Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես չէի ուզենա, որ Յուրան իր մահվամբ վնասի մեր պետականությանը». Անահիտ Բախշյանը` հոկտեմբերի 27-ի գործի վերաբացման, դրա քաղաքական շահարկումների եւ աշխարհաքաղաքական վտանգների մասին

Հունվար 02,2020 12:32

1999 թվականի հոկտեմբերի 27-ի զոհերից Յուրի Բախշյանի կինը` Անահիտ Բախշյանը, համամիտ է, որ գործի վերաբացումն այժմ քաղաքական շահարկումների առիթ կտա: Այդ մասին վերջերս խոսել էր Վազգեն Սարգսյանի եղբայրը`«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Ըստ Արամ Սարգսյանի, քանի դեռ դատաիրավական համակարգի բարեփոխումները չեն ավարտվել, գործի վերաբացումը կշահարկվի քաղաքական նպատակներով:

Հիշեցնենք, Անահիտ Բախշյանը դիմել է Գլխավոր դատախազություն Հոկտեմբերի 27-ի գործից անջատված մասի կարճման որոշումը վերացնելու և նոր քննություն սկսելու պահանջով։ Դատախազությունը բեկումնային որոշում կայացրեց 27-ի մայր գործից անջատված մասի 15 տարվա վաղեմության կարճման որոշումը վերացնելու մասին: Գործն ուղարկել է ԱԱԾ: Անահիտ Բախշյանը, սակայն, դեմ է, որ գործը քննի ԱԱԾ-ն: Նա կարծում է, որ ԱԱԾ-ն չի կարող անաչառ քննություն իրականացնել, այդ կառույցը մեկ անգամ արդեն տապալել է այդ գործի քննությունը եւ այդ կառույցում ոչինչ չի փոխվել, որ հիմա վստահություն ներշնչի: Տիկին Բախշյանը պատրաստվում է բացարկ հայտնել ԱԱԾ-ին:

Հոկտեմբերի 27-ի գործից անջատված մասը, հիշեցնենք, վերաբերում է ահաբեկչության հնարավոր օժանդակողներին, դրդիչներին, ինչպես նաև հանցագործությունը կանխելու հնարավորություն ունեցած պաշտոնական անձանց հայտնաբերմանը:

Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, որ գործի վերաբացումն այժմ քաղաքական շահարկումների առիթ կտա, տիկին Բախշյանն ասաց. «Անպայման կտա, որովհետեւ գործում չկա մի անուն, ազգանուն, անհատ, ով քաղաքական անձ չի, հետեւաբար, որ ժամանակում էլ լինի`քաղաքական շահարկումների առիթ կտա: Իհարկե, գուցե մի 40-50 տարի հետո արդեն մոռանալով ով` ով էր, ով` ինչ էր… բայց այդ գործի վերաբացումը անխուսափելիորեն կտա քաղաքական շահարկումների առիթ»: Գործի վերաբացումը, ըստ մեր զրուցակցի, առիթ է, որպեսզի շահարկումներ լինեն, բայց սա չի կարող խոչընդոտել, պատճառ հանդիսանալ գործը չվերաբացելուն. «Որպեսզի մեր երկրում այլեւս երբեք չլինի այդպիսի ահաբեկչություն, պետության նկատմամբ ոտնձգություն, անպայման պիտի այդ գործը վերաբացվի: Պետք է վերաբացվի` կանխելու համար հետագա ցանկացած նման ռիսկ, որ կծագի այնպիսի ստահակի գլխում, ինչպիսին էր Նաիրին: Իսկ այդպիսիք միշտ կլինեն, որ  կօգտագործվեն որպես գործիք»:

Տիկին Բախշյանը կիսում է Արամ Սարգսյանի մտահոգությունը, որ աշխարհաքաղաքական խնդիրներ կան եւ դա կարող է վտանգել մեր պետականությունը: Բայց գտնում է, որ չբացելը նույնպես վտանգում է. «Չբացելը, այդ մասին չխոսելը ՝ թեկուզ աշխարհաքաղաքական մասով, կարող է ազատություն տալ շատ երկրների, շատ ղեկավարների: Նրանք կարող են մտածել, որ մեկ անգամ արեցին, ասացինք`մենք թույլ ենք, մենք վախենում ենք, կուժեղանանք` հետո… Հայաստանը չի  ուժեղանա դրա մասին չխոսելով: Իմ համոզմամբ, այս մասին խոսելով, այս գործը վերաբացելով, շատ լուրջ եւ շատ զգույշ կծիկը քանդելով` մենք կարող ենք ցույց տալ, որ ուժեղանում ենք, որ մենք թույլ չենք տա մեր երկրի անվտանգությանը կպչել: Իմ կարծիքով, մեր երկրի անվտանգության պահանջն է այդ գործը վերաբացելը: Գործը չվերաբացելով կարող ենք վտանգել մեր անվտանգությունը, որովհետեւ աշխարհաքաղաքական ազդեցություն կլինի, տարբեր պետություններ կարող են այդ կծիկը քանդել եւ մենք հետո չիմանանք ի՞նչ անել: Ես չէի ուզենա, որ Յուրան իր մահվամբ վնասի մեր պետականությանը: Բայց որպեսզի կանխենք նոր ահաբեկչությունները, մենք պիտի խոսենք այդ մասին, պիտի ասենք, որ մենք գիտենք ով` ով է, թեկուզ աշխարհաքաղաքական խաղացողները: Դա չի կարելի թողնել հետագային: Դատաիրավական համակարգը գուցե հենց ինքնին առողջանա, քննիչներն իրենք իրենց գործի մեջ հմտանան եւ դառնան ավելի լավ քննիչներ՝ անշահախնդիր, պատվախնդիր, իրենց ուսադիրը հարգող»:

Հետաքրքրվեցինք`Դուք ԱԱԾ-ի մասով էիք վերապահում հայտնել, ո՞ր կառույցին եք վստահում, Ձեր կարծիքով ո՞ր կառույցը պիտի զբաղվի այդ գործով: Անահիտ Բախշյանն ասաց, որ եթե անկեղծ լինի` ոչ մի կառույցի, որպես մի ամբողջություն, չի վստահում, քանի որ բոլոր կառույցներում էլ կան ոչ կոմպետենտ մարդիկ, կամ պրոֆեսիոնալիզմը չի հերիքելու, կամ նախկինների հետ կապեր են լինելու: «Թող հատուկ քննչական խումբ ստեղծվի պատվախնդիր, իրենց պետությունը սիրող, պաշտող, գնահատող 10 քննիչներից, որոնք գլխավոր դատախազի հանձնարարությամբ կզբաղվեն այդ գործով: Իմ ասածը դոգմա չի, ես պարզապես այդպես եմ տեսնում»,- ասաց նա` հավելելով. «Իսկ ԱԱԾ-ին ինչո՞ւ չեմ վստահում, որովհետեւ ԱԱԾ-ն տարբեր ձեւերով ուղղակի մասնակից է եղել այդ ահաբեկչությանը: Թող ինձ հակառակը ապացուցեն: Ինչքանով իմ ասածը կհարգվի, ես չգիտեմ: Իհարկե, ինչպես Արամն է ասում, պետական անվտանգության վերաբերյալ գործը պիտի ԱԱԾ-ն քննի, բայց այդ ԱԱԾ-ին ես չեմ վստահում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031