Լրահոս
Օրվա լրահոսը

Բոստանջյանն ասում է, որ հավասարակշռությունից դուրս է գալիս՝ լիքը խնդիրներ կան, իշխանությունները մտածում են «զուգընկերոջ իրավունքների» մասին

Հունվար 03,2020 19:07

«Ես խիստ նահապետական անձնավորություն եմ ու ազգային արժեքները չափազանց ու անսահման եմ գնահատում: Գիտեք, ցավոտ եմ ընդունում ցանկացած նման տիպի փոփոխություն, առավել եւս, որ հասկանում եմ, որ աշխարհի հզորները, երևի թե, հակված են հասարակությանը, մարդկանց զոմբիացնելու եւ տարածելու ամենուր գլոբալիստական, նեոլիբերալ սուտ արժեքները՝ հենվելով իբր մարդու իրավունքների կամ տարբեր իրավունքների կատեգորիաների վրա, որը իրենք տարբեր ստանդարտներով օգտագործում են՝ իրենց շահերից ելնելով: Ես չէի ուզենա, որ հայ իրականության մեջ մենք ունենայինք նման բաներ: Ուզում եմ համոզված լինել, որ հենց այս գործն է առաջ տարվում Հայաստանում, որը միանգամից դրսեւորվում է հարձակումներով լեզվի, կրոնի, եկեղեցու, մեր մշակույթի ու հոգեւոր մնացած արժեքների վրա…Եթե մենք իրավիճակին տիրություն չանենք, կարող է հայտնվենք շատ վատ վիճակում»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի մտահոգություն հայտնեց ԲՀԿ նախկին պատգամավոր, ԱԺ գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ Վարդան Բոստանջյանը:

Հարցին՝ ի՞նչն է ձեզ մտահոգում, նոր իշխանությունների օրոք ինչ-որ քայլեր եք նկատում, որոնք կարող են ոտնահարե՞լ ընտանեկան արժեքները՝ Վարդան Բոստանջյանը պատասխանեց. «Հենց այդպես եմ նկատում, այո»: Ճշտեցինք՝ մասնավորապես, Ստամբուլյան կոնվենցիա՞ն նկատի ունեք՝ Վարդան Բոստանջյանը պատասխանեց. «Ինչո՞ւ միայն Ստամբուլը, եթե հիշում եք, ես իմ պատգամավոր ժամանակ մեծ պայքար էի մղում նաեւ Ընտանեկան բռնության մասին օրենքի վերաբերյալ»: Մեր դիտարկմանը, որ այդ օրենքը այսօր ծառայում է, ընտանիքներում բռնություն է կանխվում՝ Բոստանջյանը պատասխանեց. «Դե լավ, գիտեք ինչ կա, խոշոր առումով էս իրավական ակտերը մեր երկրում գործող ու ընդհանրապես բարոյական նորմեր կան, տարբեր մոտեցումներ կան հասարակական, սրանց պարագայում բռնությունը որպես այդպիսին գլուխ հանած չէր ՀՀ-ում: Նման իրավական ակտերի մուտքը նշանակում է, որ աստիճանաբար աննկատ ձեւով մենք գնում ենք դեֆորմացման՝ մեր ընտանիքիների, հասարակության դեֆորմացման»:

Վարդան Բոստանջյանին զարմացնում է այն, որ մենք ունենք բազմաթիվ սոցիալական խնդիրներ, 4-րդ աստիճանի վթարային շենքեր, որի պատճառով մարդիկ կարող են զոհվել ու այդ մարդկանց մասին չենք մտածում, մտածում ենք «զուգընկերոջ» մասին. «Մտածում ենք նրա իրավունքների մասին, պատկերացրեք անհեթեթության ինչ ծայրահեղ մակարդակ, այ դրանից է մարդը դուրս գալիս հավասարակշռությունից»:

Դիտարկմանը, որ թե Ստամբուլյան կոնվենցիան նկատի ունեք՝ ասելով, որ զուգընկերոջ իրավունքների մասին ենք մտածում, դա բռնություններ կանխարգելման համար է, դրա մասին է՝ Բոստանջյանը պատասխանեց. «Դուք ինձ չեք կարող համոզել»: Հարցին՝ ո՞րն է լավ, որ կանայք տանը սուսուփուս ծեծ ուտեն ամուսինների կողմից, ձայն չհանե՞ն, թե՞ որ դրա մասին բարձրաձայնում են ու իրավական գնահատական է դրան տրվում, հասարակությունը առողջանում է՝ Բոստանջյանն ի պատասխան ասաց. «Այդպիսի երեւույթների հետ դուք շա՞տ եք առնչվել, շա՞տ եք լսել դրա վերաբերյալ: Ես կարծում եմ, էն բոլոր դեպքերը, որ պատահում են, Ստամբուլյան կոնվենցիայից հետո էլ կպատահեն: Այդ տիպի ընդհանրապես մարդկային հարաբերությունների դեֆորմացված վիճակներ պատահում են շատ հազվադեպ, ցանկացած պարագայում կարող է լինեն ու չի պահանջվում, որ, անպայման, օրենք ընդունենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031