Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը հայտարարում է, որ «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողի հետ իրենք կապ չունեն

Հունվար 06,2020 14:17

Երեկ ԱԱԾ-ն տեսանյութ տարածեց` պարզվել է «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողի ինքնությունը եւ վերջինս ձերբակալվել է։

Հունվարի 3-ին, հիշեցնենք, «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան էջում տեղեկություն էր հրապարակվել, որ իբր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահին՝ Իրանի բարձրաստիճան զինվորականի նկատմամբ կատարված գործողության կապակցությամբ։ Այս կեղծ լուրը տարածում էր ստացել նաև ադրբեջանական և իրանական ԶԼՄ-ներում։

«Դիանա Հարությունյանը» բերման է ենթարկվել և պարզաբանում ներկայացրել՝ իր կատարած գործողությունների վերաբերյալ։

ԱԱԾ տարածած տեսանյութում «Դիանա Հարությունյան» էջը վարող տղամարդը, որի ձայնն ակնհայտորեն փոխված է, ասում է. «Նշածը կատարել եմ ՀՀ իշխանություններին վարկաբեկելու նպատակով, քանի որ ունեմ ընդդիմադիր հայացքներ եւ անարդար եմ գտնում Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելը»: Այս ինքնախոստովանությունից հետո, սոցիալական ցանցերում տարբեր մեկնաբանություններ եղան:

Կալանքի տակ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից Aravot.am-ը հետաքրքրվեց` տեղյակ եղե՞լ են այդ էջի եւ էջը վարող օգտատիրոջ մասին, նրա գործողությունները համակարգել-ուղղորդե՞լ են ինչ-որ կերպ: Վիկտոր Սողոմոնյանը հայտարարեց, որ երկրորդ նախագահի գրասենյակը որեւէ առնչություն չունի այդ կեղծ էջի կամ այն վարողի հետ: Ավելին, մեր զրուցակիցն ասաց`կարելի է ամաչել, որ նման «բեմադրություններ» են նախաձեռնվում. «Պետք է նաեւ խորը ափսոսանք հայտնեմ, որ պետական կարեւորագույն հաստատություններից մեկը`ԱԱԾ-ն, ստիպված է նման բեմադրություններ կազմակերպել եւ կատարել գործադիր մարմնի ղեկավարի քմահաճույքները, այն էլ Սուրբ ծննդյան նախօրեին: Շատ ցավում եմ եւ ափսոսում»:

Մեր զրուցակիցը վստահ է, որ իշխանությունը պարզապես պատեհ առիթն օգտագործեց`Ռոբերտ Քոչարյանի անունը հերթական անգամ շահարկելու համար եւ հիշեցրեց, որ նման մի նախադեպ արդեն ունեցել ենք, երբ կալանավորվեց TV 5-ի սեփականատեր Արմեն Թավադյանը: Այդ գործը, հիշեցնենք, առնչվում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակցի՝ Մարտի 1-ի գործով տուժող անձի միջեւ տեղի ունեցած զրույցին, որտեղ Քոչարյանի աջակից Վարուժան Մկրտչյանը տուժողին առաջարկում է հրաժարվել ցուցմունքից:

«Այս ֆեյք գործելաոճը` 37 թվականի ոճի հերթական դրսեւորումն է»,- ասաց Վիկտոր Սողոմոնյանը:

Հարցին`կարծում եք ազգային անվտանգության, տարածաշրջանային լարվածության աճի կարեւորագույն այս խնդիրների ֆոնին ՀՀ իշխանությունները նման բաներով կզբաղվեի՞ն, Վիկտոր Սողոմոնյանը պատասխանեց. «Բայց եթե այդ ֆոնի վրա կարող են բլինչիկների մասին ստատուսներ դնել, գնալ շրջագայությունների`ինչ-որ սարերով, ինչի դա՞ չեն կարող անել: Ի՞նչ տարբերություն: Էժանագին բեմադրություն, էժանագին PR` այս իրավիճակում… կարծում եմ, հասարակության գոնե լուրջ հատվածը այս իրականության հետ արդեն հաշտվել է»:

Aravot.am-ը նաեւ Ռոբերտ Քոչարյանի որդուն`Լեւոն Քոչարյանին խնդրեց կարծիք հայտնել կատարվածի մասին: Լեւոն Քոչարյանն ասաց, որ ֆեյսբուքյան գրառումով անդրադարձել է, ավելի լուրջ արձագանքել «նման հիմարությանը» չի ցանկանում:

Լեւոն Քոչարյանն իր էջում գրել էր. «Սկզբում մտածեցի կատակ է, բայց հետո հասկացա, որ ուղղակի լեռնային հիվանդության (altitude sickness) ախտանիշ է: Նաև, ըստ ամենայնի, խումհարի յուրահատուկ դրսևորում։

P.S. Ինձնից խորհուրդ, հաջորդ սքեչերում պիցցա տվեք բռնեն»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031