Հունվարի 4-ին Գյումրու «Մսի կոմբինատ» թաղամասում վիճաբանություն է ծագել թաղամասի մի քանի բնակիչների միջև, որն ավարտվել է երկու հոգու՝ 26-ամյա Վարդան Մ․-ի ու 17-ամյա Արթուր Մ․-ի դանակահարությամբ, նրանց տեղափոխել են Գյումրի բժշկական կենտրոն։ Ի դեպ, նրանք բարեկամներ են։
Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանի տեղեկացմամբ, կա ձերբակալված, նա 45-ամյա Արման Թութունջյանն է։
Դատախազի տեղեկացմամբ, դանակահարության պատճառը եղել է ուշ ժամի թաղամասում տուժողների կողմից բարձր ձայներ արձակելը։ Գործով տուժողներ հանդիսացողներն այս օրը մասնակցել են խնջույքի, որից հետո թաղամասում բարձր ձայներ են արձակել, նրանք արժանացել են դիտողության, Թութունջյանների տնակի մոտ ծագել է խառը վիճաբանություն Թութունջյանների ու տուժողների միջև։
Տուժողներ հանդիսացող երկու բարեկամները վիճաբանել ու ծեծկռտուքի մեջ են մտել Արման Թութունջյանի որդու՝ 17-ամյա Կ․ Թութունջյանի ու եղբորորդու՝ 24-ամյա Ա․ Թութունջյանի հետ, որին միջամտել է Արման Թութունջյանը՝ խոհանոցային դանակով նրանցից մեկին հասցնելով ծանր մարմնական վնասվածքներ։ Մեկը ստացել է ծանր մարմնական վնասվածքներ, մյուսը՝ ոչ ծանր։
Կարդացեք նաև
Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, դատախազը քննիչին հանձնարարել է հարուցել քրգործ նաև 258 հոդվածի՝ այն է՝ խուլիգանության 3-րդ և 4-րդ մասի հատկանիշներով։ Թութունջյանը ձերբակալվել է դատախազի ցուցումով։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ