«Դրանք լրիվ տարբեր հարցեր են և գտնվում են տարբեր հարթություններում: Ինչ վերաբերում է պարոն Փաշինյանի՝ Գյումրին գովազդելուն, պետք է նշեմ, որ նախ Փաշինյանն առաջին վարչապետը չէ, որ Գյումրին գովազդել է և այնպես չէ, որ միայն ինքն է գովազդում Գյումրին. օրինակ՝ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը»,-Aravot.am-ի հարցին՝ արդյոք իր կարծիքը, թե Նիկոլ Փաշինյանը կապ չունի Գյումրիում ճանապարհաշինական ծրագրի հետ, ավելին, «դեմ» է քվեարկել այդ ծրագրին, չի՞ մեղմացնում այն հանգամանքը, որ ՀՀ վարչապետը 2019-ին անընդհատ գովազդել է Գյումրին, այսպես պատասխանեց Շիրակի պետական համալսարանի պատմության և փիլիսոփայության ամբիոնի դասախոս Գագիկ Համբարյանը:
Գագիկ Համբարյանը շնորհակալություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին Գյումրին գովազդելու համար և միևնույն ժամանակ նշեց. «Այո, շնորհակալություն պարոն վարչապետին Գյումրին գովազդելու և մեծ թվով ներքին զբոսաշրջիկների դեպի Գյումրի ուղղորդելու համար, չնայած պետք է նշեմ, որ ներքին զբոսաշրջությունը շատ քիչ օգուտ է տալիս Գյումրիին, քանի որ բոլոր մասնագետներն էլ կփաստեն, որ եթե զբոսաշրջիկը գիշերակացով չի մնում համապատասխան վայրում, այն գրեթե օգուտ չի տալիս այն քաղաքին և վայրին, ուր ինքն այցելում է: Այն, որ մեծ թվով կարկանդակ և պոնչիկ ուտող ու ընդամենը մեկ կոլա խմող զբոսաշրջիկներ են գալիս Գյումրի, դա փաստ է, բայց միևնույն ժամանակ նշեմ, որ շատ մեծ թիվ չեն կազմում գիշերակացով Գյումրիում հանգրվանող զբոսաշրջիկները: Այդ ուղղությամբ պետք է աշխատանք տանել»:
Նշենք, որ Գագիկ Համբարյանը հիշեցրել էր, թե «Փաշինյանը «դեմ» է քվեարկել Գյումրիում ճանապարհաշինական ծրագրին, սակայն օգտվում է դրա դափնիներից» ու մանրամասնել. «Հիշեցնեմ, որ Գյումրիում լայնամասշտաբ ճանապարհաշինական ծրագիրն առաջին անգամ քննարկվել է 2015 թ.-ի դեկտեմբերի սկզբին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հանդիպման ժամանակ… 2016 թ.-ի մայիսի 11-ին Լոնդոնում Գյումրու քաղաքապետ Ս. Բալասանյանը, ՎԶԵԲ-ի ներկայացուցիչը և Հայաստանի փոխվարչապետը պայմանագիր են ստորագրում, համաձայն որի` Գյումրու փողոցների վերակառուցման և վերանորոգման համար ՀՀ կառավարությանը տրամադրվում էր 14,6 միլիոն եվրո վարկ և 8,9 միլիոն եվրո դրամաշնորհ՝ ընդհանուր 23,5 միլիոն եվրո գումար… Իսկ հետո սկսվում է ամենահետաքրքիրը… Գյումրիի փողոցաշինական ծրագրերը հիմա իրենով անող պարոն Փաշինյանը, երբ 2016 թ.-ի հունիսի 17-ին ԱԺ-ում այդ դրամաշնորհի հարցը դրված էր քվեարկության, «դեմ» է քվեարկել… Այո՛, նա և ևս 3 պատգամավորներ ՀԱԿ խմբակցությունից դեմ են քվեարկել…»:
Այս հարցը Գագիկ Համբարյանը քննարկում է բարոյական հարթությունում: Նա նշեց. «Այն, որ պարոն Փաշինյանի կառավարությունը վերահսկեց ճանապարհաշինական ծրագիրը Գյումրիում, և այն ավարտվեց, դա այլ հարց է, բայց երբ պարոն Փաշինյանին շնորհակալություն են հայտնում նրա համար, որ ինքը կազմակերպել է Գյումրիում ճանապարհաշինություն, որևէ մեկն իր շրջապատից և ինքն էլ ծպտուն չեն հանում և փորձում են դրանով հաստատել, որ այդ ծրագիրն իրենք են արել, դա արդեն անբարոյականություն է: Ես կոնկրետ փաստերով ու թվերով եմ խոսում»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Գյումրիի ճանապարհաշինական ծրագրին «դեմ» քվեարկելուն՝ քաղաքագետն ասաց. «Ես ընդունում եմ նրա տեսակետը, որ ինքը չէր վստահում նախորդ իշխանություններին և շատ դեպքերում բարձրացնում էր օտարերկրյա բանկերի վարկերը ոչ արդյունավետ ծախսելու խնդիրը: Բայց այդ ծրագիրը վաղուց իրականացվում է Գյումրիում, և ինչպե՞ս կարելի է սեփականաշնորհել ու ասել, որ դա ինքն է արել: Ոչ ոք չի ասում, որ պարոն Փաշինյանի կառավարությունը լումա չունի, բայց այդ լուման պետք է դիվերսիֆիկացվի. ընդամենը վերահսկողական ֆունկցիաներ է կատարել և վերջ, բայց ինքն այդ ծրագիրը «բերելու» և Գյումրիում ճանապարհաշինական ծրագիր իրագործելու հետ որևէ կապ չունի: Ինքն ընդամենը քաղաքական իրադարձությունների արդյունքում իշխանության է եկել և ստանձնել վարչապետի պաշտոնը ու մեխանիկորեն ստանձնել նախորդներից ստացած ժառանգությունը՝ թե′ վատ, թե′ լավ: Երբ վատ բաներ են եղել նախկինում, ինքն անընդհատ նշում է դրա մասին, բայց երբ որևէ դրական բան էլ կա, ոչ ինքը, ոչ իր շրջապատը չեն սիրում նշել, որ ընդամենը վերահսկողական ֆունկցիան են կատարել»:
Մեր հարցին՝ գյումրեցիների շրջանում կա՞ այդ դիսկուրսը, թե՞ նրանք էլ են մոռացել, Գագիկ Համբարյանը պատասխանեց. «Հիմա շատ դեպքերում հետհեղափոխական էյֆորիայի տակ են մնացել և միևնույն ժամանակ լրատվական միջոցները՝ հիմնականում հեռուստաընկերությունները, գրեթե որևէ պարզաբանում այս հարցի վերաբերյալ չեն ներկայացնում, մանրամասներ չեն բարձրաձայնում, ուստի հասարակության մոտ մեխանիկորեն այն կարծիքն է, որ Փաշինյանը եկավ ու սկսեց կառուցապատել Գյումրիի փողոցները: Դիսկուրս որպես այդպիսին չկա, շատ քիչ մարդիկ են, որ այդ հարցը բարձրացրել են: Ես նախկին կառավարության ամենախիստ քննադատներից մեկն եմ եղել, բայց ճիշտը մեկն է, եթե դա պարոն Փաշինյանի արածը լիներ, կասեի շնորհակալություն, բայց երբ նա գրեթե իննսուն տոկոսով պատրաստի ծրագրի, գրեթե փաթեթի վրա գալիս, նստում է և ընդամենը վերահսկողական ֆունկցիաներ է կատարում ու փորձում այդ ամենը վերագրել իրեն և դա անում են՝ լռելով, փաստի վերաբերյալ մանրամասներ չհայտնելով ինքն ու իր կառավարության անդամները, դա արդեն գեղեցիկ չէ: Շատ լավ կլիներ, որ պարոն Փաշինյանը Գյումրիի համար այս մեկ տարի ինը ամսվա ընթացքում ինքն էլ ինչ-որ ծրագիր բերեր: Գործընթացները ցույց են տալիս, որ եթե ցանկություն կա, մեկուկես տարվա ընթացքում կարելի է շատ մեծ բաներ անել Գյումրիի կամ հանրապետության այլ քաղաքների համար»:
Մեր հարցին՝ Կարեն Կարապետյանը շարունակո՞ւմ է Գյումրիում ներդրումներ անել, Գագիկ Համբարյանը պատասխանեց. «Անկեղծ ասած՝ մանրամասներ չգիտեմ՝ Կարեն Կարապետյանը ծրագրեր անո՞ւմ է, թե՝ ոչ: Միայն նշեմ, որ նա Գյումրիում ունի սեփական «Ֆլորենս Գյումրի» ռեստորանը: Այս կապակցությամբ քաղաքագետը հիշեցրեց. «Այդ ռեստորանի ամանորյա լուսավորված լուսանկարը ևս պարոն Փաշինյանը դրել էր իր կայքում և շատ ուրախացել: Դա բարոյական հարթության վրա է գտնվում: Երբեք պետք չէ մոռանալ, թե մեկ տարի ինը ամիս առաջ պարոն Փաշինյանի շրջապատը, հիմա բավականին բարձր պաշտոններ ստացած որոշ անձինք, էլ չեմ ասում՝ նաև պարոն Փաշինյանի երկրպագուներն ինչպիսի անձնական վիրավորանքներ էին հղում Կարեն Կարապետյանին՝ որպես այդ ժամանակվա փոխվարչապետ, անձ, քաղաքական գործիչ: Հիմա առանց ամոթի նրա սեփականություն հանդիսացող ռեստորանի լուսանկարը դնում են իրենց էջերին ու ասում, թե Գյումրին Փարիզ է դարձել: Է, ձե՞զ ինչ, դուք դարձրեք. հլը մարդն իր անձնական սեփականությունը զարդարում է, և դա որևէ կապ չունի պարոն Փաշինյանի և նրա շրջապատի հետ»:
Մեր դիտարկմանը՝ մի առիթով Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Գյումրին իր համար 1000 հատ Բևեռլի հիլզ արժե, Գագիկ Համբարյանն այսպես արձագանքեց. «Դա պարոն Փաշինյանի սեփական կարծիքն է. ես բացարձակ իրավունք չեմ վերապահում ինձ իր հայտարարությունները քննարկել: Կարող է Գյումրին պարոն Փաշինյանի համար ոչ միայն Բևեռլի հիլզ լինել, այլև Դուբայ Մարինա, Մանհեթեն կամ Հինգերորդ ավենյու լինել, դա իր սեփական կարծիքն է, բայց ամեն դեպքում այն, ինչ կա հիմա Գյումրիում պարոն Փաշինյանի հետ շատ քիչ կապ ունի: Եվ պարոն Փաշինյանը Գյումրին գովազդելով՝ ընդամենը հասել է նրան, որ ներքին զբոսաշրջությունն է բավականին ակտիվացել, բայց մեծ փոփոխություն այս պահին դրանում չկա: Մեկ էլ մեքենաների մաքսատունն է բերել, այն էլ բոլորս գիտենք, որ հունվարի 1-ից մեքենաների մեծ քանակի հոսք դեպի ՀՀ կրճատվելու է: Լինելով ԵԱՏՄ անդամ՝ ՀՀ-ն համապատասխան պարտականություններ է վերցրել, և արտոնյալ պայմաններ մեքենաներ ներկրելու առումով էլ չկան»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ