«Ամերիկայի ձայն». Ավստրալիայում շարունակվում է պայքարն ընդդեմ անտառային հրդեհների, որոնք երկրի երեք նահանգներում ոչնչացրել են մի քանի միլիոն հեկտար տարածք: Կիրակի օրը սկսված ավելի սառը եղանակը եւ քամիների մեղմացումն ինչ որ չափով նվազեցրել են արդեն մի քանի շաբաթ շարունակվող հրդեհների տարածման արագությունը:
Ներկա պահին հազարավոր մարդիկ են ապաստան գտել ժամանակավոր կացարաններում: Մինչ այժմ այրվել է երկու հազար տուն: Հրդեհներին զոհ է գնացել 24 մարդ:
Տարհանված մարդիկ վստահ չեն, թե որքան ժամանակ են դեռեւս մնալու ժամանակավոր կացարաններում:
Երկրի վարչապետ Սկոթ Մորիսոնին են քննադատում արտակարգ իրավիճակում լավ չկառավարելու համար: Նրան դատապարտում են հատկապես հրդեհների տարածման ժամանակ ընտանիքով Հավայի հանգստանալու մեկնելու համար: Նրա խոսքերով, մեղադրանքների խաղն անարդյունավետ է, եւ այժմ «հարկավոր է կենտրոնանալ հրդեհների դեմ պայքարի վրա»:
Կարդացեք նաև
Վարչապետին քննադատում են նաեւ տեղական իշխանությունների հետ ոչ լիակատար կերպով քննարկումներ անցկացնելու մեջ, եւ Ավստրալիայի պաշտպանական ուժերի 3000 ծառայողներին աղետի գոտի ուղարկելու որոշումը` համարում ուշացած:
Մորիսոնը 14 միլիոն դոլար է հատկացրել այլ երկրներից հրշեջ օդանավեր վարձակալելու համար: Հիմնադրվել է Անտառային հրդեհների դեմ պայքարի գործակալություն, որի նպատակը աղետից տուժած ավստրալացիներին օգնություն տրամադրելն է:
Պոպ աստղ Փինքը եւ ավստրալացի դերասանուհի Նիկոլ Քիդմանը հրդեհից տուժած համայնքներին օգնելու համար հատկացրել են 500-հազարական դոլար:
Վարչապետի խոսքերով, եկող երկու տարիների ընթացքում վերականգնողական աշխատանքների համար կտրամադրվի մեկ եւ կես միլիարդ ամերիկյան դոլար:
Երկրի որոշ հատվածներում սկսվել են անձրեւներ, սակայն հինգշաբթի օրվանից ջերմաստիճանը նորից կբարձրանա:
Արամ ՎԱՆԵՑՅԱՆ