Հիմնվելով 16-ամյա աղջկան խեղդամահ անելով սպանելու մեջ կասկածվողի ֆեյսբուքյան էջում առկա տվյալների վրա՝ «Առավոտը», ինչպես նաեւ այլ ԶԼՄ-ներ, հաղորդել էր, որ նա նաեւ եղել է Սպիտակի Հելսինկյան խմբի նախկին դիտորդ:
Վերջինիս հիմնադիր նախագահ Աշխեն Քեշիշյանը հերքում էր տարածել. «Նա երբևէ մեր կազմակերպության հետ առնչություն չի ունեցել և չի աշխատել մեզ հետ»։
Այս հերքումից հետո Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտությունների կենտրոնի տնօրեն Նաիրա Գրիգորյանը հրապարակել է լուսանկար, որը հաստատում է՝ կասկածյալն իրոք դիտորդ եղել է, սակայն Հայաստանի Հելսինկյան կոմիտեի: Դատելով վկայականից, նա տեղական դիտորդ է եղել 2018 թվականի դեկտեմբերի 9-ին անցկացված ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքում:
Նաիրա Գրիգորյանը լուսանկարին կից մասնավորապես գրել է. «Երբ Սպիտակի Հելսինկյանը ժխտում է տարածված լուրը, ես էլ իմ կողմից ավելացնեմ, որ նույն այս թվին մարզի դիտորդականի համակարգողներից ոմանք մեկ անձին գրանցել են երկու-երեք կազմակերպության համար որպես դիտորդ, բայց վճարել՝ մեկ տեղի արժեք։ Այնպես, որ այո՛ կարող է եւ Սպիտակում չիմանան, թե Գյումրիում 2018թ.-ի Հելսինկյանի կամ Թրանսփարենսիի դիտորդություններին ինչե՜ր են արել տեղի համակարգողները»: