Երեկ, հունվարի 4-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Հյուսիսային ավտոկայանի հարևանությամբ գտնվող «Մեծ Անիվ» խանութ-սրահի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ՝ 26-ամյա Վարդգես Հովհաննիսյանի վարած BMW մակնիշի 35 XS 118 համարանիշի և 22-ամյա Հովհաննես Ավոյանի վարած Nissan մակնիշի 36 QF 344 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW-ի վարորդ Վ․ Հովհաննիսյանը և նրա ուղևորներ, Երևանի բնակիչներ՝ 27-ամյա Դավիթ Աղաբաբյանը, ով ըստ Գ․ Շամշյանի տեղեկությունների՝ ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, կոչումով կապիտան է, և 31-ամյա Գոհար Աղաբաբյանը, ով ըստ Գ. Շամշյանի աշխատում է «Սլավմեդ» բժշկական կենտրոնում, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Իսկ Nissan-ի վարորդ Հ․ Ավոյանն ու նրա ուղևորներ՝ Երևանի բնակիչ 23-ամյա Գրիգոր Ղուկասյանը տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 հիվանդանոց, իսկ Կոտայքի մարզի բնակիչ 25-ամյա Գոհար Իսրայելյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող MENSO ակումբի աշխատակիցները, ովքեր ոչ միայն վիրավորներին են ավտոմեքենայից դուրս բերել, այլև մինչև շտապօգնության ժամանումը անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել նրանց։ Դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը MENSO ակումբի աշխատակիցների հետ վիրավորներին տեղափոխել են հիվանդանոցներ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: