«Շատ ողջունելի է, որ բարձրացրել են ժամկետային զինծառայողների աշխատավարձերը, բայց նրանք, ինչպես նախկին տարիներին, ունեցել են օբյեկտիվ սպասելիք աշխատավարձի չափին մոտ կամ դրա հետ համեմատելի Ամանորի պարգևավճար ստանալ, բայց չեն ստացել»,-Aravot.am-ի հարցին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պարզաբանումը ժամկետային զինծառայողների պարգևավճարների և աշխատավարձերի բարձրացման մասին համոզի՞չ էր, այսպես պատասխանեց ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը:
Հիշեցնենք՝ պատգամավորը ֆեյսբուքում գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ իրեն ու իր գործընկերներին ահազանգում են, որ դիրքապահ պայմանագրային զինծառայողները ստացել են ընդամենը 4 000 դրամ պարգևավճար: Նա մտահոգություն էր հայտնել. «Ստացվում է, որ առաջնահերթությունը տրվում է իրենց տաքուկ գրասենյակում աշխատող, մի քանի հարյուր հազար դրամ պարգևավճար ստացող պաշտոնյաներին, ոչ թե դիրքապահ զինծառայողներին ու նրանց ընտանիքներին, ովքեր իսկապես արժանի են խրախուսանքի և պարգևատրման»:
Այս գրառումից հետո Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, թե բոլոր դիրքապահների կողմից ստացվող գումարը ոչ միայն չի նվազել, այլեւ էականորեն ավելացել է. «Երեկ Նոյեմբերյանի դիրքերում տեղում պարզեցի հարցը. նախորդ տարվա դեկտեմբերին շարքային պայմանագրային դիրքապահները ստացել են 60 հազար դրամ պարգեւավճար: Իսկ այս տարվա հունիսից 18%-ով կամ շուրջ 25 հազար դրամով բարձրացել են վերջիններիս աշխատավարձերը և մոտ 8 հազար դրամով ավելացել են առաջնագծում ծառայության համար տրամադրվող հավելավճարները։Եվ ուրեմն, այս տարի նախորդ տարվա միանվագ 60 հազարի փոխարեն շարքայինները ստացել են 161 հազար, ամենամսյա վճարումով (աճը՝ 168 տոկոս): Հաջորդ տարի նախորդ տարվա 60 հազարի փոխարեն կստանան 276 հազար դրամ, կրկին ամսական վճարումներով (աճը՝ 360 տոկոս)»:
Նիկոլ Փաշինյանը հարցնում է`«ինչի՞ համար է աղմուկը եւ ովքեր են հեղինակները»:
Կարդացեք նաև
Գևորգ Գորգիսյանից հետաքրքրվեցինք՝ որպես «աղմուկ բարձրացնողներից» մեկը ինչպե՞ս կգնահատի այն, որ Նիկոլ Փաշինյանն այս խնդրի բարձրաձայնումն աղմուկ բարձրացնել որակեց, պատգամավորը պատասխանեց. «Վաղուց արդեն վարչապետի բառապաշարին ուշադրություն չեմ դարձնում, քանի որ այն վաղուց արդեն բոլոր թույլատրելի սահմաններն անցել է»:
Ըստ Գևորգ Գորգիսյանի, եթե զինծառայողների մոտ առաջացել է բողոք, ուրեմն նրանց ինչ-որ բան ճիշտ չի բացատրվել կամ նրանց ինչ-որ բան ինչպես պետք է չի ասվել, որ այդ մարդիկ, ստանալով ավելի բարձր աշխատավարձեր, շարունակում են լինել դժգոհ: Նա հավելեց. «Դա նշանակում է, որ ինչ-որ պատասխանատու մարմիններ ճիշտ չեն աշխատել և այդ ամենը ճիշտ չեն ներկայացրել առաջին հերթին զինծառայողներին: Ես շարունակում եմ պնդել, որ նույնիսկ, եթե նրանց աշխատավարձերը բարձրացել են, մարդիկ ունեցել են ակնկալիք, որ պիտի ստանային նաև պարգևավճար՝ Ամանորին ընդառաջ և, ցավոք, չեն ստացել»:
Հիշեցմանը՝ վարչապետը պնդում է, որ բոլոր դիրքապահների կողմից ստացվող գումարը ոչ միայն չի նվազել, այլեւ էականորեն ավելացել է, չի՞ փարատում մտահոգությունները, Գևորգ Գորգիսյանը պատասխանից. «Չի փարատում, քանի որ քաղաքացիները, զինծառայողներն ունեցել են օբյեկտիվ սպասումներ, որ իրենք ստանալու են համապատասխան պարգևավճար: Կար երկու տարբերակ. կամ մարդկանց նախապես պիտի զգուշացնեին, որ նրանք պարգևավճար չեն ստանալու և չակնկալեն ու հետո էլ չտային 4000 դրամ, և դրա համար կարող էր լինել օբյեկտիվ պատճառաբանություն, որ ձեր աշխատավարձը բարձրացել է, կամ պիտի ուղղակի տրվեր այդ գումարը և վերջ, քանի որ մարդիկ ունեցել են այս սպասումները և չեն ստացել: Արդեն սպասել են, որ եթե անցյալ տարի աշխատավարձը եղել է 100. 000 դրամ և ստացել են 60.000 դրամ պարգևավճար, հիմա աշխատավարձը 160.000 դրամ է, պիտի ստանային 140.000 դրամ պարգևավճար. այդ ակնկալիքը կար, բայց վերջում ստացել են 4000 դրամ: Եթե աշխատավարձը պիտի բարձրացնեիք, ինչի՞ եք ամեն ամիս պարգևավճար տալիս, աշխատավարձ բարձրացրեք: Մարդիկ այդ ընթացիկ պարգևավճարներն ընկալել են որպես աշխատավարձի բարձրացում»:
Նկատեցինք՝ փաստորեն սա ոչ թե առաջնահերթության, այլ ճիշտ տեղեկատվությունը տեղ հասցնելու հարց է, Գևորգ Գորգիսյանը հակադարձեց. «Հենց առաջնահերթության հարց է: Եթե նախարարներին, փոխնախարարներին, մարզպետներին մինչև աշխատավարձի կրկնապատիկը պարգևավճարներ են տալիս, 700.000 դրամի փոխարեն միլիոնուկես աշխատավարձ են ստանում, ուրեմն առաջնահերթության հարց է»:
Գևորգ Գորգիսյանն ասաց, որ իրենք բարձրացրել են խնդիրը և սպասում են, թե ինչ արձագանք կլինի գործողությունների տեսքով: Ու նաև նկատեց՝ ՊՆ-ի կողմից կարծես հերքում չեղավ ընդամենը 4000 դրամ պարգևավճար տրամադրելու առնչությամբ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ