Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անհեթեթ «ֆեյք» եւ բազմաթիվ հարցեր

Հունվար 07,2020 10:00

«Դիանա Հարությունյան» անունով բացված կեղծ ֆեյսբուքյան էջում հրապարակվել է սուտ եւ, իմ կարծիքով, նաեւ անհեթեթ տեղեկատվություն, ըստ որի, վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Դոնալդ Թրամփին՝ Իրանում իրականացված գործողությունների առիթով: Հիշեցնենք, խոսքը օդուժի կիրառմամբ հարեւան երկրի ազդեցիկ գեներալին սպանելու մասին է: Քաղաքականությունից եւ, մասնավորապես, հայ-իրանական հարաբերություններից քիչ թե շատ տեղյակ մարդն, այսպես ասած, «փակ աչքերով» կարող է ասել, որ նման բան հնարավոր չէ: Ադրբեջանին, բնականաբար, չի հետաքրքրում, թե որքանով է այդ տեղեկատվությունը անհեթեթ կամ ճշմարտանման՝ այդ երկրի քարոզչությունը մեծ հաճույքով տարածել է այդ սուտը եւ համապատասխան փաթեթավորմամբ «փոխանցել է» իրանական աղբյուրներին: Իրանի լուրջ, հեղինակավոր լրատվամիջոցներն այդ խայծը կուլ չտվեցին՝ սադրիչ «լուրը» շատ արագ հերքվեց, եւ եթե այդ «տեղեկատվական գրոհը» վնաս հասցրեց երկու հարեւան երկրների հարաբերություններին, ապա այդ վնասը, հուսանք, նվազագույն է:

Շատ բաներ այս պատմության մեջ մութ են մնում: Նախ՝ երբ նման սադրանք է կազմակերպվում, ավելի հեշտ է դա անել Հայաստանից դուրս գտնվող IP հասցեից: Այդ դեպքում կեղծ էջի հեղինակին դժվար կլինի հայտնաբերել եւ գրեթե անհնարին՝ պատասխանատվության կանչել:

Երկրորդ՝ ինչպե՞ս ԱԱԾ-ին հաջողվեց այդպիսի օպերատիվությամբ հայտնաբերել «Դիանա Հարությունյան» անվան տակ թաքնվող երիտասարդին: ԱԱԾ-ն դիմել է ՖԲ աշխատակազմին եւ կայծակնային արագությամբ դրական պատասխա՞ն է ստացել: Թե՞ Հայաստանում ֆեյսբուքյան հաշիվների գաղտնիությունն ապահովագրված չի:

Երրորդ, երիտասարդի ինքնախոստովանությունը, որը տարածել էր ԱԱԾ-ն, չափից դուրս հարթ էր եւ պարունակում էր իշխանությանը քաղաքական առումով չափազանց ձեռնտու թեզեր: Իհարկե, բացառված է, որ կեղծ «Դիանա Հարությունյանը» տառապում է հոգեկան հիվանդությամբ, որն առաջացել է ներկայիս իշխանության հանդեպ բուռն ատելության հողի վրա: Բայց զուտ տեսական մակարդակով ինձ թույլ կտամ ենթադրելու, որ Հայաստանում հիմարություններ անողները կամ անհեթեթություններ տարածողները պարտադիր չէ, որ լինեն Քոչարյանի աջակիցներ կամ, ասենք, Հրայր Թոմասյանի սանիկներ:

Բայց դրանք ժամանակավոր, «մարտավարական» խնդիրներ են, որոնց մասին եթե ոչ վաղը, ապա 2-3 տարուց կմոռանանք: Ավելի էական հարց կա, որը դրված է նաեւ գլոբալ մակարդակով. պե՞տք է արդյոք «պայքարել ֆեյքերի դեմ», եւ եթե՝ այո, ապա ի՞նչ է դա նշանակում: Եթե մարդը պետությանը վնասող սուտ է տարածում (ինչպես այս պարագայում էր), ապա անկախ նրանից՝ նա ներկայանում է իր, թե հորինված անունով, նրան պետք է հետապնդել՝ օրենքի տառին համապատասխան: Բայց, ինչպես արդեն ասվեց,  մեր դեմ քարոզչական պատերազմ վարողները սովորաբար Հայաստանում չեն ապրում, եւ նրանց հետապնդելն անհնար է: Այդ պարագայում հիմնական զենքը պետք է լինի հակաքարոզչությունը: Արդյոք այդ զենքը մեր երկրում  լա՞վ վիճակում է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ruben says:

    Ասենք, հակահետախուզությունը աշխատել է կատարելապես:
    Իսկ հետախուզությունն ի՞նչ է անում, 30 տարի լռու՞մ է:
    Մի հատ բամբասկոտ ու նավսոտ «փաշի-փոշի» չկա՞ Բաքվում:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031