Տարեվերջին նորից քննարկման առարկա դարձավ պարգեւատրումների թեման, երբ հրապարակվեց, որ քաղաքապետարանում, օրինակ, 65.5 մլն դրամի պարգեւատրում են տվել, կամ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը 2019-ի 10 ամիսների ընթացքում ինքն իրեն պարգեւատրել է մոտ 15 մլն դրամով: Հրապարակված ցանկի համաձայն, քաղաքապետարանում 840 հազար դրամ պարգեւատրում են ստացել փոխքաղաքապետերը, թաղապետերը, գլխավոր ճարտարապետը, մամուլի խոսնակը:
Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը նախ զարմացավ, թե ինչու են առանձնացնում հատկապես առողջապահության նախարարին ու նրա պարգեւատրման թեման շահարկում, նա ստացել է նույնքան պարգեւատրում, ինչքան մյուս նախարարները. «Բոլոր նախարարները ստացել են հավասարաչափ պարգեւատրում: Ինչքանով ես գիտեմ, ամբողջ տրամաբանությունն այն է, որ նախարարները ստանան ամսական միջինում 1,5 մլն դրամի չափով, փոխնախարարները՝ 1 մլն դրամի չափով, այսինքն, սա չգրված ինչ-որ կանոն է, ոչ այնքան հրապարակային: Առողջապահության նախարարը ոչ մի առումով չի տարբերվում մնացած բոլոր նախարարներից ու չգիտեմ ինչու են հենց իր վրա ֆիքսվել»:
Ինչ վերաբերում է առհասարակ պարգեւատրումներին, Իոաննիսյանը գտնում է, որ այդ տրամաբանությունը պետք է փոխվի ու միանգամից աշխատավարձը բարձրացվի. «Պետք է համապատասխան օրենսդրական փոփոխություն անեն ու պաշտոնյաների աշխատավարձը պետք է բարձրացվի: Հայաստանում շատ-շատ վաղուց պաշտոնյաներն իրենց աշխատավարձով չեն աշխատել: Ասեմ ավելին՝ նախորդ կառավարության օրոք, մի կողմ դնենք այն խոսակցությունները, որ պաշտոնյաները նաեւ ծրարով էին աշխատավարձ ստանում, նախորդ կառավարությունում այսպիսի իրավիճակ էր բարձրաստիճան պաշտոնյաների մասով՝ պարգեւավճար բոլորը ստանում էին, նույնիսկ կառավարության գաղտնի որոշումներ էին կայացվում, էդ գաղտնի որոշումներով էլ էին ստանում պարգեւավճար, նույնիսկ ավելին՝ կար տրամաբանություն, որ բարձրաստիճան պաշտոնյաները, եթե իրենք իրենց բիզնեսն ունեին, իրենց բիզնեսով բավականին մեծ եկամուտ էին իրենց համար ապահովում, եթե իրենց բիզնեսը չունեին, ծրարով էին պարգեւատրվում, դա հայտնի բան է: Թեեւ առանձնապես ապացուցված բան չի, բայց բոլորն էլ գիտեն, որ նախորդ կառավարությունում բարձրաստիճան պաշտոնյաները գիտեին այդ մեխանիզմի մասին եւ արդյունքում ստանում էին շատ ավելի բարձր աշխատավարձ, քան ստանում են հիմիկվա պաշտոնյաները: Ի վերջո, պետական կառավարման համակարգում ծառայությունը չպետք է պատիժ լինի: Պետք է այնպիսի աշխատավարձ լինի, որ որակյալ կադրերը գնան այնտեղ աշխատեն»:
Ըստ Դանիել Իոաննիսյանի, հիմա ստվերից հանվել է այդ ծրարային գործելակերպը, բայց, այնուամենայնիվ, կառավարությունը լուրջ խնդրի առաջ է, պետք է ներգրավի որակյալ կադրերի, որ աշխատեն ի բարօրություն պետության: Եթե կառավարությունում նման կադրերի չներքաշեն, կառավարությունը չի կարող արդյունավետ աշխատել. «Սրա լուծումը Փաշինյանը տվել է պարգեւատրումներով, բայց ես դա համարում եմ սխալ լուծում: Գտնում եմ, որ լուծումը պետք է տրվի ուղղակի աշխատավարձով: Օրենքով պետք է սահմանվեն աշխատավարձերը, որոնք մրցակցային կլինեն եւ կապահովեն, որպեսզի նորմալ, որակյալ մասնագետները աշխատեն: Ես գիտեմ շատ մարդկանց, ովքեր հրաժարվել են էապես ավելի բարձր աշխատավարձերով աշխատանքներից ու գնացել են, հիմա աշխատում են կառավարությունում ու իշխանության այլ ճյուղերում: Եվ ես գիտեմ նույնպես շատ մարդկանց, ովքեր հրաժարվել են գնան աշխատեն պետական համակարգում, որովհետեւ աշխատավարձը շատ ցածր է, մարդն ասում է՝ չէ՛, ախպեր, ես հիփոթեք ունեմ: Պետությունը կորցրել է շատ լուրջ հանրային աշխատողի: Սա լուրջ խնդիր է ու պարգեւավճարներով չեն կարող հարցը լուծել:
Կարդացեք նաև
Հարցին՝ մի տեսակ անհեթեթ չի՞, որ պարգեւատրում տացել է նույնիսկ առողջապահության այն փոխնախարարը, որը կաշառքի գործով մարտին ձերբակալվել է՝ Դանիել Իոաննիսյանն արձագանքեց. «Բոլորը ստանում էին, ինքն էլ էր ստանում: Չափանիշը զուտ պաշտոնն է, այո ու ինչ-որ տեղ մենք կորցնում ենք պարգեւավճարի տրամաբանությունը, պարգեւատրում պետք է տրվի լրացուցիչ աշխատանքի դիմաց: Ոչ թե պարգեւավճարն ուղղակի դառնա աշխատավարձը բարձրացնելու մեթոդ, սա նաեւ օրենքի տրամաբանությանն է հակասում: Ես պնդում եմ, որ Փաշինյանի այս մոտեցումը սխալ է ու պետք է ուղղակի աշխատավարձերը բարձրացվեն: Այդպես նաեւ այլ խնդիր կլուծվի: Օրինակ, աշխատանքի հրավեր են տալիս հանրային կառավարման մարմնում, չեն հայտարարի՝ աշխատավարձը 100 հազար դրամ: Իրականում այդ մարդը ստանալու է 200 հազար դրամ, օրինակ՝ պարգեւավճարներով, բայց որակյալ կադրը տեսնում է 100 հազար դրամ, էլ մոտիկ չի էլ գալիս, չեն կարող չէ՞ հայտարարության մեջ գրեն՝ պարգեւատրումներով, բանով 200 հազար է լինելու: Նախարարություններում, օրինակ, փոխնախարարի վարորդի աշխատավարձը սահմանված է 80 հազար դրամ: Ուղղակի մեքենա քշել իմացող ոչ մեկը չի գնալու 80 հազար դրամով աշխատի, մոռացեք, որովհետեւ սկսած menu.am-ից մինչեւ gg, շատ ավելի բարձր աշխատավարձով աշխատանք կա: Եթե էդ վարորդը պիտի բենզին չգողանա, պարգեւավճար չստանա, բարձր աշխատավարձ չստանա, չի աշխատի ու վարորդ չեն ունենա: Ռեալ խնդիր է, պետք է լուծեն: Հիմա ինչ-որ լուծում գտել են, բայց ես համարում եմ էդ լուծումը ոչ օրինական ու ոչ տրամաբանական»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ