Լրահոս
Օրվա լրահոսը

Թումանյանի «տիեզերական խոհերը»

Դեկտեմբեր 31,2019 16:19

Չարենցը Թումանյանին համարել է հայ նոր գրականության «անհաս Արարատը»: Անհասանելի է Թումանյանի ոչ միայն պարզ ու վսեմ արվեստը, այլև ընդգրկուն հայացքը, ընդգրկուն միտքն ու հոգին: Լոռվա գեղջկական կյանքից  գրելիս լինի նա, թե հեռավոր Սիրիուսի մասին, մշտապես նրա աչքի առաջ և մտքի մեջ են «ժամանակն անվերջ, տիեզերքն անհուն». Ասես նա ամեն ինչին նայում է «բարձրից», շարունակ ձգտում է իմանալ կյանքի ու տիեզերքի խորհուրդը, տենչում է լինել տիեզերքի հետ, իր մեջ ամփոփել տիեզերքի տրոփը: Կյանքի վերջին տարիներում Թումանյանը գրեթե ամբողջովին կենտրոնացել է այդ խոհերի վրա, մշակել և ներկայացրել է այն որպես աշխարհայացք: «Իմ վերջին շրջանը՝ փիլիսոփայական շրջանը՝ տիեզերական խոհերի շրջանն է», ասել է նա: Այդ նույն ժամանակաշրջանում, անշուշտ Առաջին Համաշխարհային պատերազմի ցնցիչ դեպքերի ազդեցության տակ, Արևմուտքից հիասթափված Թումանյանը հակվում է դեպի Արևելք՝ իր ժողովրդի և ամբողջ մարդկության փրկությունը որոնելով «աստվածային» Արևելքում: Հատկանշական է հետևյալ քառյակը՝ գրված 1921 թ. մայիսի 1-ին.

 Արյունալի աղետներով, աղմուկներով ահարկու,

Արևմուտքի ստրուկները մեքենայի և ոսկու,

Իրենց հոգու անապատից խուսափում են խուռներամ

Դեպ Արևելքն աստվածային՝ հայրենիքը իմ հոգու…

Ինչպես տեսնում ենք, Թումանյանը երես է թեքում «մեքենայի և ոսկու»  ստրուկներ պատրաստող Արևմուտքից, այլապես նա միշտ էլ բարձր է գնահատել արևմտյան մշակույթի առաջադեմ կողմի համամարդկային նշանակությունը: Այսպիսով, Թումանյանը մի որոշակի ժամանակահատվածում, երբեք չժխտելով եվրոպական և ռուսական մշակութային մեծություններին, իր հայացքը դարձնում է դեպ Արևելք, դեպի իր հոգու հայրենիքը: Այդ շրջադարձը նկատելի է Թումանյանի «Տիեզերական խոհերի» թե՛ բովանդակության և թե՛ արտահայտման  ձևի մեջ. լսենք իրեն՝« Ես առաջ Պուշկինի, Լերմոնտովի ազդեցության տակ էի, հիմա Արևելքին եմ գալիս, գալիս եմ դեպի մերը…»: Թումայանի կյանքի վերջին շրջանի մասին նրա դուստր Նվարդ Թումանյանը գրում է. « Վերջին տարիները շատ էր սիրում այսպես ասած արևելյան  ձևով ապրելը-դա  քառյակների շրջանն էր: Սենյակը կահավորել էր արևելյան ճաշակով … գորգեր էր փռել, թախտ, բարձեր, տարբեր գույնի ու ձևի սուրճի թասեր էր գնել զանազան ձևի չիբուխներ»: Այս շրջանում Թումանյանի ուշադրության կենտրոնում են արևելյան փիլիսոփայությունները, հատկապես այն ուսմունքը, ըստ որի մարդու դժբախտությունը բխում է նրա եսակենտրոն աշխարհըմբռնումից, եսապաշտությունից. և երբ մարդ ազատվում է «ես»-ի կապանքից կամ ինչպես ասում են՝ « անէանում է », ապա նա ճանաչում  և միանում է հավերժ կենդանի անհուն Աստծուն և ի վերջո ինքն էի աստվածանում է : Այս գաղափարը հատկապես զարգացվել և մշակվել է պարսկերեն  բանաստեղծության մեջ և հայտնի է որպես իրանական էրֆան  (عرفان) , որը նշանակում է ճանաչողություն, Աստծու ճանաչում, իմացություն: Թումանյանը, որ մասնավորապես հրապուրված է եղել պարսից միջնադարյան բանաստեղծներով, թերևս կրած լինի նաև նրանց ազդեցությունը: Համենայն դեպս, Թումանյանի « արևելյան » աշխարհայացքը  տարբերվում է իր ինքնատիպությամբ:

Ի դեպ, Թումանյանի աշխարհայացքը համապատասխանում է հայոց կրոնական դավանանքի հետ, որի համաձայն Քրիստոսի անձնավորության մեջ անբաժանելիորեն միաձուլված են աստվածայինը և մարդկայինը: Եվ ոչ միայն Քրիստոսի, այլ ընդհանրապես մարդու մեջ միաձուլված են աստվածայինը և մարդկայինը (թեկուզ և մարդիկ անհաղորդ լինեն որ իրենց մեջ կա նաև աստվածային էություն): Թումանյանական աշխարհայացքում այդ աստվածային էությունը ընդգրկում է ամբողջ Տիեզերքը և առկա է ամեն կյանքում : Տիեզերքում հավերժորեն գոյություն ունեցող Կյանքը հենց Ամենակալ միակ Աստվածն է: Այդ հավերժ կենդանի միակ մեկին Թումանյանը կոչում է Մին, որ հայերենի շատ բարբառներում նշանակում է մեկ:

Ներկա հոդվածով փորձել ենք Արևելքի համանման գաղափարաբանությունների հետ զուգադրելով մեկնաբանել Թումանյանի « տիեզերական խոհերը »:

Իր խոհերում Թումանյանը որոնում է իր կորցրածը, ուզում է վերագտնել իր էությունը, իր Աստծուն.

Կորցրել եմ, ու՞ր գտնեմ,

Տեղդ իմաց տուր՝ գտնեմ,

Ման եմ գալիս էս մթնում

Քեզ մոտ գալու դուռ գտնեմ:

Թումանյանը համոզված է, որ այդ նպատակին տանող ճանապարհը անցնում է Արևելքով.

Արևելքի եդեմներին իջավ պայծառ իրիկուն,

Հեքիաթական պալատներում սպասում են իմ հոգուն,

Ինչ եմ շինում էս ցեխերում, աղմուկի մեջ վայրենի…

Ախ, թե նորից գտնեմ ճամբան դեպի էնտեղ, դեպի տուն:

Այսպես, Թումանյանը ձգտում է վերադառնալ իր ինքնությանը, իր տունը: Առաջին հայացքից գուցե թվա թե Թումանյանը ցանկանում է հասնել անձնական ամփոփվածության, մենության, ուզում է ինքը լինի ու իր Աստվածը, բայց ընդհակառակը, նա ուզում է դուրս գալ իր անձկությունից, իր եսից, ձգտում է լինել ամենքի հետ, ազատորեն ծավալվել Տիեզերքում: Որ տուն ասելով Թումանյանը նկատի ունի ամբողջ Տիեզերքը, երևում է նույն ժամանակ գրած «Տիեզերքի ընթերցումը» բանաստեղծությունից.

Ու վերանում է հոգիս զվարթուն,

Չկա մոտ ու տար, չկա վեր ու ցած,

Տիեզերքն ամբողջ հայրենիք ու տուն,

Ու ես մի ազատ, անտարբեր աստված:

 Եսից անցնելով աստծուն ճանաչելու և աստվածանալու գաղափարը կազմում է արևելյան շատ ուսմունքների հիմքը: Բայց այստեղ մարդու աստվածանալը չի նշանակում որ նա դառնում է մի ինչ-որ առանձին աստված, այլ այն, որ եսից ազատված մարդը միաձուլվում է մեկ և միակ Աստծու հետ: Նման մի գաղափար դժվար թե զարգացում ապրի ներկա աշխարհում տարածված քաղաքակրթության մեջ, ուր գերիշխող է եսակենտրոնությունը: Երկու աշխարհայացքների տարբերությունը Թումանյանը ամփոփել է հետևյալ քառյակի մեջ.

Երնեկ էսպես՝ անվերջ քեզ հետ՝ իմ կյանքի հետ լինեի,

Հազար երնեկ՝ դաշտում մենակ՝ երկնքի հետ լինեի.

 Մինչև այստեղ դեռ իր եսից լիովին չազատված մարդն է, որի ամենավեհ ապրումները հենց այսքանով էլ վերջանում են: Բայց կա վեհագույն ապրումը.

Բայց ով կտա էն վայելքը՝ ինքս ինձ էլ չզգայի,

Ու հալվեի, ծավալվեի, ամենքի հետ լինեի…

 Հասնում ենք Թումանյանի աշխարհըմբռնման հիմնական դրույթին.- մարդու գոյությունը չի սահմանափակվում իր մարմնով, այլ անսահմանորեն տարածվում է Տիեզերքում ու կապված է տիեզերական Կյանքին: (Իրականում այդպես են բոլոր էակները, որոնց կյանքը անբաժանելի է շրջակա միջավայրից, Արևից, Բնությունից: Մարդն էլ արարիչ Բնության զավակն է, նրա կյանքը գալիս է «Անհայտից», անհուն Տիեզերքից, կապված է ամբողջ Տիեզերքին և առհավետ մնալու է Տիեզերքում:) Արդ երբ տեսնում ես միայն քեզ ու քո մարմինը, այդ մարմնի ժամանակավոր կյանքը, այսինքն քեզ տեսնում ես, տիեզերզկան կյանքից անջատ, որպես առանձին կյանքով մի էակ, որքան էլ մեծ խոհերո լեցուն լինի կյանքդ, դարձյալ ճնշված ես ու վախի մեջ, քանզի քո մահով ավարտվելու է քո գոյությունը, իսկ երբ զգում ես քո անհուն գոյությունը, անվախանում ես և զգում ես քեզ անմահ.

Ասի «Հենց լոկ էս աճյունն է ու անունը, որ ունեմ…»

Երբ ճառագեց անծայրածիր Քո ժպիտը հոգուս դեմ.

-Ի՜նչ է աճյունն էդ անկայուն, ու անունը, որ ունես.

Դու Աստվա՜ծ ես, դու անհու՜ն ես, անանուն ես ու ան-ես…

Սա, ըստ էության, բնության և մարդու աստվածացման գաղափարն է.- Աստված տարածված է ամնողջ Տիեզերքում, տիեզերական Կյանքն իր ամբողջության մեջ ինքն Աստվածն է: Ամեն մի էակ այդ տիեզերական-հավերժական Գոյի, կամ «Է»-ի, մասնիկն է, նաև նրա կրողը: Բոլոր էակների և տիեզերական Է-ի միասնությունը կոչվում է «Գոյի միասնություն» (պարսկերենում՝ وحدت وجود): Մարդը անսպառ սիրով, հարատև ձգտումով ու աշխատանքով կարող է ճանաչել Տիեզերքը՝ ամբողջ Կյանքը և այն ամփոփել իր մեջ, միաժամանակ իրեն ծավալված զգալ ամբողջ Տիեզերքում: Թումանյանն ունի այդ զգացումը.

Հոգիս տանը հաստատվել,

Տիեզերքն է ողջ պատել,

Տիեզերքի տերն եմ ես,

Ո՞վ է արդյոք նկատել:

 Իր մեջ ամբողջական Կյանքը ներառած մարդը դուրս է գալիս իր եսի պատյանից և ապրում է իր աստվածային գոյությամբ, միանում է Աստծուն: Թումանյանը ևս ձգտում է այդ միացման.

Աստեղային երազների աշխարհներում լուսակաթ,

Մեծ խոհերի խոյանքների հեռուներում անարատ,

Անհիշելի վերհուշերի մշուշներում նրբաղոտ՝

Երբեմն, ասես, զգում եմ ես, թե կհասնեմ Նրա մոտ…

 Մարդկանց համար դժբախտություն է երբ նրանք տեսնում են միայն իրենց սահմանափակ, ժամանակավոր կյանքը և անհաղորդ են իրենց անսահման, աստվածային կարողություններին: Ըստ Թումանյանի՝ երջանկությունը անհուն Գոյությունը զգալ և ճանաչելն է, այդ մեծ Կյանքով ապրելն է.

Կյանքն՝ իր ամբողջության մեջ՝ մեծ է, շատ է մեծ: Կյանքը տիեզերական կյանքն է և մարդու կյանքի ամբողջ վեհությունն ու քաղցրությունն էլ հենց էն է, որ իր շրջապատի միջոցով ապրի էն մեծ կյանքով:

 Այդ մեծ Կյանքը համընդհանուր է, բոլորինն է, հետևաբար և բոլորին միացնող է.

Ո՜վ անճար Մին, որ ամենին միացնում ես մի կյանքում,

Ամեն կյանքում ու երակում անտես, անկեզ բորբոքում,

Ողջ ազատ են ու հարազատ էս աշխարհում Քեզանով

Ողջը Քո մեջ՝ անմա՜հ, անվերջ՝ Քեզ են երգում Քո ձենով…

 Տիեզերական մեծ Կյանքը Թումանյանի մոտ կոչվում է տարբեր անուններով՝ Անհուն, Անհայտ, Հավերժ, Աստված, Մին, կամ էլ պարզապես կոչվում է Դու և Նա դերանուններով: Նա՝ Աստված ամեն տեղ է, միայն պիտի կարողանալ տեսնել և ճանաչել նրան: Բախտավոր է նա ով այդ կարողությունն ունի: Այդ բախտավորներից է Թումանյանը, որ ընդունակ է ընթերցելու Աստծու, այդ անհայտ բանաստեղծի ստեղծագործությունը.

Դու մի անհայտ Բանաստեղծ ես՝ չտեսնված մինչ էսօր,

Առանց խոսքի երց ես թափում հայացքներով լուսավոր:

Ես էլ, ասենք, զարմանալի Ըթերցող եմ բախտավոր,

Որ կարդում եմ էդ երգերը էսքան հեշտ ու էսքան խոր:

Թումանյանը շնորհակալ է, որ իրեն տրված է վերամբարձ հայացք, որ կարողանում է «անթարթափ աչքով, անխարխափ հոգով», գիշեր ու ցերեկ կարդալ Տիեզերքի գիրքը, յուրացնել աստվածային վեհ ազդումները.

Ես շնչում եմ միշտ կենդանի Աստծու շունչը ամենուր,

Ես լսում եմ Նրա անլուռ կանչն ու հունչը ամենուր.

Վեհացնում է ու վերացնում ամենալուր իմ հոգին

Տիեզերքի խոր մեղեդին ու մրմունջը ամենուր:

 Աստված, այսինքն՝ Տիեզերական Կյանքը միշտ և ամեն տեղ ժպտում է ամենքին: Մարդն էլ պիտի հենց այդ Աստծու նման անհուն, ազատ, կենսալի: Բայց իր եսով տարված մարդը, որ անկարող է իրենից դուրս տարածվող ի՛ր իսկ կյանքը տեսնել, ստեղծել է իր կերպարով աստվածներ և երկրպագում է դրանց:

Աստծու բանտն են տաճարները աշխարհներում բովանդակ,

Իբր էնտեղ է ապրում տերը, պաշտողների փակի տակ:

Հարկավ՝ ազատ նա ժպտում է ամենուրեք ամենքին,

Բայց դու նայիր խեղճ ու կրակ մարդու գործին ու խելքին:

Կրկնենք՝ Թումանյանի Աստվածը հենց մեծ Կյանքն է, որ հոսում է Տիեզերքում- մշտահոլով, մշտանորոգ և մշտագո: Ուրեմն Թումանյանին անընդունելի է որևէ աստված, որ հակադրվում է կյանքի ընթացքին, դեմ է նորացման ու զարգացման, ազատության ու ուրախության:

Տիեզերական Կյանքով ապրող Թումանյանը չի ժխտում երկրային հաճույքը, ուրախությունը, բարեկեցիկ կյանքը: Նմանապես Տիեզերքը տուն և հայրենիք համարելը բնավ չի նշանակում աշխարհաքաղաքացիություն, հայրենի հողի ուրացում, հարենասիրության ժխտում: Աչքերը անհունին հառած Թումանյանը նաև « զարկված ու զրկված » հայրենիքի հետ է: Սակայն Թումանյանի աշխարհայացքում հայրենասիրությունը ինքնանպատակ չէ այլ սիեզերական սիրո մի մասն է: Ինչպես դու քեզ Տիեզերքից, Ամբողջից, Մինից անջատ չես տեսնում, այնպես էլ քո ոտքի տակի հողը, քո հայրենիքը քեզ համար սիրելի է որպես Տիեզերքի այն բեկորը, որը պահպանելու, ծաղկեցնելու բախտը տրված է քեզ: Ավելին, մարդն իր հայրենիքով կարող է ճանաչել Տիեզերքն ու Աստծուն: Հայրենի վեհ բնաշխարհն ու հայրենի հին մշակույթը Թումանյանին ներշնչում են ճանաչելու Անհայտ Աստծուն.

Բարձր է հնոց աշխարհն Հայոց ու Մասիսը երկնադետ,

Իմ խոր հոգին էն բարձունքին խոսք է բացել Նրա հետ-

Անհաս բանից, սկզբանից, երբ չկան էլ դեռ չկար,

Մինչև վախճանն անվախճանի քնընում  է դարե դար:

Այսպիսով հայրենիքները ևս մարդկանց նման կապված են Տիեզերքին և կարող են երջանիկ ապրել իրենց շրջապատով, « հանուր կյանքով », « հաշտ ու խաղաղ մարդկության » ընտանիքում, և ոչ թե մեկուսացած, աղխարհից կտրված:

Մարդը համընդհանուր Կյանքին՝ Աստծուն առավել մերձենալու համար կարիք ունի իրեն շրջապատված տեսնել « աստվածային » մարդկանցով, որոնք, սակայն, հազվագյուտ են: Ահա թե ինչու Նրան ձգտող մարդը՝ « աստվածային ճամբորդը » մերթ հոգնում ու դժգոհում է իր մենակությունից, սպասելուց, տեղ չհասնելուց.

Առատ, անհատ՝ Աստծու նման՝ միշտ նեղալուց հոգնել եմ,

Հոգիս ծարավ՝ սրան-նրան մտիկ տալուց հոգնել եմ.

Մինը պիտի գար ին դեմը՝ ճոխ ու շռայլ անհաշիվ,

Ամեն ճամփում սպասելուց ու փնտրելուց հոգնել եմ:

Թումանյանի գորշ միջավայրում տիրական է եսապաշտ մարդը, որը սրտանց ուրախ չէ, խաղաղ չէ, տառապում է նախանձով, փառքի ու գանձի տենչանքով: Նման միջավայրում սրտալի ընկերություն չկա, այլ « ուտում են ամենքն ամենքին ».

Ու ոչ մի անկյուն չկա շնչելու

Շունչն աստվածային՝ լի անվերջ սիրով…

 Եվ մենակությունը դարձյալ ճնշում է Թումանյանին, բայց ինչ իմանաս, գուցե դրա մեջ էլ մի խոհուրդ կա.

Ի՜նչ իմանաս Ստեղծողի գաղտնիքները անմեկին.-

Ընկեր տվավ, իրար կապեց էս աշխարհում ամենքին

Բանաստեղծին թողեց մենակ, մեն ու մենակ Իրեն պես,

Որ Իրեն պես մտիկ անի ամեն մեկին ու կյանքին:

 Բայց մենակությունն ու վիշտը, թեկուզ և ճնշող, չեն նշանակու դժբախտություն: Ըստ Թումանյանի՝ «Երջանկության աղբյուրը մարդու իրեն սիրտն է: Եվ մեծ ու հարուստ սիրտ ունեցող մարդիկ կարող են վշտանալ և շատ վիշտ ու ցավ ունենալ, բայց երբեք դժբախտ չեն լինում նրանք »: Ինչևէ, Թումանյանն ընդունում է իր բախտը, ընդունում Նրան հասնելու դժվարությունները և գնում է իր ճամբով.

Տիեզերքում աստվածային մի ճամբորդ է իմ հոգին.

Երկրից անցվոր, երկրի փառքին անհաղորդ է իմ հոգին.

Հեռացել է ու վերացել մինչ աստղերը հեռավոր,

Վար մնացած մարդու համար արդեն խորթ է իմ հոգին:

 Այստեղ Թոււմանյանի ասածն, ի հարկե, աշխարհիկ կյանքից  հեռացանալը և երկինքներում երանություն որոնելը չէ. Խոսքը հոգեկան խոյանքների, աստվածային ձգտումների և անհուն ներաշխարհով ապրելու մասին է, որոնք անհասանելի ու խորթ բաներ են « լրբորեն հանգիստ » չնչին մարդուկների համար: Թե չէ բախտն ու բախտավորությունը պիտի որոնել հենց այս հողե աշխարհում.

Էսքան, էսքան մոտ ու շատ

Բախտը փռված մեր կյանքում,

Մարդը, մարդը՝ միշտ անբախտ՝

Որոնում է երկնքում:

 Թումանյանի աշխարհայացքում անցվոր ճամբորդներ են բոլոր մարդիկ,որոնք հերթով գալիս անց են կենում « Էս անցավոր աշխարհից», իրենց ժամանակավոր կյանքից: Իսկ անցավոր կյանքի նպատակն ու խորհուրդը մեծ Կյանքին միանալն է: Մեր երկրային կյանքը մի օր վերջանալու է, մնայունը մեր մեծ Կյանքն է: Եվ պարզերես է նա, ով իր ժամանակավոր կյանքում ընթացել է տիեզերական Կյանքի հետ, միացել է մեծ Կյանքի հոսանքին: Եթե հպարտանք կա, մեծ Կյանքի հետ լինելն է, եթե ամոթանք՝ Նրանից կտրվելը: Միշտ Կյանքին ու լույսին ձգտելը, խավարի դեմ լույս դառնալը և արեգակների պես լույս տալով սպառվելը ինքնին մեծ բախտավորություն է.

Քանի ձեռքից եմ վառվել,

Վառվել ու հուր եմ դառել,

Հուր եմ դառել՝ լույս տվել,

Լույս տալով եմ սպառվել:

 Սպառվելը, մահը անխուսափելի է և պիտի ընդունել այն: Եթե ցավ կա, դա միայն մեծ Կյանքով ապրած չլինելու ափսոսանքն է, պատասխանատվությունն է Կյանքի հանդեպ: Նույնիսկ Թումանյանը երբեմն ապրում է այդ ցավը.

Կյանքս արի հրապարակ, ոտքի կոխան ամենքի.

Խափան, խոպան ու անպտուղ, անցավ առանց արդյունքի:

Ի՜նչքան ծաղիկ պիտի բուսներ, որ չբուսավ  էս հողին…

Ի՜նչ պատասխան պիտի ես տամ հող ու ծաղիկ տվողին…

 Ցավ է, եթե առիթ է եղել Նրա՝ Կյանքի հետ լինելու, ուրախ ապրելու, սիրելու, ստեղծագործելու, և այդ կարելիությունը ձեռքից գնացել է: Լիարժեք ապրելու բախտը մարդ հաճախ ձեռքից տալիս է ի’ր թերացումով, ի’ր անգիտությամբ: 1917թ. Թումանյանը իր դստեր՝ Աշխենի ալբոմում գրում է.

Մայրդ էն օրն ասում էր ինձ,

Թե’ զուր թողիր տունը ձեռից,

Էնքան էժան ու էնքան հեշտ,

Էնքան հարմար, անհրաժեշտ…

Նա տակավին չի իմանում,

Թե աշխարհքն էր ինձ պատկանում.

Նույնիսկ ձրի, առանց փողի,

Սիրտս չուզեց-ձեռից թողի

Իհարկե, մեր թերացումը կա, սակայն մարդը մարդավայել կյանքից զրկվում է ոչ միայն իր, այլ նաև տիրող դաժան կարգերի, անմարդկային հարաբերությունների, բութ ու ագահ մարդկանց պատճառով, այն մարդկանց, որոնք ո’չ իրենք են ապրում, ո’չ թողնում են որ ուրիշներն ապրեն.

Ազատ օրը, ազատ սերը, ամեն բարիք իր ձեռքին,

Տանջում, տանջվում, որոնում է ու դժբախտ է նա կրկին,

Է՜յ անխելք մարդ, ե՞րբ տի թողնես ապրողն ապրի սրտալի,

Ե՞րբ տի ապրես ու վայելես էս աշխարհքը շեն ու լի:

 Նայելով Թումանյանի կյանքին ու գործին կարող ենք ասել  որ նրա համար ազատ օրը ազատության առիթն է՝ Կյանքին վայել գործ անելու համար, իսկ ազատ սերը՝ Կյանքին բաշխվելիք անվերջանալի սերն է, ինչպես նաև ազատորեն կյանքի ընկեր՝ զույգ ընտրելու բախտը, որից զրկվում են շատերը: Թումանյանը ազատ ու լիահունչ կյանքով ապրելու պատգամ է թողնում գալիք սերունդներին:

Ինչևէ, ինչպես էլ ապրես, ինչ էլ անես, և ընդհանրապես մի բան անես կամ ոչ, կյանքդ անցնում է

Ամեն անգամ Քո տվածից երբ մի բան ես Դու տանում,

Ամեն անգամ, երբ նայում եմ, թե ի՞նչքան է դեռ մնում,

Զարմանում եմ, թե՝ ո՛վ Շռայլ, ինչքան շատ ես տվել ինձ,

Ինչքան շատ եմ դեռ Քեզ տալու, որ միանանք մենք նորից:

 Թումանյանը նախազգում է իր երկրային կյանքի մոտալուտ վախճանը.

Լույսը լուսին Քո ժպիտն է իմ երեսին ճառագում,

Երբ, ա՜խ, արդեն անբույժ զարկված, դեպի մահն եմ ես հակվում,

 Էսպես էն վառ արեգակի շողերի տակ կենսածոր

Կայծակնահար կաղնին ոտքի չորանում է օրեցօր:

 Կյանքից բաժանվելը դառն է, բայց կարելի է մխիթարվել նրանով, որ համընդհանուր Կյանքը հավերժորեն խայտում է Տիեզերքում.

 Էս է, որ կա… ճիշտ ես ասում, թասդ բե՛ր:

Էս էլ կերթա՝ հանց երազում, թասդ բե՛ր:

 Կյանքն հոսում է տիեզերքում զնգալեն,

Մեկն ապրում է, մյուսն սպասում. թասդ բե՛ր:

 Սա Թումանյանի վերջին բանաստեղծություններից է, թերևս ամենավերջինը: Իմաստության թասն ըմպած Թումանյանը խաղաղ է ընդունում մահը, զի իր օրերում ձգտել է վերուստ պարգև առած « բարություն, շնորհք ու սեր»-ը վերադարձնել Կյանքին.

Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,

Իր տվածն եմ տալիս Իրեն:

 Թումանյանն իր անցավոր կյանքին նայում է որպես հավերժական Կյանքի, իր մեծ Կյանքի մեկ դրսեվորումը: Ուրեմն ինչ կարևորություն ունի մեր ժամանակավոր կյանքի վերջանալը, եթե մենք ապրել ենք ու հավիտենապես ապրելու ենք մեր մեծ՝ հավերժական Կյանքով.

Հազար տարով, հազար դարով առաջ թե ետ, ի՜նչ կա որ.

Ես եղել եմ, կա՜մ, կլինեմ հատ ու հավետ, ի՜նչ կա որ.

Հազար էսպես ձևեր փոխեմ, ձևը խաղ է անցավոր,

Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ի՜նչ կա որ:

 Նման խոհերի դիմաց զգում ես Թումանյանի անհասանելի մեծությունը և մտածում՝ « Նա մեծ էր ավելի, քան եղավ »: Մեր խոսքի սկզբում վկայակոչեցինք Չարենցին: Այն ավարտենք Թումանյանի մասին գրված Չարենցի քառյակով.

Նա մեծ էր ավելի, քան եղավ: երկնքի նման ընդարձակ,

Օվկիանի նման՝ իր ոգին ընդգրկել էր կյանքը անեզր:

Եվ ոգու ափերին նստած՝ նա նայում էր հայացքով պայծառ,

Եվ որսում էր երգեր ու խոհեր, և տեսնում էր չքնաղ երազներ…

 

Հրաչ ՍՏԵՓԱՆՅԱՆ

ԹԵՀՐԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ռուբեն Մարգարյան says:

    Որպես հայ դասական պոեզիայի ընթեցասեր, խորին երախտագիտությունս եմ հայտնում հոդվածի հեղինակ Հրաչ Ստեփանյանին՝ իր բաձրամակակարդակ ու ինքնատիպ այս գրախոսականի համար: Այս հոդվածը կարելի է համարել լավագույն ամանորյա նվերը «Գրական առավոտ»-ի ընթերցողների համար: Կարծում եմ, որ Թումանյանի խոհական աշխարհի բոլոր շերտերը ընթերցողին լավագույնս ներկայացնելու համար անսահման ժամանակ կպահանջվի և հարգարժան Հրաչ Ստեփանյանն իր լուման ևս ներդրեց տիեզերական այդ անսահմանությունը որոշ չափով լցնելու համար:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031