Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են վաճառում «beeline»-ը եւ ինչո՞ւ է այն գնելու մտադրություն հայտնել «Յուքոմը», դեռ պարզ չէ

Դեկտեմբեր 31,2019 13:41

Մոտ տասը օր առաջ հեռահաղորդակցության օպերատոր «Վեոն Արմենիա» ընկերությունը, որը հանրությանն առավել հայտնի է «ԱրմենՏել» անունով եւ իր «beeline» ապրանքանիշով, պայմանավորվածություն է ձեռք բերել իր բաժնետոմսերը «Յուքոմ» ընկերությանը վաճառելու:

Լուրը «ՍիվիլՆեթի» հետ զրույցում հաստատել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահը՝ Գարեգին Բաղրամյանը՝ նշելով, որ ընկերությունները գնման մասին դիմում են ներկայացրել հանձնաժողով: ՀԾԿՀ ղեկավարը նաեւ հայտնել է, որ գործընթացը բարդ է եւ պետք է անցնի այլ գերատեսչություններով, նախարարություններով, եւ որ իր համաձայնությունը պետք է տա նաեւ Ազգային անվտանգության ծառայությունը:

Եվ չնայած ՀԾԿՀ-ն հաստատել էր լուրը, Aravot.am-ի հարցին ի պատասխան` «Վեոն Արմենիա» ընկերությունից որեւէ տեղեկություն չհայտնեցին, թե արդյոք վաճառելու մտադրություն ունեն, ինչո՞ւ են վաճառում կամ ե՞րբ է նախատեսվում գործարքը: Ի պատասխան` ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Նաիրա Նազարյանն ասաց, որ նման հարցերը մեկնաբանվում են իրենց գլխամասային գրասենյակի կողմից, որը գտնվում է Ամստերդամում:  «Դիմեք այդ հարցով գլխամասին»,- նշեց Նաիրա Նազարյանը:

Ամանորյա տոներից հետո հարցում կուղարկենք նաեւ «Վեոն Արմենիայի» գլխամասային գրասենյակ:

Գործընթացի վերաբերյալ դիմում է ստացել նաեւ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը՝ ՏՄՊՊՀ-ն: Aravot.am-ի հարցին ի պատասխան` հանձնաժողովից հայտնեցին, որ դիմումը երեկ առավոտյան են ստացել, դեռ չեն ուսումնասիրել, եւ որ սույն դիմումով ընկերությունները խնդրում են համակենտրոնացնել «Յուքոմն» ու «Վեոն Արմենիան»: Ըստ նույն աղբյուրի, այս գործով վարույթ կհարուցվի Ամանորյա տոներից հետո. «Երբ ուսումնասիրենք՝ կիրազեկենք»:

«Յուքոմ» ընկերությունից մեր հարցին ի պատասխան` ասացին, որ նախընտրելի է, որպեսզի առաջին մեկնաբանությունը իրենց գործընկեր՝ «Վեոն Արմենիա» ընկերությունից լինի, քանի որ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համապատասխան` «Վեոն Արմենիա» ընկերությունն է դիմում ՀԾԿՀ եւ հայցում գործարքն իրականացնելու համաձայնությունը:

Հիշեցնենք, որ 2015  թվականին «Յուքոմը» գնեց նաեւ «Օրանժ Արմենիա» ընկերությունը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031