Լրահոս
Օրվա լրահոսը

Արդեն օրենք դարձած ու գործողության մեջ դրված նախագիծը պատրաստած, գործադիրում քննարկած, ԱԺ-ում դակած հարյուրավոր մարդիկ գաղափար ունեցե՞լ են այս պահանջից, թե՞ ոչ. Ատոմ Մարգարյան

Հունվար 05,2020 21:29

Բալային համակարգը իրավական առումով աբսուրդի ժանրից է և խոցելի։ Միևնույն իրավախախտման համար մարդուն կարելի է պատժել կամ դատել միմիայն մեկ անգամ։ Սա դեռևս Հին հռոմեական իրավունքից եկող և միջազգային բազմաթիվ իրավական փաստաթղթերում ամրագրված կանոն է, որոնց միացել է նաև Հայաստանի Հանրապետությունը։ Օրինակ՝ «Մարդու քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային խարտիայի» 14-րդ հոդվածն ասում է. «Ոչ ոք չպետք է դատվի կամ կրկնակի պատժվի այն իրավախախտման համար, որի համար նա վերջնականապես պատժվել կամ արդարացվել է՝ համապատասխան տվյալ երկրի օրենսդրությանը»։ Դարերից եկող այս սկզբունքը («non bis in idem») գիտի իրավաբանությունից տարրական գիտելիքներ ունեցող յուրաքանչյուր ոք։

Հիմա հարցեր. մոտ երեք տասնյակ ճանապարհատրանսպորտային խախտումների համար տուգանքներ գանձելով (ասել է թե՝ պատժելով) մենք հետո դրանք ինչու՞ ենք հաշվի առնում համադրված տուգանային բալերի մեջ ու մի հատ էլ կրկնակի պատժում՝ զրկելով վարորդական իրավունքից, երբ պարզ իրավական կանոնը հուշում է, որ դա պարզապես արգելված է։ Արդեն օրենք դարձած ու գործողության մեջ դրված նախագիծը պատրաստած, գործադիրում քննարկած, ԱԺ-ում դակած հարյուրավոր մարդիկ գաղափար ունեցե՞լ են այս պահանջից, թե՞ ոչ։ Երբ որ ԱԺ ընդունած օրենսդրական փոփոխությունների այս փաթեթը հասել է նախագահին, նա գոնե մի պահ մտածե՞լ է, որ ստորագրելուց առաջ այն կարելի էր ուղարկել Սահմանադրական դատարան՝ կարծիքի։

Այն, որ մեր ճանապարհներին խայտառակ վիճակ է ու ով ինչպես ուզում՝ այնպես քշում է, փաստ է ու վիճարկելի չէ։ Բայց վարորդները տարբեր են՝ ոմանք վերին աստիճանի բարեխիղճ են, իսկ ոմանք էլ ղեկին՝ չարամիտ խուլիգաններ։ Ցավոք մեր երկրում երթևեկության պայմաններն անտանելի են ու մարդիկ հաճախ խախտումներ են անում ակամա, իրենցից անկախ պատճառներով (խորդուբորդ ճանապարհներ, գծանշումների վատ որակ կամ բացակայություն, լուսացույցերի անկանոն աշխատանք, երթևեկության այլ մասնակիցների սադրանք և այլն)։ Ու բալային համակարգը, այն ձևով, ինչ ներդրվել է, չի լուծելու խնդիրները։ Այն ուղղակի մեծացնելու է լարվածությունը ճանապարհներին, վարորդների մոտ՝ սխալվելու հավանականությունը, և արդյունքում՝ խախտումների վիճակագրությունը շարունակելու է աճել՝ հետն էլ՝ մարդկանց դժգոհությունը։

Ատոմ ՄԱՐԳԱՐՅԱՆ

ՀՊՏՀ ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Քրիստափոր says:

    Դուք ինքներդ գրում եք ,, Այն, որ մեր ճանապարհներին խայտառակ վիճակ է ու ով ինչպես ուզում՝ այնպես քշում է, փաստ է ու վիճարկելի չէ,,:
    Իսկ Ձեր կարծիքով ինչ որ բան պե՞տք Է անել, թե ոչ: Մեկ տարուց ավել, որտեղ ասես չէր քննարկվում, հենց օրենքը ուժի մեջ մտավ արթնացաք ու շատ ներողություն անիմաստ հոդված գրեցիք՝ օդից: Դե մի բան առաջարկեք:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031