Ժամեր առաջ ԱՄՆ օդուժի արձակած հրթիռից Բաղդադի օդանավակայանի մոտակայքում սպանվել է Իսլամական Հեղափոխության Պահակազորի (The Islamic Revolutionary Guard Corps) նշանավոր գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Նա հեղափոխության պահապան այդ կորպուսի արտասահմանյան «Ղոդս» անվամբ զորքի հրամանատարն էր և հաճախ լինում էր Սիրիայում, Իրաքում կամ արաբական մյուս երկրներում:
Հրամանատարի սպանվելու լուրը հաստատել են Իրաքի և Իրանի կառավարությունները, իսկ ԱՄՆ-ն պաշտոնապես ստանձնել է դրա պատասխանատվությունը: Սոլեյմանիի հետ սպանվել են նաև Իրաքի շիական «Հաշթե շաաբի» հզոր կազմակերպության հրամանատար Աբու Մահդի Մոհանդեսը և բարձրաստիճան այլ անձինք, որոնք եկել էին դիմավորելու իրանցի հյուրին, որը փորձել էր Սիրիայից գաղտնաբար մուտք գործել Իրաք:
«Ղոդս» զորքը կազմակերպում է արտասահմանի շիա դավանանքի հետևորդ հավատացյալների կամավորներին և սուննիական «Իսլամական Խալիֆայություն-ISIS»-ի դեմ պայքարում մեծ ավանդ ունի: Իրանական այս զորքը տարածաշրջանում պայքարում էր ամերիկյան ազդեցության դեմ և Վաշինգտոնի կողմից հռչակված էր որպես ահաբեկչական կազմակերպություն:
Անցյալ շաբաթ Իրան-ԱՄՆ հարաբերությունները դարձյալ իր լարվածության գագաթնակետին հասան, երբ Իրանի զինակից շիա խմբավորումները Բաղդադում սպանեցին ամերիկացի մի գործարարի, ապա ԱՄՆ օդուժը սաստիկ հարված հասցրեց Իրաքի շիական «Հաշթե շաաբի» կազմակերպության «Քաթայեբ» ստորաբաժնի բազային` սպանելով քսանհինգ գրոհային: Դրան հետևեց շիական այս կազմակերպության երկօրյա հարձակումը ԱՄՆ Բաղդադի դեսպանության շենքի վրա, որը միայն գույքային վնաս հասցրեց:
Կարդացեք նաև
ԱՄՆ վարչակազմը, ելնելով մի շարք նկատառումներից, խուսափում է Իրանի դեմ ռազմական ուղղակի առճակատման հավանականությունից և փորձում է այլ միջոցներով և հատկապես ծանր պատժամիջոցներով զսպել Թեհրանի տարածաշրջանային նկրտումները: Ամերիկյան նախագահական մոտալուտ ընտրությունները, նախագահ Թրամփի ներքին ու արտաքին բարդ խնդիրները, տնտեսական կայունության և հատկապես նավթի միջազգային գների անփոփոխ մնալու կարևորությունը և Իրանի հակադարձ քայլերի անկանխատեսելիությունը ստիպում է Սպիտակ տանը, որ հեռու մնա Իրանի դեմ լայնամասշտաբ պատերազմից: Վաշինգտոնն անգամ կատարյալ զսպվածություն դրսևորեց, երբ Իրանի օդուժն ամիսներ առաջ Պարսից Ծոցում զգետնեց ամերիկյան անօդաչու լրտեսական ինքնաթիռը:
Ամերիկյան դեսպանության վրա կատարված հարձակումն այն կարմիր գիծն էր, որ թե լցրեց Թրամփի համբերության բաժակը և թե նախագահ Օբամայի օրոք Լիբիայում ԱՄՆ-ի հյուպատոսության շենքի վրա կատարված տխուր ավարտով հարձակման խայտառակությունը – նկատի ունենալով, առիթ տվեց Սպիտակ Տանը ամերիկյան հանրային կարծիքի մոտ բարձրացնելու իր հեղինակությունը: Նախագահ Թրամփն երկու օր առաջ սպառնաց Իրանին, Բաղդադի հակաամերիկյան բոլոր գործողությունների բուն մեղավոր հռչակեց իրանցի գրոհայիններին և հայտնեց, որ ԱՄՆ պատասխանը չի ուշանա և կլինի հուժկու:
Գեներալ Սոլեյմանիի սպանությունը տարածաշրջանին դեռ երկար ժամանակ լարված կպահի: Արդեն իսկ առաջին աստիճանի պատրաստ վիճակի են բերվել ամերիկյան մոտակա զորքերը, անհանգիստ վիճակ է արաբական երկրներում, Իրաքում տիրում է անորոշ վիճակ, այդ երկրում դեռևս չեն կարողանում ընտրել վարչապետ և մրցակցում են իրանամետ ու արևմտամետ ուժերը. Իրանում հառաջիկա ժամերին համընդհանուր սուգ կհայտարարվի և ցույցեր տեղի կունենան, խոսվում է պատասխան գրոհների մասին: Սուլեյմանին իր ավելի քան երեսուն տարվա մարտական անցյալով և իսլամական հեղափոխությանը նվիրվածությամբ, համարվում էր երկրի առաջնորդ Խամենեիի ամենավստահելի կադրերից և անգամ խոսվում էր նրա նախագահ դառնալու մասին:
Այսօր Իրանում հանգստյան օր է` ուրբաթ, և բոլորը լարված սպասում են թե ուրբաթօրյա հասարակաց աղոթքների ընթացքում ու նաև Իրաքում ի՞նչ ճառեր և քարոզներ են ասվելու:
Տիգրան ԴԱՎԹՅԱՆ