Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը պարզաբանում է տարածել այն առնչությամբ, որ 16-ամյա աղջկա սպանության կասկածանքով ձերբակալված Ռաֆայել Սուքիասյանը 2018թ․ խորհրդարանական ընտրությունների դիտորդի հավաստագիր է ունեցել՝ տրված Հայաստանի հելսինկյան կոմիտեի կողմից։
Պարզաբանման մեջ մասնավորապես ասված է. «Որպես Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ հայտարարում եմ, որ սկսած 2007թ․ Հայաստանի հելսինկյան կոմիտեն իրականացրել է դիտորդական առաքելություն ՀՀ բոլոր համապետական, այդ թվում նաև 2018թ․ դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Այդ բոլոր ընտրություններին ընդառաջ, կոմիտեն տարածել է հայտարարություն և ընդգրկել դիտորդներ, որոնց հետ անցկացվել են հատուկ դասընթացներ անաչառ դիտորդություն իրականացնելու համար։ Այդ տարիների ընթացքում կոմիտեի հետ համագործակցել են հարյուրավոր դիտորդներ, որոնք հիմնականում բարեխղճորեն կատարել են իրենց պարտականությունները։ Անձամբ ինքս, փողոցում հանդիպելիս նրանցից կճանաչեմ ընդամենը մի քանիսին։ Չեմ ճանաչում նաև կասկածյալ Ռաֆայել Սուքիասյանին։
Ասածս չընկալեք, որպես արդարացում։ Չեմ բացառում, որ ինքս հանդիպած լինեի նրա հետ և դրական տպավորություն ունենայի։ Նախ, փաստենք, որ Ռաֆայել Սուքիասյանն առայժմ միայն կասկածյալ է: Բայց ընդունենք, որ իսկապես ապացուցվի, որ նա է հանցագործը։ Ուստի՞․․․ Որևէ մեկը կարո՞ղ է վստահաբար պնդել, որ ինքն այնպիսի բարձր մակարդակի հոգեբան է, որ դեռևս մեկ տարի առաջ կզգար, որ գործ ունի պոտենցիալ հանցագործի հետ»: