Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Համոզված ենք, որ այդ կորուստը առավել կմիավորի հայրենիքի ազատագրության համար պայքարող ժողովուրդներին․ Վիտալի Բալասանյանի գրասենյակ

Հունվար 03,2020 20:35

ԱՄՆ զինված ուժերը սույն թվականի հունվարի 2-ին օդային հարվածներ են հասցրել Բաղդադի օդանավակայանին՝ խոցելով մի շարք թիրախներ, այդ թվում նաև ավտոմեքենա, որում գտնվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Կուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանին։ Նա զոհվել է։

Պենտագոնում հայտարարել են, որ հարվածը հասցվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով։
Օդային այդ հարձակումից օրեր առաջ ամերիկյան օդուժի կողմից հարվածներ հասցվեցին Իրաքում և Սիրիայում գտնվող «Քաթա իբ Հըզբոլա» զինված խմբավորման հրամանատարական կետերին և զինապահեստներին:
Գեներալ Սոլեյմանին վերջին մի քանի տարիներին Իրաքում եւ Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր դեմքերից էր և հանդիսանում էր Իսլամական Դիմադրության ճակատի իրական ղեկավարը և հաղթանակի խորհրդանիշը։

2003 թվականից ի վեր, երբ ԱՄՆ զինված ուժերը և նրա դաշնակիցները ներխուժեցին ինքնիշխան Իրաքի, իսկ 2011 թվականին՝ ինքնիշխան Սիրիայի տարածք, ԱՄՆ-ի Թուրքիայի, Կատարի, Սաուդյան Արաբիայի, ՆԱՏՕ-ի անդամ մի շարք եվրոպական երկրների կողմից փաստացիորեն ռազմական և ֆինանսական աջակցություն ստացող, իսկ ՄԱԿ-ի կողմից ահաբեկչական ճանաչված Իսլամական պետություն և Ալ-նուսրա կազմակերպությունները, կատարելով իրենց տերերի հրամանները, Իրաքում և Սիրիայում ավերել են հարյուրավոր քաղաքներ, հազարավոր գյուղեր, սպանել հարյուր հազարավոր խաղաղ բնակիչների, միլիոնավոր մարդկանց դարձրել փախստական, իսկ տասնյակ միլիոնավորների՝ պատանդ: Հայրենիքի ազատագրման համար այդ պատերազմում իրենց հավատակիցներին բարոյական, ռազմական և հումանիտար օգնություն է ցուցաբերում նաև Իրանի Իսլամական Հանրապետությունը:

Իրաքի և Սիրիայի ազատատենչ քաղաքացիները տարիներ շարունակ զենքը ձեռքին կռվում են իրենց երկրները օկուպացրածների, առաջին հերթին՝ Թուրքիայի և իսլամ արմատականների դեմ, որոնք այդ ժողովուրդների նկատմամբ իրականացնում էին պետական ահաբեկչություն, որը բոլոր ժամանակներում եղել է դատապարտելի խաղաղասեր ժողովուրդների և պետությունների կողմից:
20-րդ դարի սկզբին պետական ահաբեկչության զոհ դարձավ նաև հայությունը, երբ նրա մի մասը ենթարկվեց ցեղասպանության ու հայրենազրկման Թուրքիայի իշխանությունների կողմից: 31 տարի առաջ Արցախում բնակվող հայության նկատմամբ Թուրքիայի կրտսեր եղբայր Ադրբեջանի իշխանությունները ևս փորձեցին պետական ահաբեկչություն իրականացնել արցախահայության նկատմամբ, ինչը ձախողվեց հայ ժողովրդի հերոսական պայքարի, նվիրման և բարի կամք դրսևորած երկրների կողմից հումանիտար օգնության շնորհիվ:

Այսօր մեծ է վիշտը Իրանի իշխանությունների և քաղաքացիների, Իրաքի, Սիրիայի և այն երկրների քաղաքացիների մոտ, ովքեր պայքարում են ազատության, օտարի լծից ազատագրվելու և իրենց երկրներում ինքնիշխանությունը վերականգնելու համար:

Ինչպես 20-րդ դարի սկզբին այնպես էլ այսօր, մենք միշտ պատրաստակամ ենք եղել կանգնելու մեր հարևան և բարեկամ ժողովրդի կողքին: Խորին ցավակցություն և զորակցություն ենք հայտնում Իրանի մեր բարեկամ ժողովրդին և զոհվածների հարազատներին:

Համոզված ենք, որ այդ կորուստը չի թուլացնի Իրաքում, Սիրիայում և այլ երկրներում հայրենական պատերազմ վարող ժողովուրդների հաղթելու ցանկությունը, և այդ կորուստը առավել կմիավորի հայրենիքի ազատագրության համար պայքարող բոլոր ազատատենչ ժողովուրդներին:

 

ՎԻՏԱԼԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031