2018 թվականի օգոստոսի 25-ին ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանը, նույն ընկերության «Արևելք» մասնաճյուղի տնօրեն Կարո Օհանյանը և «Արևմուտք» մասնաճյուղի տնօրեն Արամ Սահակյանը, նախկինում հանդիսանալով համակուրսեցիներ և մտերիմ ընկերներ, ի պաշտոնե հնարավորություն ունենալով տիրապետելու և կառավարելու կազմակերպության մարտավարությունն ու ֆինանսական միջոցները, գումարներ հափշտակելու դիտավորությամբ 2017-2018 թթ. ընթացքում կազմակերպել են «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից գնումներ կատարելու, ինչպես նաև շինարարական աշխատանքների ծառայություններ մատուցելու գործառույթները, որոնց շրջանակում իրենց մերձավորների անվամբ հիմնադրված ու փաստացի նրանց պատկանող «ԷՄՕՇԻՆ», «ՇԻՆՄԱՍՏԵՐ», «ԳԱՎԱԹ», «ՀՈՐԻԶՈՆ», «ԴԵԼ-ՏԵԼԵԿՈՄ» և այլ ՍՊ ընկերությունների հետ շուկայականից, ինչպես նաև ՀՀ-ում սահմանված սակագներից անհամեմատ բարձր գներով կնքել են շուրջ 3,730,940,595 դրամ արժողությամբ պայմանագրեր, որոնց կատարման շրջանակներում՝ հավելագրումների, կեղծ կատարողական ակտեր կազմելու և այլ չարաշահումներ կատարելու եղանակով յուրացրել են առանձնապես խոշոր չափերի գումարներ։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, որն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննության համար։
Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 197 հոդվածի 2-րդ մասի պահանջների՝ քրեական գործով նախաքննությունը պետք է ավարտվի ոչ ուշ, քան երկամսյա ժամկետում: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Նախաքննության ժամկետը քննիչի պատճառաբանված միջնորդության հիման վրա երկարացնում է հսկող դատախազը՝ միջնորդությունը լրիվ կամ մասնակիորեն բավարարելու վերաբերյալ որոշում կայացնելով: Նախաքննության ժամկետի մասնակի երկարացումը ենթակա է պատճառաբանման: Նախաքննության ժամկետը յուրաքանչյուր դեպքում կարող է երկարացվել մինչև երկու ամիս ժամանակով:»:
Ըստ էության «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին վերաբերող քրեական գործը նախաքննության համար ՀՀ հատուկ քննչական ծառայությանը փոխանցելուց արդեն իսկ անցել է ավելի քան 16 ամիս, սակայն փաստացի որևէ հստակ նորություն այս մասով այս պահին չկա, ու ՀՀ ՀՔԾ-ն որևէ հաղորդագրություն չի տարածել:
Մեր նախաձեռնության կողմից մոնիտորինգ է իրականացվում «Վեոլիա ջուր» ՓԲԸ ողջ գործունեության նկատմամբ, այդ թվում ուսումնասիրվում են «Վեոլիա ջուր» ՓԲԸ կողմից և նրա դեմ բացված բոլոր դատական վարույթները, որի շրջանակներում բացահայտեցինք հետևյալը. ՀՀ վարչական դատարանում քննվել են թիվ ՎԴ/5605/05/19 և ՎԴ/5638/05/19 դատական գործերը, որոնք ուղղակիորեն կապված են վերը նշված քրեական գործի հետ:
Կարդացեք նաև
Այսպես, հիշյալ դատական գործերի ուումնասիրությունից պարզվում է, որ ՀՀ ֆինանսների նախարարի 04.10.2018թ. թիվ 49-Ա և 30.10.2018թ. թիվ 54-Ա հանձնարարագրերի համաձայն՝ ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության վարչության կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչի 10.09.2018թ. «Ստուգում (ֆինանսատնտեսական) նշանակելու մասին» որոշման հիմքով և 24.09.2018թ. թիվ 18-482ԿԳ-18 գրությամբ առաջադրված հարցերի շրջանակներում իրականացված ֆինանսատնտեսական ստուգման արդյունքում նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության վարչության ֆինանսատնտեսական ստուգման խմբի կողմից 26.04.2019թ. ընդունվել է 49-Ա ակտը:
Եվ եթե թիվ ՎԴ/5605/05/19 դատական գործով «Վեոլիա ջուր» ՓԲԸ կողմից ներկայացվել է «26.04.2019թ. թիվ 49-Ա ակտը վերացնելու պահանջ», ապա թիվ ՎԴ/5638/05/19 դատական գործով ներկայացվել է «26.04.2019թ. թիվ 49-Ա ակտն առոչինչ ճանաչելու և 04.10.2018թ. թիվ 49-Ա հանձնարարագրի հիման վրա ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության վարչության 26.04.2019թ. ընդունված թիվ 49-Ա ակտի կազմման ուղղված գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջ»:
Ավելի պարզ ասած, ՀՔԾ ավագ քննիչի կողմից նախաքննության իրականացման շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել ստանալ մի շարք հարցերի պատասխաններ, որի համար ստուգումներ է իրականացվել ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության վարչության ֆինանսատնտեսական ստուգման խմբի կողմից և կազմվել է 26.04.2019թ. թիվ 49-Ա ակտը: Սակայն քանի որ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն վիճարկում է հիշյալ թիվ 49-Ա ակտի իրավաչափությունը, նախաքննությունն ըստ էության չի ավարտվում:
Իսկ որ փուլում են հանգրվանել թիվ ՎԴ/5605/05/19 և թիվ ՎԴ/5638/05/19 դատական գործերը և որն է պատճառը, որ 2019 թ. մայիս ամսին ներկայացված հայցերը մինչ օրս չեն ստացել իրենց իրավական պատասխանը:
Պարզվում է, որ հիշյալ 2 գործերն էլ անցել են նույն ճանապարհը: Այսպես, թիվ ՎԴ/5605/05/19 դատական գործով.
1. 29.07.2019 թ. ՀՀ վարչական դատարանի որոշմամբ մերժվել է հայցադիմումի ընդունումը,
2. 08.08.2019 թ. ստացվել է վերաքննիչ բողոք. բողոքարկվել է «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշումը»,
3. 23.09.2019 թ. ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժվել է` թիվ ՎԴ/5605/05/19 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 29.07.2019 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողնելով անփոփոխ,
4. 09.10.2019 թ. ստացվել է վճռաբեկ բողոք՝ վերաքննիչ բողոքը մերժելու մասին որոշման դեմ,
5. Վճռաբեկ դատարանի 20.11.2019 թ. որոշմամբ վճռաբեկ բողոքը վերադարձվել է, քանի որ գործով «Վեոլիա ջուր» ՓԲԸ ներկայացուցիչների լիազորագրերը տրված են ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Գրիգորյանի կողմից, մինչդեռ գործում առկա չէ Գոռ Գրիգորյանին ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու վերաբերյալ որևէ ապացույց, ուստի վարչական գործում առկա լիազորագիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի իմաստով չի կարող համարվել ներկայացուցչի լիազորությունները հավաստող պատշաճ ապացույց: Սխալը շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին բերելու համար սահմանվել է հնգօրյա ժամկետ:
Թիվ ՎԴ/5638/05/19 դատական գործով.
1. 29.07.2019 թ. ՀՀ վարչական դատարանի որոշմամբ մերժվել է հայցադիմումի ընդունումը,
2. 08.08.2019 թ. ստացվել է վերաքննիչ բողոք. բողոքարկվել է «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշումը»,
3. 23.09.2019 թ. ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժվել է` թիվ ՎԴ/5605/05/19 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 29.07.2019 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողնելով անփոփոխ,
4. 07.10.2019 թ. ստացվել է վճռաբեկ բողոք՝ վերաքննիչ բողոքը մերժելու մասին որոշման դեմ ու այս պահի դրությամբ չկա վճռաբեկ դատարանի համապատասխան որոշում:
Այսինքն ստացվում է, որ հիշյալ 2 դատական գործերն էլ գտնվում են վճռաբեկ դատարանում բողոքարկման փուլում: Ընդ որում, իրացնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իրեն վերապահված իրավունքները, «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն կարծես թե զբաղվում է «ժամանակ ձգելով»: Դրանով է բացատրվում նաև ոչ լիարժեք փաստաթղթերով վճռաբեկ բողոքի կազմումն ու ներկայացումը, որի արդյունքում գործընթացը ձգձգվելու է առնվազն 5-6 ամսով: Ենթադրությունը միս և արյուն է ստանում, երբ հասկանում ենք, թե ո՞վ է դատարանում ներկայացնում «Վեոլիա ջուր» ՓԲԸ շահերը, իսկ նա ոչ այլ ոք է, քան Ռոբերտ Քոչարյանի գործով փաստաբան պարոն Արամ Օրբելյանը (Լուսանկարը՝ Aravot.am-ի, իսկ դատական գործերից քաղվածքները՝ www.datalex.am կայքից):
«Մարտի 1-ի գործով» հնչեղ դատավարության ընթացքում անզեն աչքով էլ տեսնում ենք պարոն Ռ. Քոչարյանի փաստաբանական խմբի ամեն կերպ ժամանակ ձգելու մարտավարությունը. ինքնաբացարկի միջնորդություններ մեկ դատավորին, մեկ դատախազին, մեկ տուժողի ներկայացուցչին, մեկ ՀՔԾ քննիչին և այդպես շարունակ:
«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն ըստ էության նպատակ է դրել հնարավորինս ձգել հարցի հանգուցալուծումը՝ ենթադրաբար հույսը դնելով ժամանակի ընթացքում իրավիճակի փոփոխման ու իրենց իմացած և տարիներ շարունակ արդարացրած ճանապարհով հարցը «փակելու» վրա: Սակայն նախկիններն այդպես էլ չեն կարողանում ընկալել Նոր Հայաստանի նոր իրողությունները (դեռ լավ չեն հասկացել, որ «կտրվելու են հեղափոխությանը հակազդողների թաթիկները») ու ցավոք սրտի այդ ամենը առնվազն չի քննադատվում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության միակ բաժնետեր «Վեոլիա Օ-Քոմփանի Ժենեղալ Դեզ Օ» կոմանդիտային բաժնետիրական ընկերության կողմից: Չէ՞ որ ենթադրյալ առանձնապես խոշոր չափերի յուրացումը կատարվել է հենց իրենց ընկերությունից՝ իրենց վստահելի ու անփոխարինելի աշխատակիցների անմիջական մասնակցությամբ: Միևնույն ժամանակ ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության վարչության ֆինանսատնտեսական ստուգման խմբի կողմից 26.04.2019թ. ընդունված թիվ 49-Ա ակտը ինչ-որ տեղ նախնական լույս է սփռում կատարված յուրացման գործի մեծության վրա:
Եվ պատահական չէր, որ 2019 թվականի օգոստոսի 29-ին «Վեոլիա Օ-Քոմփանի Ժենեղալ Դեզ Օ» կոմանդիտային բաժնետիրական ընկերության կողմից աշխատանքից հեռացվեց «Վեոլիա ջուր» ՓԲԸ գլխավոր տնօրենի ժ/պ պարոն Գոռ Գրիգորյանը, իսկ 1 ամիս անց՝ նաև քրեական գործում ներգրավված «Վեոլիա ջուր» ՓԲԸ մյուս բարձրաստիճան պաշտոնյաները:
Վերջում՝ ամենակարևորը: Եթե Վեոլիա Գրուպը որևէ կերպ չի համարվում քրեական գործով յուրացման մեջ մեղադրվող պաշտոնյաների հովանավորը, եթե այդ ամենը չի կատարվել «Վեոլիա Օ-Քոմփանի Ժենեղալ Դեզ Օ» կոմանդիտային բաժնետիրական ընկերության հայաստանյան գրասենյակի պատասխանատուների գիտությամբ, թողտվությամբ և ինչու չէ՝ համագործակցությամբ, ապա անհասկանալի է, թե ինչու է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն խոչընդոտում նախաքննությանը՝ հնարավոր ու անհնար պատրվակներով բողոքարկելով 26.04.2019թ. ընդունված թիվ 49-Ա ակտը անգամ այն դեպքում, երբ ՀՀ վարչական դատարանն ու վարչական վերաքննիչ դատարանը ներկայացված հայցադիմումի ընդունումը մերժել են հետևյալ պատճառաբանությամբ. «թիվ 49-Ա ակտը վարչական ակտ չէ, քանի որ այն ուղղված չէ հայցվորի համար իրավունքներ և պարտականություններ uահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն, դրա միջոցով վարչական մարմինը չի մերժել, միջամտել, ընդհուպ uահմանափակել հայցվորի իրավունքների իրականացումը»:
Ի՞նչ է, Վեոլիա Գրուպի համար առաջնային խնդիր չէ իրենցից «գողացված» գումարի մեծության չափը հասկանալն ու համարժեք փոխհատուցում պահանջելը: Մյուս կողմից էլ եթե վստահ չեն, որ թիվ 49-Ա ակտով ներկայացվել է իրականությունը, ապա ո՞րն է յուրացման մեջ մեղադրվող աշխատակիցներին աշխատանքից ազատելու շարժառիթը:
Ամենացավալին այս գործընթացում այն է, որ Գոռ Գրիգորյանի պաշտոնավարման ժամանակահատվածում վարչական և ֆինանսական տնօրենի պաշտոնը զբաղեցնող տիկին Մարիաննա Շահինյանը, Գոռ Գրիգորյանին պաշտոնից ազատելուց հետո 2019 թվականի օգոստոսի 29-ին նշանակվում է ընկերության գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար (2019 թ. դեկտեմբերի 18-ից նա գլխավոր տնօրենն է) ու հենց վերջինիս ղեկավարության օրոք էլ կազմվում են վճռաբեկ բողոքները: Այսինքն «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ում կատարված հիմնարար փոփոխությունները խոշոր հաշվով այս հարցում ոչինչ էլ չեն փոխել: Եվ եթե տիկին Շահինյանին իր ղեկավարության ներքո գտնվող աշխատակիցների կողմից հերթական անգամ հրամցվում է մի որոշում (կոնկրետ դեպքում՝ թերություններով վճռաբեկ բողոքի կազմումը), որից նա տեղյակ չէ, դա գուժում է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ում տիրող վարքերի ու կառավարման ճգնաժամի մասին: Իսկ եթե տիկին Շահինյանը տեղյակ է ու ստանձնում է վճռաբեկ բողոք կազմելու պատասխանատվությունը, ապա առնվազն պետք է «Վեոլիա Օ-Քոմփանի Ժենեղալ Դեզ Օ» կոմանդիտային բաժնետիրական ընկերությանը հստակ ներկայացվի ժամանակ ձգելու մարտավարության հիմնավորումը: Իսկ միգուցե այդ հիմնավորումը այն է, որ տիկին Շահինյանը ժամանակին Գոռ Գրիգորյանի մտերիմն էր, անմիջական ենթական ու ի պաշտոնե պարտավոր էր բացահայտել ներդրված յուրացումների սխեման:
Վճռաբեկ բողոքներ ներկայացնելը տիկին Շահինյանի կոպտագույն սխալն էր: Դրանով նա «Վեոլիա ջրում» վերակենդանացնում է «գոռիզմը», դառնում նախկինների անվնաս նահանջն ապահովող բաստիոնը: Եթե մինչ այս հնարավոր էր արդարացնել համակարգում նախկինների թիմակիցներին բարձր պաշտոնների նշանակելու երևույթները, ապա վերջին զարգացումները անշեղորեն մատնանշում են, որ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ում տեղի են ունեցել ոչ թե իրական փոփոխություններ, այլ կոսմետիկ վերափոխում՝ ուղղված արտաքին աշխարհին (այդ թվում նաև Վեոլիա Գրուպին):
Ինչևիցե, ժամանակը ամեն ինչ կդնի իր տեղը: «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն անհրաժեշտ է փրկել:
Քրեական գործի մյուս մասը՝ կապված ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանի և ՀԾԿՀ ևս 7 նախկին պաշտոնատար անձանց համար ֆինանսական ծախսային միջոցներից 8 ավիատոմսեր գնելու և տրամադրելու երևույթի հետ քննարկման առանձին առարկա է ու ուսումնասիրություններից հետո կներկայացվի առանձին:
Հ․Գ․ Առանց արմատական փոփոխությունների՝ «Վեոլիայի» կառավարման ներքո գտնվող խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման համակարգը մոտ ապագայում քայքայվելու է, և «Վեոլիան», չկատարելով իր պայմանագրային պարտավորությունները, հեռանալու է Հայաստանից, մեր երկրին թողնելով ձախողված ու անկառավարելի ջրային համակարգ:
«ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԲԸ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ