Լրահոս
Օրվա լրահոսը

Գրառումներ են հայտնվում, որոնց հեղինակները, իրականում, ադրբեջանցիներ են, ովքեր օգտագործում են հայկական հաշիվներ. Տիգրան Աբրահամյան

Հունվար 07,2020 17:29

Վերջին օրերին տեղեկատվական անվտանգությունից շատ խոսվեց: Մեկ ֆեյք օգտատիրոջ թեման քննարկվեց ամենատարբեր հարթությունում` աշխարհաքաղաքականից՝ մինչև ներքաղաքական:

Իրականում, թեման բավականին բազմաշերտ է:

Թեմայի ողջ լրջությունը` ավելի վտանգավոր դրսևորումներով, տեսանելի էր հատկապես 2016-ին՝ ապրիլյան մարտական գործողությունների օրերին, երբ հայկական անուն-ազգանուններով բազմաթիվ օգտատերեր սկսեցին դաշտում ադրբեջանական քարոզչական թեզերը զարգացնել:

Ճիշտ է, հետագայում պարզվեց, որ դրանք, իրականում, հայ օգտատերերի ջարդված անձնական հաշիվներ էին, սակայն դա իրավիճակի վտանգավորությունը որևէ ձևով չմեղմեց:

Նմանատիպ դրսևորումներ նկատելի էին նաև ներքաղաքական տարբեր ակտիվ փուլերում՝ «Էլեկտրիկ Երևան», «Պերմյակովի գործ», ՊՊԾ գունդ և այլն: Թե’ ներքին, թե’ արտաքին զարգացումների դեպքում, անհրաժեշտ պարարտ հողի ձևավորման պայմաններում, ադրբեջանական մեդիախմբերը փորձել են ակտիվ դերակատարություն ստանձնել՝ թեման մեզ համար վտանգավոր տիրույթ տեղափոխելու համար:

Տարբեր փուլերում, ըստ իրավիճակի, տարբեր բաղադրատոմսեր են առաջ քաշվել: Տարբեր իրավիճակներում դրա չափաբաժինը տարբեր է լինում, իրականացվող քայլերի արդյունավետությունը ևս:

Այսօր էլ, որոշակի պարբերականությամբ, ամենատարբեր խմբերում գրառումներ են հայտնվում, որոնց հեղինակները, իրականում, ադրբեջանցիներ են, ովքեր օգտագործում են նախկինում ջարդված հայկական հաշիվներ։ Իհարկե, լինում են դեպքեր, երբ դրանք ջարդված չեն, հայկական անուն-ազգանուններով են, սակայն կառավարվում են ադրբեջանցիների կողմից:

Ընդ որում՝ որոշ դեպքերում այդ հաշիվների հետևում թաքնվողները մասնակցում են քննարկումների կամ անձնական նամակներ են գրում ռուսերեն, իսկ որոշ դեպքերում՝ նույնիսկ հայերեն:

Այսօր էլ տեսանելի է, թե ադրբեջանցիները ինչպես են փոքր չափաբաժիններով փորձարկում իրենց մեդիահնարավորությունները, որոնք հետագայում նախապատրաստվող խոշոր տեղեկատվական դիվերսիայի կամ առաջնագծում լոկալ գործողությունների տեղեկատվական ապահովումն են իրացնելու:

Եվ ամենավտանգավորն այն է, որ հանրության մի մեծ զանգված այդ «հաբն» ընդունում է: Այնպես որ, անելիքներն այստեղ շատ-շատ են, 1-2 դեպքի բացահայտումներով խնդիրը չի լուծվում, համալիր միջոցառումներ են անհրաժեշտ և դրանք չպետք է լինեն միանգամյա:

Անհրաժեշտ փորձագիտական, մասնագիտական ներուժ, բնականաբար, ունենք, պետք է մեր ռեսուրսները ճիշտ տեսակավորենք, համախմբենք, աշխատենք դաշտում, իսկ անհրաժեշտ պահին թիրախային հարվածներ հասցնենք բոլոր այն կետերին, որոնք մեզ համար տեղեկատվական ռիսկեր են պարունակում:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031