Նոր տարին ցանկանում եմ սկսել լավ լուրերով։ Վերջին երեք տարիների ընթացքում մեր ԱրԱր հիմնադրամը, Պաշտպանության նախարարության հետ համատեղ, կազմակերպում է սփյուռքահայ երիտասարդների ամենամյա ռազմամարզական հավաքներ։ Ծրագիրը կոչվում է Մարար, և նրա նպատակն է արտերկրում ապրող, և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող հայ երիտասարդներին կապել հայրենիքի հետ՝ բանակի միջոցով։
Նախկինում այս գաղափարը կարող էր տարօրինակ թվալ, քանի որ բուն Հայաստանում ապրող երիտասարդների մի մասը ամեն տարի հեռանում էր երկրից՝ բանակային ծառայությունից խուսափելու նպատակով։ Մեր բանակի զարգացման, կարողությունների ընդլայնման, և տեխնոլոգիական հագեցման բարձրացմանը զուգընթաց, մենք փորձում ենք հիմա շրջել այս ընթացքը, ցույց տալ արտերկրում ապրող մեր հայրենակիցներին, որ մեր բանակը իրական հպարտության առարկա է, և յուրաքանչյուր հայի պարտքն է՝ աջակցել նրա կայացմանը, այն հաշվարկով, որ հեռանկարում ամբողջ աշխարհից հայ երիտասարդները ցանկանան վերադառնալ հայրենիք՝ բանակում ծառայություն անցնելու, և հայրենիքի պաշտպանությանը իրենց ավանդը բերելու նպատակով։
Ուրախությամբ ցանկանում եմ նշել, որ տարեց տարի, ծրագրի պահանջարկը աճում է, 2019 թ․ մենք կրկնակի ավել մասնակիցներ ենք ունեցել նախորդ տարվա համեմատ, նրանց թվում՝ նաև մի քանի երիտասարդ կանայք, և նրանք Հայաստանից մեկնում են լավագույն հիշողություններով, իսկ ոմանք էլ արդեն՝ վերադառնալու հստակ մտադրությամբ։ Սա առաջին հերթին հավաքներն անցկացնող սպայական կազմի հրաշալի աշխատանքի արդյունք է, սակայն շատ կարևոր է նաև ԱրԱր հիմնադրամի իմ գործընկերների հետևողական աշխատանքը՝ ողջ տարվա ընթացքում, ինչպես նաև ՊՆ ղեկավարության աջակցությունը՝ ծրագրի ռազմավարական կարևորության գիտակցմամբ։
Շնորհակալություն հայտնելով ծրագրի բոլոր կազմակերպիչներին և մասնակիցներին, ես լիահույս եմ, որ ՊՆ հետ համատեղ մենք առաջիկայում շարունակելու և ընդլայնելու ենք այս կարևոր ծրագիրը, մինչ այդ կիսվում եմ ձեզ հետ նրա մասին պատմող մի քանի լավագույն լուսանկարներով։
Կարդացեք նաև
Ավետիք ՉԱԼԱԲՅԱՆ
«Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ