Լրահոս
Օրվա լրահոսը

Ահարոն Վարդանյան. «Իրանի համար պատասխանելն արդեն պատվի եւ արժանապատվության խնդիր է»

Հունվար 05,2020 19:04

Հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանի վրա ամերիկյան ուղղաթիռների եւ ԱԹՍ-ների իրականացրած օպերատիվ հարձակման հետեւանքով Իրանի իսլամական  հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո հայկական կողմը մտահոգություն է հայտնել  ստեղծված իրավիճակով, ապա հունվարի 5-ին ցավակցություն հղել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ուղերձ հղեց ԱՄՆ-ին եւ Իրանին՝ տարածաշրջանում կայունության եւ խաղաղության պահմանման համար:

Իրանագետ Ահարոն Վարդանյանը հայկական կողմի ցավակցությունը ճիշտ է համարում:

Aravot.am-ի հետ զրույցում Վարդանյանն ասաց, որ դեռ Սոլեյմանիի սպանության հաջորդ օրն է ինքը կարծիք հայտնել, որ պաշտոնական Երեւանը պետք է ցավակցություն հայտնի, քանի որ Իրանը մեր դարավոր հարեւանն է, իսկ Սոլեյմանիի սպանությունը շարքային գեներալի, գնդապետի կամ բարձրաստիճան զինվորականի սպանություն չէ.«Նա Իրանի համար հերոսական կերպար է, նրան հավասարեցնում են սրբերին: Նա մոտ 20 տարի ղեկավարել է ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանումը, դրանից առաջ էլ պայքարելով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ՝ նա բարձր հեղինակություն էր վայելում ոչ միայն իրանցիների մոտ, այլեւ ողջ Մերձավոր Արեւելքում, եւ նույնիսկ, այն մարդիկ, ուժերը, որոնք թշնամաբար էին տրամադրված Իրանի նկատմամբ, հարգում էին նրան»:

Իրավիճակի լարվածությունը Հայաստանին կարող է վտանգել այնքանով, որքանով տարածաշրջանի մյուս երկրների համար, եւ ինչպես իրանագետն ասաց, պետք է հաշվի առնել, որ ԱՄՆ-ն տարածաշրջանում ունի ամենամեծ դեսպանատունը, եւ սա հենց այնպես չէ.«Վտանգների առումով՝ հաշվի առնելով, որ պետք է նաեւ մի փոքր հետ գնանք, երբ Բոլթոնն էր խոսում այստեղ հայ-իրանական սահմանի հետ կապված բարդության մասին: Այո, վտանգներն առկա են, կարող են ավելի մեծանալ, չնայած ես կարծում եմ, որ ռազմական գործողությունները կլինեն այնպիսին, ինչպես ներկայում են՝ իրենց ազդեցության  տարբեր գոտիներում ուժերի բախման: Բայց պետք է այնպես անել, որ պատերազմական գործողությունների թատերաբեմը չլինի Հայաստանի հանրապետությունը:  Կարծում եմ՝ մեր ղեկավարությունը կհասնի դրան, պետք է ուշադիր գործել այս խառնակ իրավիճակում»:

Վարդանյանը գտնում է՝ պաշտոնական Երեւանը պետք է Իրանին ցավակցություն հայտներ,  եւ արդյոք դա կազդի՞  հայ-ամերիկյան հարաբերություններ վրա, որովհետեւ, ինչպես քաղաքագետներն են կարծում՝ ԱՄՆ-ին Հայաստանին եւ Արցախին ամենախոշոր աջակցող երկիրն է:  Մենք այնպիսի տարածաշրջանում չենք գտնվում, որ չեզոքությամբ կարողանանք առաջ շարժվել, մենք այնպիսի դիրքում ենք, որ խաղարկող ենք, ոչ թե խաղարկվող: Իսկ եթե ԱՄՆ-ն աջակցում է ՀՀ-ին, ապա մեր սիրուն աչքերի համար չէ անում, իր սեփական շահի համար է: Չեմ կարծում Հայաստանն ինչ-որ քայլ անելիս, պետք է հաշվի առնի 3-րդ կողմի կարծիքը, այստեղ կարեւոր է սեփական շահը:  Մեր կենսական շահից է բխում ցավակցելը, մեր անմիջական սահմանն է, ու բաց սահմանը»,-ասաց Վարդանյանը:

Սոլեյմանիի սպանվելուց հետո Իրանը Իրաքի մայրաքաղաք Բաղդադում հրթիռակոծություն իրականացրեց: Հրթիռներից մեկն ընկել է Իրաքում ԱՄՆ դեսպանատան շենքից ոչ հեռու։ Կրակահերթի տակ է հայտնվել Իրաքի հյուսիսում գտնվող «Բալադ» ռազմաօդային կայանը, որը տնօրինում են ԱՄՆ-ի զինված ուժերը։ ԱՄՆ նախագահ Թրամփը սպառնացել է խոցել «52 իրանական օբյեկտ», դրանց թվում «բարձր մակարդակի», Իրանի համար կարեւոր եւ մշակութային օբյեկտներ:
Ի՞նչ զարգացումների սպասենք: Իրանագետն ասաց՝ հռետորաբանական մակարդակում Իրանում էլ սպառում էին, ոչ ամենաբարձր մակարդակով, վերացնել ԱՄՆ-ն , ԱՄՆ-ն էլ սպառնում էր  52 օբյեկտներ վերացնել.«21-րդ դարում երկրի նախագահը սպառնում է ոչնչացնել բազմադարյա մշակութային օբյեկտ, ինձ համար սա զարմանալի է: Լինելով իրանագետ, չեմ հասկանում մշակութային օբյեկտների վերացման ցանկությունը: Բայց սխալ կլինի կարծել, որ Իրանը հենց հաջորդ օրը պետք է պատասխան տա, որովհետեւ ճանաչելով իրանական ավանդական աշխարհայացքը, մտածելակերպն ու քաղաքականությունը, Իրանը կգործի իրանական ասացվածքի համաձայն՝ երբ իր թշնամուն սպանում է 99 տարի անց, ասում է՝ փոքր-ինչ շտապեցի: Իրանը կսպասի հարմար պահի, իսկ որ պատասխան կտա, դա միանշանակ է:  Բաղդադի դեպքերը տեղավորվում է Իրանի պատասխանի ծիրում:  Բայց Իրանը պատասխան կտա ոչ իր սեփական ձեռքերով, նա ունի Մերձավոր Արեւելքում բազմաթիվ լծակներ, ազդեցության գոտիներ, ուժեր, որոնք կարող են պատասխան տալ: Կարծում եմ՝ հենց այսպես էլ պետք է սպասենք պատասխանի: Իհարկե, լավ կլինի երկու երկրները նստեն բանակցության սեղանի շուրջ, եւ ամեն ինչ հարթվի բանակցային միջոցով, եւ ավելի թեժ գործողությունների չհասնի, դա մեր շահերից էլ չի բխում»:

Արդյո՞ք ռազմական գործողությունը լայնածավալ պատերազմի կհասնի՞ եւ արդյոք այս երկու պետությունները պատրա՞ստ են դրան. Ահարոն Վարդանյանն ասաց՝ ոչ մի պատերազմ ձեռնտու չէ, պատերազմն օգտակար չէ ոչ մեկին, միեւնույն ժամանակ՝ օգտակար է եւ վնասակար բոլորին.«Մարդկային զոհերն Իրան-ԱՄՆ լարվածության կարմիր գիծն էր, բարձրաստիճան սպայի սպանությունով հատվեց կարմիր գիծը, եւ պետք է հաշվի առնել, որ Իրանի համար պատասխանելն արդեն պատվի եւ արժանապատվության խնդիր է: Ճիշտ է, առջեւում ԱՄՆ-ում  ընտրություններ են, Իրանը պատժամիջոցների տակ է, Իրանում սոցիալ-տնտեսական խնդիրներ կան, բայց այս հարվածը հակառակ ազդեցությունը տվեց, Իրանում հասարակությունը միավորվել է ԱՄՆ-ի դեմ՝ Սոլեյմանիի պաստառներով: Իրանում հիմա տարբեր խավեր միավորվում են: Եթե Իրանում նոյեմբեր ամսին իշխանությունների դեմ էին ցույցերը, հիմա՝ ի պաշտպանություն իշխանության, իսրայելական եւ ամերիկյան  արբանյակների դեմ կոչերով»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարը՝ Ահարոն Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031