2020-2021 թվականներին լրանում է Վերսալի եւ Մոսկվայի պայմանագրերի հարյուրամյակը եւ այդ համատեքստում միջազգային ասպարեզում սպասվում են հետաքրքիր իրադարձություններ, որոնք անմիջականորեն առնչվելու են մեր ժողովրդի հետ: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության նախագահ Մովսես Շահվերդյանն` անփոփելով 2019 թվականը: Թեեւ 2019 թվականին Հայաստանում բավականին լուրջ փոփոխություններ տեղի ունեցան` կապված 2018 թվականի ապրիլ-մայիսյան իրադարձությունների հետ եւ այսօր իրավիճակը մեր երկրում բոլորովին այլ է, սակայն, մեր զրուցակիցը կիսում է միջազգային վերլուծաբանների տեսակետները, որ իրավիճակը Հայաստանում հեռու է ցանկալին լինելուց:
Մովսես Շահվերդյանը կարծում է, որ Հայաստանում պետք է Վերսալի եւ Մոսկվայի պայմանագրերի հարյուրամյակին լրջորեն նախապատրաստվեն. «Բայց, ցավոք սրտի, ես տեսնում եմ, որ 2019 թվականին մենք այդ իրադարձություններին անհրաժեշտ ուշադրություն չդարձրինք: Ես չեմ կարծում, որ Հայաստանի այսօրվա քաղաքական իրավիճակում իշխանությունները կարող են լուծել այն խնդիրները, որոնք սպասում են մեզ 2020-2021 թվականներին: Դրա համար, կարծում եմ, 2020 թվականին մենք պետք է բավականին լուրջ աշխատանք կատարենք, որպեսզի հստակեցնենք քաղաքական դաշտը եւ փորձենք ստեղծել այն քաղաքական ուժն ու միավորը, որը կարող է համահունչ լինել ստեղծված իրավիճակին եւ առաջնորդել մեր ժողովրդին»:
Հարցին` Դուք նկատի ունեք, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն անհրաժեշտությո՞ւն են, որովհետեւ վերջերս այդ թեզը շատ է շրջանառվում, մեր զրուցակիցը պատասխանեց. «Այդ մասին խոսում են, սակայն ես այլ տեսանկյունից եմ ասում: Արտահերթ ընտրություններ անպայման կլինեն, եթե դա պահանջի Հայաստանի Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակը: Դա ոչ թե առանձին քաղաքական ուժերի կամ գործիչների ցանկությունից է կախված լինելու, այլ ստեղծված կոնկրետ իրավիճակից: Եթե իրավիճակը պահանջի, անպայմանորեն արտահերթ ընտրություններ լինելու են, իսկ ես հակված եմ մտածելու, որ մենք նման իրավիճակում հայտնվելու ենք»:
Քաղաքական ուժերի անելիքը, ըստ մեր զրուցակցի, պետք է լինի այն, որ ժողովուրդը դառնա գործոն. «Իսկապես ժամանակն է, որ մեր ժողովուրդը գործիքից վերածվի գործոնի՝ իր ձեռքը վերցնի իր ճակատագիրը, որովհետեւ, վերջին հաշվով, դա որոշելու է մեր պետության, մեր ժողովրդի ճակատագիրը: Իսկ որպեսզի ժողովուրդը հերթական հիասթափությունը չապրի եւ անտարբեր չլինի կատարվող իրադարձություններին, մեր կարծիքով, առաջին հերթին անհրաժեշտ է ժողովրդին ասել ողջ ճշմարտությունը»:
Կարդացեք նաև
Թե ի՞նչ ճշմարտության մասին է խոսքը, Մովսես Շահվերդյանը բացատրում է. «Վերջին շրջանում շատ է խոսվում տարբեր դեպքերի մասին. տարբեր վերլուծաբաններ, քաղաքագետներ, հրապարակախոսներ պատմում են վերջին 25-30 տարում տեղի ունեցած իրադարձությունների մասին: Նրանց պատմածների մեջ ճշմարտությունը շատ փոքր մաս է կազմում: Մենք հիմնականում եղել ենք վերջին 25 տարում տեղի ունեցած դեպքերի մասնակիցն ու ականատեսը, ուստի կարող եմ վստահաբար ասել, որ չնչին մասն է համապատասխանում իրականությանը նրա, ինչ այսօր շրջանառվում է ԶԼՄ-ներում եւ ասվում է տարբեր քաղաքական գործիչների կողմից: Մենք պատրաստվում ենք մեր ժողովրդին ասել ողջ ճշմարտությունը, այն, ինչ տեղի է ունեցել 1988 թվականի Շարժման ընթացքում, դրանից հետո, մանավանդ 1991 եւ 1997 թվականների իրադարձությունները: Օրինակ՝ ինչո՞ւ 1996 թվականի նախագահական ընտրությունները հենց այնպես տեղի ունեցան, ինչպե՞ս 1997 թվականին Ռոբերտ Քոչարյանը եկավ Հայաստան՝ որպես վարչապետ, ի՞նչ տեղի ունեցավ 1998 թվականի ընտրություններում: Իհարկե, այնպես չի, որ միայն մենք գիտենք դրանք, էլի կան մարդիկ, որ տեղյակ են, սակայն տեղյակները լռում են, իսկ անտեղյակներն անընդհատ խոսում են: Միտումնավոր է, թե պարզապես այդպես է ստացվել՝ չեմ կարող ասել»:
Նկատեցինք, որ 1988 թվականի Շարժման մասով շրջանառվում է, որ դա խորհրդային անվտանգության ծառայության կազմակերպածն էր եւ հետաքրքրվեցինք` Դուք նկատի ունեք` դա՞ է ճշմարտությունը, թե այլ ճշմարտություն կա: Մովսես Շահվերդյանը պատասխանեց. «1988-ին ինչ եղավ, դա համաշխարհային գործընթացների արդյունք էր: Այդ տարիներին սառը պատերազմ կար, մրցակցություն էր գնում երկու համակարգերի միջեւ, որի արդյունքում սոցիալիստական համակարգը պարտվեց: Այդ պարտության հետեւանքներն էին թե այն, ինչ եղավ սոցիալիստական ճամբարում, թե այն, ինչ եղավ խորհրդային պետություններում: Մերոնք սիրում են ասել, որ մենք պայքարեցինք եւ անկախացանք, բայց այդ անկախությունն իրականում Սովետական միության փլուզման արդյունքն էր: Վերջին հաշվով, բոլոր 15 պետություններն էլ անկախացան, այնպես չէր, որ միայն մենք էինք անկախացել: Ինձ հետաքրքրում է՝ ինչպե՞ս այս ամենի արդյունքում ձեւավորվեց Հայաստանի իշխանությունը, ի՞նչ նպատակներ եւ առաջադրանքներ էին դրված նրա առջեւ, եւ ինչպե՞ս է լինում, որ մինչ այսօր Հայաստանի ժողովրդի եւ իշխանությունների նպատակներն ու դեպքերին տրված գնահատականները չեն համընկնում: Մեր ժողովուրդն այսօր այլ նպատակներ ու իղձեր ունի, իշխանությունները՝ այլ: Դրա համար էլ իշխանության եւ ժողովրդի ընթացքը երբեք համահունչ չի լինում»:
Հարցին` Դուք գիտե՞ք, թե 1988 թվականին ինչպե՞ս Հայաստանում իշխանություն ձեւավորվեց եւ ի՞նչ խնդիր էր դրված նրանց առաջ, մեր զրուցակիցը պատասխանեց. «Յուրաքանչյուր իշխանություն իր մեջ ունի իր նախորդներին, հետեւաբար յուրաքանչյուր իշխանության մեջ ինչ-որ կերպ արտացոլվում են նաեւ իրենց նախորդները: Այնպես չէ, որ յուրաքանչյուր հաջորդը երկնքից է իջնում: 1988 թվականին ձեւավորված իշխանության մեծ մասը նախկին Կոմունիստական կուսակցության անդամներ էին. կուսակցության 200.000 անդամ կար, 120.000 թեկնածու: Ես հիմա ցանկանում եմ պարզ ասել, որ այդ ժամանակվա իրադարձությունները տեղի են ունեցել կոմունիստական ղեկավարների, ներկայացուցիչների ուշադիր հայացքի ներքո եւ ակտիվ, սակայն ոչ բացահայտ մասնակցությամբ: Ինձ բախտ է վիճակվել ջերմ հարաբերություններ ունենալ Կարեն Դեմիրճյանի եւ Ալեքսան Կիրակոսյանի հետ: Հին սերնդի ներկայացուցիչները, ովքեր ապրել են այդ տարիներին, պետք է հիշեն, որ Հայաստանում տեղի ունեցող բոլոր իրադարձությունների վրա կար այդ երկու խոշոր, պետական գործիչների ազդեցությունը: Ես չեմ ուզում հիմա շատ խորանալ, բայց կարծում եմ՝ մոտակայում առիթ կունենանք անդրադառնալու այդ հարցերին: Այն այսպես կոչված գործիչները, ում մասին հիմա նրանց ծանոթները սիրում են շատ խոսել, եղել են ընդամենը արբանյակներ, նրանք հիմնական դերակատարներ չեն եղել: Հիմնական դերակատարները գործել են ստվերում` այլ մեխանիզմներով եւ միջոցներով, ու այն ամենը ինչ տեղի է ունեցել մինչ օրս Հայաստանում, այդ դերակատարների հստակ նախանշածի շարունակությունն է»:
Մեր զրուցակիցը խոստանում է առաջիկայում ավելի մանրամասն խոսել Հայաստանի նորագույն պատմության շրջանում տեղի ունեցած անցքերի մասին եւ հետաքրքիր բացահայտումներ անել: Նպատակը մեկն է. «Որովհետեւ եթե մենք պատմությունը կեղծում ենք, մենք պատմությունից դասեր չենք քաղում: Մենք հաճախ դժգոհում ենք, որ մեր պատմությունը կեղծում են օտարները: Սակայն իրականությունն այն է, որ ոչ ոք մեր պատմությունը չի կեղծում այնպես, ինչպես մենք ինքներս: Դա անկարելի է: Այդպես մեր ժողովուրդը երբեք չի հասկանա, թե իր հետ ի՞նչ է տեղի ունեցել եւ երբեք ճիշտ հետեւություններ չի անի, հետագայում էլ ճիշտ քայլեր չի անի: Մեր ժողովրդին այսօր էլ ճշմարիտ տեղեկատվություն չեն տալիս, նորից ամեն ինչ սուբյեկտիվ, սեփական, անձնական նպատաակներից ելնելով են մատուցում»:
Այս համատեքստում, անրադառնալով կալանքի տակ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարությանը, Մովսես Շահվերդյանն ասաց. «Հանրապետության որեւէ նախագահ չպետք է օգտվի Սահմանադրությամբ երաշխավորված անձեռնմխելիության իրավունքից, որովհետեւ 1996 թվականից սկսած` բոլոր նախագահական ընտրությունները կեղծվել են, որեւէ ընտրություն ժողովրդի կողմից չի ընդունվել որպես արդար եւ իրական, բոլորն ուղեկցվել են խնդրահարույց գործընթացներով: Հարց է առաջանում, եթե նախագահներն օգտվել են իրենց լիազորություններից, ապա ինչպե՞ս են նրանք այդ լիազորությունները ձեռք բերել»: Նա կարծում է, որ երկրի ղեկավարին անձեռնմխելիության իրավունք տվող դրույթը Սահմանադրությունում պետք է ինչ-որ կերպ սառեցվի. «Ես հասկանում եմ բոլոր իրավաբաններին, դատավորներին, որոնք տեսականորեն օգտագործում են այդ դրույթը: Որպեսզի կրքերն ավելի չբորբոքվեն, ավելի լավ է այդ դրույթը հանգիստ թողնեն եւ իրենց որոշումներում առաջնորդվեն միայն մեկ նպատակով՝ վեր հանել ճշմարտությունը, այն, ինչ տեղի է ունեցել իրականում 1996, 1997, 1999 թվականներին, 2008-ի մարտի մեկին: Մեր ժողովուրդը արժանի է, որպեսզի իր նկատմամբ ավելի հարգալից վերաբերմունք դրսեւորվի բոլոր գործիչների կողմից: Արժանի է, որ իրեն վերաբերվեն ազնիվ եւ անկեղծ, մանիպուլյացիաների չենթարկեն, հերթական անգամ հույսերով չկերակրեն: Ասված է` հույսը լավ նախաճաշ է, վատ ընթրիք է: Մեր ժողովուրդն արդեն նորից հայտնվում է հուսախաբության հերթական հարվածի վտանգի իրավիճակում, որը շատ անցանկալի է այն ժամանակներում, երբ սպասվում են վճռորոշ դեպքեր»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Իսկ ի՞նչու միայն քաղաքական,որը շիրմայի դեր է խաղացել տնտեսականի կործանմանը՛ և ի՞նչու 1996թ-ից սկսած՛ այլ ոչ թե 1991թ-ից: Ի դեպ այդ բացահայտումները նորից կմիավորի բոլոր հասարակական շերտերին և կունենանք,թե տնտեսական, և թե երկրի ավելի շուտ հզորացման նախադրյալներ,որի հիմքը կարծես դրվում է և աջակցել է պետք,որ այն ամուր լինի:
Այս ,,բացահայտումները,, ավելի շատ հարցականներ ավելացրին…