Վերջին տարիներին Հայաստանում էլ են սկսել Ամանորի նախօրյակին պատրաստել կոճապղպեղով թխվածքաբլիթներ (gingerbread կամ имбирное печенье), որը Եվրոպայում եւ ԱՄՆ-ում սիրված թխվածքաբլիթ է, իսկ Սուրբ Ծննդյան տոների հետ առնչվում է այնքանով, որ այնտեղ ընդունված է Ծննդյան տոնի նախօրեին բուխարու մոտ այդ թխվածքաբլիթից դնել՝ Սանտա Կլաուսի համար: Տարբեր համեմունքներով լեցուն այս թխվածքաբլիթը նաեւ բավականին երկար է թարմ մնում, իսկ դրա տեսակները ողջ աշխարհում շատ են ու տարբեր՝ ռուսական пряник-ները, սկանդինավյան pepperkօke-ը կամ peperkoek-ը եւ այլն, գերմանական Pfefferkuchen կամ lebkuchen-ը եւ այլն: Այս բոլոր թխվածքներին կապում է խմորի մեջ մեղրի եւ բազմատեսակ համեմունքների առկայությունը: Այս համեղ թխվածքաբլիթը կարելի է պատրաստել ցանկացած եղանակի եւ ցանկացած օր, իսկ ձեւավորել՝ կախված առիթից: Թեեւ առանց որեւէ ձեւավորման էլ շատ համեղ է: Համեմված անուշահացի բաղադրատոմսերը շատ-շատ են, առաջարկում եմ մի հեշտ եւ արագ պատրաստվող տարբերակ:
Անհրաժեշտ մթերքները
Կարագ կամ հալած յուղ- 150 գրամ
Ձվի դեղնուց- 1 հատ
Կարդացեք նաև
Շաքարավազ-1 բաժակ
Մեղր կամ մուգ շաքարավազ (եղեգնաշաքար,тростниковый сахар)- 2-3 ճաշի գդալ
Ալյուր-մոտ 1,5 բաժակ
Համեմունքներ- աղացած կոճապղպեղ, մեխակ, հիլ, անիս, սեւ պղպեղ, մշկընկույզ, դարչին, բուրավետ պղպեղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Շաքարավազն ու կարագը կամ յուղը լավ խառնել, ավելացնել ձվի դեղնուցը, մեղրը եւ մուգ շաքարավազը, շարունակել խառնել: Ավելացնել բոլոր համեմունքները, ալյուրը: Պետք է դառնա փափուկ, ձեռքերին չկպչող խմոր: Գուցե 1 բաժակ ալյուրն էլ բավականացնի, գուցե 2 բաժակի կարիք լինի, հարկավոր է քիչ քիչ ավելացնել եւ խառնել:
Խմորը լցնել ալյուրապատ տախտակի վրա, բացել գրտնակով կամ ձեռքերով: Կտրատել ըստ ճաշակի եւ ըստ կաղապարի՝ եղեւնու, մարդուկի, հրեշտակի, ձիուկի կամ որեւէ այլ տեսքով:
Դնել նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցը 5-10 րոպեով, մինչեւ գույնը թեթեւակի փոխի:
Եթե ցանկանում եք կարող եք գունավոր ջնարակով զարդարել ձեր թխվածքները: Եթե չունեք պատրաստի գունավոր ջնարակներ, կարող եք ինքներդ պատրաստել: Ջնարակի համար հարկավոր է շաքարի փոշին եւ կիտրոնի հյութը լավ խառնել, որ դառնա մածուցիկ զանգված (1 բաժակ շաքարի փոշուն պետք է խառնել մոտ 4-5 ճաշի գդալ կիտրոնի հյութ, անընդհատ խառնեք, եթե կարիք լինի շաքարի փոշին կամ կիտրոնի հյութը ավելացրեք, որպեսզի ստանաք ձեզ անհրաժեշտ խտության զանգված): Ջնարակի պատրաստման եղանակը կարող եք տեսնել այստեղ: Իսկ գունավոր ջնարակ ստանալու համար սպիտակ ջնարակին ավելացրեք 1-2 կաթիլ սննդային ներկ:
Բարի ախորժակ
Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ