«Արտանիշի գագաթից խաղաղության եւ իմաստնության ուղերձ եմ հղում Իրանի նախագահ Հասան Ռոհանիին եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին»,-այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս հայտարարությունն է արել Արտանիշ լեռան գագաթից, որտեղ նա բարձրացել է շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի եւ մի խումբ քաղաքացիների ուղեկցությամբ:
Փաշինյանն ասել է. «Իրանը մեզ համար բարեկամ երկիր է, ԱՄՆ-ը եւս մեզ համար բարեկամ երկիր է, եւ մենք չենք կարող ներքաշվել հակաիրանական եւ հակաամերիկյան գործողությունների մեջ»:
Վարչապետը նաեւ ասել է. «Մեր վերելքը Արտանիշի գագաթ՝ նվիրում ենք տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատմանը: Ուզում եմ այստեղից իմ ողջույնի ուղերձները հղել իմ գործընկեր Իրանի նախագահ Հասան Ռոհանիին, ում հետ հանդիպել եմ հոկտեմբերին՝ Երեւանում, իմ ողջույնը հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ում հետ հանդիպելու եւ շփվելու առիթ ունեցել եմ սեպտեմբերին՝ Նյու-Յորքում: Համոզված եմ՝ երկու առաջնորդները իմաստուն կգտնվեն այս իրավիճակում եւ թույլ չեն տա իրավիճակն ավելի վատթարանա: Մեր բոլոր ծառայություները պետք է նվիրված լինեն մեր երկրների եւ ժողովուրդների զարգացմանը՝ փոխադարձ հարգանքի տրամաբանության մեջ»: Վարչապետի խոսքով՝ հանձնարարականներ է տվել համապատասխան կառույցներին՝ հետեւելու իրավիճակին եւ «մատը զարկերակի վրա պահելու»:
https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/2324764097814497/
Կարդացեք նաև
Հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանի վրա ամերիկյան ուղղաթիռների եւ ԱԹՍ-ների իրականացրած օպերատիվ հարձակման հետեւանքով սպանվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանին եւ Իրանի կողմից հովանավորվող Ալ Հաշդ ալ-Շաբի իրաքյան ժողովրդական շիա աշխարհազորային կազմակերպության ուժերի փոխհրամանատար Աբու Մեհդի ալ Մուհանդեսը:
Դրան հաջորդել է Իրանի՝ Իրաքի մայրաքաղաք Բաղդադի հրթիռակոծությունը: Պայթյունը գրանցվել է Բաղդադի, այսպես կոչված, «կանաչ գոտու» տարածքում, որտեղ տեղակայված են կառավարական հաստատություններ եւ օտարերկրյա դիվանագիտական կառույցներ։ Հրթիռներից մեկն ընկել է Իրաքում ԱՄՆ դեսպանատան շենքից ոչ հեռու։ Կրակահերթի տակ է հայտնվել Իրաքի հյուսիսում գտնվող «Բալադ» ռազմաօդային կայանը, որը տնօրինում են ԱՄՆ-ի զինված ուժերը։
Պատրաստեց՝ Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ