Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես երեկ իմացա, որ ուսուցիչները եւս պարգեւավճար են ստացել աշխատավարձի 70 տոկոսի չափով». Հովիկ Աղազարյանը՝ իր ու մյուս պաշտոնյաների պարգեւատրման մասին

Հունվար 03,2020 18:00

Տարեվերջին նորից հայտնի դարձավ պետական գերատեսչություններում ճոխ-ճոխ պարգեւատրումների հերթական չափաբաժինը ու նորից սկսեցին քննարկել, թե ինչպես էին այդ հարցը լուծում նախկին  իշխանությունները՝ ծրարով ստվերային գումար տալով, բիզնեսների առաջ կանաչ լույս վառելով եւ այլն ու ինչն է հիմա սխալ անում Փաշինյանի կառավարությունը՝ ամեն անգամ այդպիսի պարգեւատրումներով աղքատության բարձր շեմ ունեցող հասարակության «ճնշումը բարձրացնելով» ու նյարդային թելի վրա խաղալով:

Aravot.am-ի հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն ասաց, որ համաձայն է որոշ փորձագետների հետ, որ պարգեւատրման համակարգը կայացած չի, բայց այն վերացնել չի կարելի. «Կարելի է որոշակի ճշգրտումներ, կարգավորումներ մտցնել, բայց պարգեւատրման համակարգը դրական կողմեր ունի նաեւ, որպեսզի տարբերակվեն մարդիկ, իրենց կատարած աշխատանքի համեմատ ստանան գումար: Աշխատավարձերը, եթե տոտալ բարձրացնեն, դա իր հետեւից կբերի բացասական դրսեւորումներ, ընդհուպ մինչեւ եկամտի չկանխատեսված չափանիշների, որը տնտեսության վրա բացասական կանդրադառնա: Հետեւաբար, պետք է կամաց-կամաց այդ գործընթացը տեղի ունենա:

Հեղափոխությունից հետո շատ բաներ, այդ թվում՝ պարգեւատրման համակարգը պետք է հստակեցվի եւ աշխատավարձերը աստիճանաբար պետք է բարձրանան: Հիշեք, որ մեզ մի քանի ամիս առաջ օրինակ էին բերում, թե նայեք, Վրաստանում ոնց է, այն  ժամանակ մենք, մասնավորապես՝ ես, ասում էի, որ Վրաստանում հեղափոխությունը տեղի է ունեցել դրսի ազդեցության տակ ու պետական ապարատի հսկայական գումար դրսից աշխատավարձ էին ստանում: Իսկ այսօր արդեն մենք մեկ շնչի ՀՆԱ-ի հաշվարկով առաջ ենք անցել Վրաստանից: Կամաց-կամաց այդ հարցերն էլ կլուծվեն ու այն արձագանքը, որ ունի հասարակությունը պարգեւատրումների հետ կապված, պիտի աշխատենք, որ մինչեւ տարվա վերջ չլինի այնպիսի ցավագին, ինչպիսին հիմա է»:

Մեր զարմանքին, այսինքն, պետք է աշխատել հանրությա՞ն արձագանքի վրա, ոչ թե պարգեւատրումների հարցը փակել՝ Հովիկ Աղազարյան ի պատասխան ասաց. «Ես երեկ իմացա, որ ուսուցիչները եւս պարգեւավճար են ստացել աշխատավարձի 70 տոկոսի չափով: Ու դա պատկերացրեք, ուսուցիչները հո 1000 հոգի, 2000 հոգի չեն, մեծ սեկտոր են ներկայացնում մեր պետական աշխատողների համակարգում եւ դա վերջին 20 տարվա մեջ երեւի առաջին դեպքն է ախր: Հետեւաբար էդ արձագանքները, որ կան, մենք էլ գիտենք էդ արձագանքի մասին ու աշխատում ենք այնպես անել, որ կամաց-կամաց զրոյացնենք այդ արձագանքների բացասական մասը»:

Մեր դիտարկմանը, որ այսպես պարգեւատրումներով այդ համակարգը խեղաթյուրվում է, պարգեւավճար պետք է տան լավ աշխատանքի համար, բայց պարգեւատրում տվել են անգամ այն պաշտոնյաներին, որոնք կաշառքի մեղադրանքով ձերբակալվել են՝ Աղազարյանն արձագանքեց.

«Պարգեւատրման համակարգում ճշգրտումներ անելու անհրաժեշտություն, անկասկած, կա եւ այս տարվա ընթացքում մենք դրան պետք է ուշադրություն դարձնենք: Ես դեմ եմ պարգեւատրման ինստիտուտը հանելուն, այն պետք է մնա, բայց պետք է լինի ավելի նպատակային, թիրախային: Եթե վերցնենք պատգամավորներին, ԱԺ պատգամավորների դեպքում դա մի քիչ դժվար է իրականացնել, որովհետեւ մեկը օրենսդրական դաշտում է ակտիվ, մեկը ընտրողների հետ հանդիպման առումով է ակտիվ, դժվար է չափել: Բայց գործադիր իշխանության ոլորտում շատ բնագավառներ կան, որոնք չափելի են: Բալային համակարգ կարելի է մտցնել, այդպիսի համակարգ, եթե չեմ սխալվում, ՊԵԿ-ում կա: Նման մոտեցումներով կարելի է կանոնակարգել, որ մարդկանց մոտ շահագրգռվածության աստիճանը բարձրանա, մարդիկ իմանան, որ իրենց աշխատանքը գնահատվում է»:

Հովիկ Աղազարյանը գտնում է, որ եթե պարգեւավճարի փոխարեն աշխատավարձերը բարձրացնեն, այսպես ասած, «տակից դուրս չեն գա». «Եթե մենք գնանք աշխատավարձերի բարձրացման ճանապարհով, այնտեղ գոյություն ունի գործակցային սիստեմ: Այդ դեպքում պետք է միանգամից ամբողջ պետական ծառայողների աշխատավարձը բարձրացվի մեխանիկորեն: Դա կլինի մեխանիկական մոտեցում եւ  բացասական հետեւանքներ կունենա: Հիմա կառավարությունը, իշխանությունը գտնում են, որ ավելի լավ է այն մարդիկ, որոնք պատասխանատու աշխատանք են իրականացնում, իրենց պարգեւատրում տրվի ու պահանջներ ներկայացվի համապատասխան»:

Մենք հետաքրքրվեցինք, թե անցյալ տարվա ընթացքում որքան պարգեւատրում է ստացել, նա պատասխանեց, որ 1 մլն-ից ավելի ու իր պարգեւատրումը այնքան է եղել, որքան մյուս պատգամավորների, որեւէ տարբերություն չի դրվել, հավասարաչափ պարգեւատրվել են՝ աշխատավարձի 30 տոկոսի չափով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031