Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Շատ հավանական է, որ գեներալ Սոլեյմանիի դեմ գործողությունը ղեկավարվել է Ադրբեջանից»

Հունվար 05,2020 20:05

«Շատ հավանական է, որ իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի դեմ գործողությունը ղեկավարվել է եւ կազմակերպվել է ադրբեջանական հանրապետությունից»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց իրանագետ Ահարոն Վարդանյանը:

Նշենք, որ իրանագետ Վարդան Ոսկանյանն էլ այս վարկածի մասին հարցադրում է կատարել, նշելով՝ իրանցի զորահրամանատար Ղասեմ Սոլեյմանին նահատակվել է ԱԹՍ-ի հարձակման արդյունքում, արդյո՞ք այդ ԱԹՍ-ները կամ դրանց կառավարումը կարող էին կապ ունենալ Ադրբեջանում ԱՄՆ եւ Իսրայելի ներկայության հետ:

Ահարոն Վարդանյանը հավանական է համարում այդ վարկածը՝ նշելով մի շարք հանգամանքներ՝ Ադրբեջանում գտնվում են իսրայելական օպերատիվ-հետախուզական տարբեր խմբավորումներ, որոնք իրականացնում են և մշակում են տարբեր տիպի հակաիրանական գործողություններ:

Վարդանյանը նաեւ նշեց. «Մենք բազմիցս ականատես ենք եղել, որ Ադրբեջանի տարածքից մի շարք հակաիրանական դեպքեր են եղել: Հիշենք՝ անցած տարի Իսրայելը Իրանից  հափշտակել է գաղտնի փաստաթղթեր՝ միջուկային ծրագրի հետ կապված: Դրանք Ադրբեջանի տարածքով էին տեղափոխվել Իսրայել: Հիշենք տարիներ առաջ ԱԹՍ-ի  խոցումը՝  ադրբեջանական տարածքում: Հիշենք Սոլեյմանիի հետ նահատակված, Իրանի կողմից հովանավորվող Ալ Հաշդ ալ-Շաբի իրաքյան ժողովրդական շիա աշխարհազորային կազմակերպության ուժերի փոխհրամանատար, իրաքցի Աբու Մեհդի Մուհանդեսի խոսքերը, ասում էր՝ Շաբիի վրա հարձակումը Ադրբեջանից է ղեկավարվել: Դեկտեմբերին իսրայելական ԶԼՄ-ները հայտարարեցին, որ Ադրբեջանը պատրաստ է տրամադրել իր տարածքը Իրանի դեմ հնարավոր գործողությունների դեպքում։ Այս ամենը հաշվի առնելով, այո՛, հնարավոր է այդ վարկածը: Մենք գիտենք Ադրբեջանի ղեկավարության ռազմաքաղաքական դիրքորոշումը, գիտենք, որ նրանք Իրանը դիտարկում են թշնամական երկիր, հյուսիսային հատվածը անվանում են հարավային Ադրբեջան, Բաքվում ունեն հարավային Ադրբեջանի ամբիոն կամ ինստիտուտ: Նրանք զբաղվում են հարավային Ադրբեջանի ուսումնասիրությամբ»:

Այնուամենայնիվ, իրանագետը կարծում է՝ ԱՄՆ-ն ունի ռազմաբազա Իրաքում ու ողջ տարածաշրջանում, եւ որտեղից ցանկանա՝ հարձակում կիրականացնի .«Բայց ադրբեջանական վարկածը պետք չէ աչքաթող անել»:

Հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանի վրա ամերիկյան ուղղաթիռների եւ ԱԹՍ-ների իրականացրած օպերատիվ հարձակման հետեւանքով սպանվեց Իրանի իսլամական  հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Իրանը Իրաքի մայրաքաղաք Բաղդադում հրթիռակոծություն իրականացրեց: Հրթիռներից մեկն ընկել է Իրաքում ԱՄՆ դեսպանատան շենքից ոչ հեռու։ Կրակահերթի տակ է հայտնվել Իրաքի հյուսիսում գտնվող «Բալադ» ռազմաօդային կայանը, որը տնօրինում են ԱՄՆ-ի զինված ուժերը։ ԱՄՆ-Իրան հարաբերությունները լարված են. ԱՄՆ նախագահը Թրամփը սպառնացել է խոցել «52 իրանական օբեկտ», դրանց թվում «բարձր մակարդակի», Իրանի համար կարեւոր եւ մշակութային օբեկտներ: Իրանագետները կարծում են՝ Իրանն անպայման կպատասխանի ԱՄՆ-ին:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031