Ոստիկանները թարմ հետքերով բացահայտեցին 16-ամյա աղջկա սպանության դեպքը
Հունվարի 5-ին’ ժամը 23:10-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևանի Սայաթ- Նովայի պողոտայի թիվ 15 շենքի բնակարաններից մեկում երիտասարդ աղջկա դի կա։ Ահազանգով մեկնած օպերատիվ-քննչական խմբերը պարզել են, որ բնակարանում վարձակալական հիմունքներով բնակվող 16-ամյա աղջկա պարանոցի շրջանում բռնության հետքեր կան։
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել սպանության հատկանիշներով։ Առանձնապես ծանր հանցագործությունը թարմ հետքերով բացահայտելու ուղղությամբ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության, Կենտրոնական բաժինների ծառայողները ձեռնարկել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Ծավալուն աշխատանքի արդյունքում պարզվել է սպանությունը կատարած անձի ինքնությունը։
Հունվարի 6-ին ոստիկանության և ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողները Երևանի բնակիչ, 26-ամյա երիտասարդին մայրաքաղաքի Աբովյան փողոցում հայտնաբերել ու կասկածանքով բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին։ Երիտասարդը ներկայացվել է դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվել։ Հետագա միջոցառումներով հայտնաբերվել է բնակարանից հափշտակված պլանշետը։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
Կարդացեք նաև
https://www.facebook.com/www.police.am/videos/984718171910152/
ՀՀ ոստիկանություն
«Առավոտ». Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկանության կենտրոնական բաժին է բերման ենթարկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում հաշվառված 27-ամյա Ռաֆայել Սուքիասյանը, ով կասկածվում է 16-ամյա աղջկան սպանելու մեջ։
Քննիչի որոշմամբ Ռ. Սուքիասյանը ձերբակալվել է։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա ծառայում է ՀՀ պաշտպանության նախարարությունում։