Երևանում Սայաթ-Նովա պողոտայի 15 շենքի բնակարաններից մեկում 16-ամյա աղջկան՝ Ս․Կ-ին խեղդամահ անելու կասկածանքով ձերբակալված 27-ամյա Ռ․Ս․-ն գյումրեցի է։
Նա Շիրակի պետական համալսարանի ուսանող է եղել, սովորել է սոցմանկավարժություն հեռակա բաժնում, սակայն 4-րդ կուրսից դուրս է մնացել։ Դասախոսների բնութագրմամբ՝ դեռ ուսանողական տարիներից հայտնի էր իր ակտիվությամբ, երբեմն նաև սկանդալների մեջ հայտնվելով: Ըստ դասախոսների, նույնիսկ գերակտիվ էր։
Նա ուսանողական տարիներին Apricot․news կայքն է հիմնել՝ տարաբնույթ նյութեր տեղադրելով։
Ռ․Ս․-ի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ նա զբաղվում է PR-ով, «TIRA PR» գործակալության գլխավոր տնօրենն է, Apricot Production-ի ու Apricot․news –ի տնօրենն է։ Ըստ նրա հրապարակած տեղեկության, աշխատում է ՀՀ պաշտպանության նախարարությունում՝ որպես տեղեկատվական անվտանգության փորձագետ, եղել է Սպիտակի Հելսինկյան խմբում որպես դիտորդ, բնակվում է Երևանում։
Կարդացեք նաև
Apricot․news-ի ՖԲ էջից էլ տեղեկանում ենք, որ այն ստեղծված է քաղաքական, ռազմական, հասարակական, երիտասարդական, միջազգային, ֆեյսբուքյան հրապարակումներ տեղադրելու համար, թեև իրականում այնտեղ տարաբնույթ հայտարարություններ են տեղադրված։
Ոստիկանությունը տեսանյութ էր հրապարակել՝ նրան բերման ենթարկելու պահից, նաև մանրամասնել, որ առանձնապես ծանր հանցագործությունը թարմ հետքերով բացահայտելու ուղղությամբ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության, Կենտրոնական բաժինների ծառայողները ձեռնարկել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Ծավալուն աշխատանքի արդյունքում պարզվել է սպանությունը կատարած անձի ինքնությունը։
Հունվարի 6-ին ոստիկանության և ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողները Երևանի բնակիչ, 26-ամյա երիտասարդին մայրաքաղաքի Աբովյան փողոցում հայտնաբերել ու կասկածանքով բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին։ Երիտասարդը ներկայացվել է դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվել։ Հետագա միջոցառումներով հայտնաբերվել է բնակարանից հափշտակված պլանշետը։
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանն էլ հայտնել էր, որ ձեռնարկված անհետաձգելի գործողությունների արդյունքում բացահայտվել է 16 ամյա աղջկա սպանության դեպքը: Սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է 1993 թվականին ծնված երիտասարդ: Վերջինս տվել է ինքնախոստովանական ցուցմունք:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ