Երեկ միջազգային լրատվամիջոցները հայտնում էին, որ Իրաքի մայրաքաղաք Բաղդադը ենթարկվել է հրթիռակոծության։ Այս մասին հաղորդում է Sky News Arabia-ն։ Աղբյուրի հաղորդմամբ` մասնավորապես պայթյունը գրանցվել է Բաղդադի այսպես կոչված «կանաչ գոտու» տարածքում, որտեղ տեղակայված են կառավարական հաստատություններ եւ օտարերկրյա դիվանագիտական կառույցներ։
Հավելենք, որ տեղեկատվության պաշտոնական մեկնաբանություն դեռեւս չկա, զոհերի եւ վիրավորների մասին ճշգրիտ տվյալներ` եւս։ Ըստ մի շարք ԶԼՄ-ների տեղեկությունների` հրթիռներից մեկն ընկել է Իրաքում ԱՄՆ դեսպանատան շենքից ոչ հեռու։ Կրակահերթի տակ է հայտնվել Իրաքի հյուսիսում գտնվող «Բալադ» ռազմաօդային կայանը, որը տնօրինում են ԱՄՆ-ի զինված ուժերը։
Ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռոհանին Թուրքիայի նախագահի հետ հեռախոսազրույցում ասել էր, որ անհրաժեշտ է հանդես գալ ԱՄՆ-ի դեմ` կանխելու համար վերջինիս` իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո հնարավոր ավելի բիրտ գործողությունները։ Հիշեցնենք, Սոլեյմանին սպանվել էր հունվարի 3-ին` Բաղդադի օդանավակայանի շրջակայքում ԱՄՆ ԶՈՒ հրթիռակոծության հետևանքով։