: Այսօր, Նիկոլ Փաշինյանի կողքը ագրեսիվ փոքրամասնությունն է, ակտիվ փոքրամասնությունը»:

16.«Ռազմավարություն են հարցնում, ասում է անցյալում թալանչիներ էին, Մեղրին ծախող էին: Լավ նրանք ամեն ինչ էին, եղբա՛յր, որն է քո տեսակետը: Երբեք չի ասել, որովհետև չունի դա: Փաշինյանն ինքն է թուլացնում իր իշխանությունը»:

17.«Եթե մեր երկրի տնտեսագետը պարոն Փաշինյանն է՝ ողբամ էտ երկրի տնտեսությունը: Ես ընդհանրապես դեմ եմ ցնցումների, հեղափոխությունների, դրանք զարգացման չեն տանում: Զարգացման միակ տարբերակը էվոլյուցիան է»:

18.«Այսօր երկրում ոչինչ չի կատարվում: Դրանք բարեփոխումներ չեն, դրանք վտանգավոր գործընթացներ են, որոնք կբերեն վտանգավոր հանգրվանի: Ես օպտիմիստ եմ, հաղթելու է առաջադիմականը: «Իմ քայլ»-ին պետք է հաջորդի «Մեր քայլը»: Պետք է ձևավորվի սոլիդ իշխանություն, որը երկրին կբերի ներքին համերաշխություն»:

19.«Փաշինյանը և՛ հիմա, և՛ անցյալում լրագրողական ցինիզմով է վերաբերվել արցախյան պատերազմին, զոհերին: Հայաստանը պետք է ղեկավարի մարդ, որը այս պատերազմի մասնակիցներից է, գիտի վառոդի հոտը: Շատ ցավում եմ, որ և՛ Փաշինյանը, և՛ տիկին Աննան, ներքաշվել են մի խաղի մեջ, որում իրենք տանուլ են տալու Արցախը և Հայաստանի անվտանգությունը»:

20.«Ես համոզված եմ, որ ի հայտ են գալու փաստեր, թե ինչպես է իրականում տեղի ունեցել իշխանափոխությունը, ովքեր, ինչ դրսի ուժեր են սատարել: Այսօր ականատես ենք շատ լուրջ թատրոնի: Իրականում Հայաստանը գնում է դեպի անկում: Ես ուզում եմ հայտարարել, որ անընդհատ թմբկահարվող ամենաարդար ընտրություններից առաջ եղել է աննախադեպ կոռուպցիոն գործարք»:

21.«Մեր վարչապետը արհամարհում է սահմանադրության դրույթները և ուզում է ամեն ինչ: Լուրջ կասկածներ կան,որ հիմա էլ կա կոռուպցիա; Մինչև հիմա քանի հակակոռուպցիոն օրենք է ընդունվել: Արցախի հարցում մենք ունենք լուրջ նահանջ: Արցախի հարցը ջրիկ խոսակցություններով սվաղել չի լինի: Մենք հասել ենք մի տեղ, որ վարչապետը ինքը ընկել է իր թակարդի մեջ: Սպասենք արտահերթ զարգացումներին: Մեկ անձի բացարձակ իշխանությունը բոլոր օղակների վրա, նման պետությունը չի կարող զարգացում ունենալ: Այս իշխանությունը պատահաբար է եկել և պատահաբար էլ գնալու է»:

Իսկ հիմա փորձեք գտնել այս մեջբերումներում բացի չարությունից ու ատելությունից գոնե մեկ քննադատական (նույնիսկ շատ դաժան) խոսք (որի անհրաժեշտությունն իշխանությունը հաստատ ունի), կամ գոնե հոդաբաշխ նախադասություն: Հետո փորձեք գտնել նախորդ ամբողջ 21 տարիների ընթացքում բոլոր հեռուստաընկերությունների բոլոր քաղաքական շոուների հյուրերի գոնե 21 այսպիսի որակավորում, սպառնալիք, հեգնանք, արհամարհանք, ատելության խոսք երկրի ղեկավարի հանդեպ : Հետո ծանոթացեք ամենաազատական եվրոպական կամ ամենաբռնատիրական արեւելյան երկրների հեռուստահեռարձակումը կարգավորող օրենսդրությանը եւ գուշակեք, թե քանի օր այսպիսի բովանդակություն սփռելուց հետո ցանկացած երկրի ցանկացած հեռուստաընկերություն կպահպաներ հեռարձակման արտոնագիրը:

Եթե հետաքրքրեցին այս մեջբերումները, ապա ծանոթացեք տեղեկատվական եւ proxy պատերազմների տեսությանը. Պատերազմների, որոնք ընդանում են թշնամական պետությունների միջեւ, այլ ոչ թե մի պետության ներսում:

Հետո համացանցում հետեւեք մի քանի ադրբեջանական , այսինքն` թշնամական երկրի) հեռուստատեսությունների քաղաքական հաղորդումներին եւ գտեք դրանց բովանդակության մեջ (եւ ոչ թե երկու ամսում, այլ երկու տարում) նույն որակի 21 արտահայտություն Հայաստանի , այսինքն` թշնամական երկրի) ղեկավարի հասցեին (պարբերաբար ծանոթանալով ադրբեջանական լրատվամիջոցների մոնիտորինգի տվյալներին ես չեմ գտել):

Հետո այս մեջբերումներում փորձեք գտնել ցավ, պետությանն օգնելու պատրաստակամություն: Հետո փորձեք գտնել մեկ, գետ մեկ բարի լուր, դրական գնահատական, օբյեկտիվ նկարագրություն:

Հետո մեկ անգամ եւս ինքներդ ձեր համար գծեք խոսքի ազատության եւ մանիպուլյացիաների սահմանումը, պատասխանատվությունը պետության եւ հեռուստադիտողի հանդեպ: Իսկ երբ գծեք, ապա համարձակություն կունենա՞ք հայտարարել, որ Հայաստանում ճնշվում են ազատ լրատվամիջոցները:

Ասում եք ադրբեջանցիներն են՞ հակահայկական քարոզչությամբ զբաղվում: Յա, իրո՞ք:)

 

P.S. Կրկնեմ, սա շատ-շատ փոքր հատված է միայն մեկ հաղորդման հնչեցրած մտքերից, եւ այսպիսի բովանդակությամբ ահռելի տեղեկատվական հոսքեր են ձևավորվում: Եթե հավելյալ փաստարկներ են անհրաժեշտ, ապա կպատրաստեմ մեկ այլ հեռուստաընկերության մեկ հաղորդման ընթացքում հնչած 21 հյուրերի տեքստերը: Նորից երկու ամսվա կտրվածքով: Համեմատությունը ձեզ մեծ հաճույք/տխրություն կպարգեւի:

P.S.-1 Վաղը 2020 թ. առաջին աշխատանքային օրն է: Եւ մենք նորից կատարելու ենք Սահմանադրությամբ եւ օրենսդրությամբ մեր վրա դրված պարտավորությունները, որից ամենակարեւորն է հեռուստա եւ ռադիոընկերությունների ազատության եւ անկախության ապահովումը: Բարդ խնդիր է, քանի դեռ պետությունը, հասարակությունը, մեդիան խորապես չեն գիտակցում թե ինչ է նշանակում ազատությունն ու անկախությունը…

Տիգրան ՀԱԿՈԲՅԱՆ

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031