Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀԲԸՄ-ն այն իդեալական կետն է, որտեղից մարդը կարող է սկսել իր հայկական ուղևորությունը. Պերճ Սեդրակյան

Դեկտեմբեր 31,2019 13:26

ՀԲԸՄ թանկագին անդամներ և բարեկամներ,

Տարին նշանավորվում է ՀԲԸՄ-ի համար էական գործունեության տասնամյակի ավարտով, քանզի մենք հաջողեցինք հարմարվել թվային հեղափոխության և գլոբալիզացիայի արդյունքում արագ փոփոխվող աշխարհի ընթացքին: Որպես կազմակերպություն, ՀԲԸՄ-ն հաստատակամորեն արձագանքեց այս խորը և համատարած հասարակական միտումներին, որոնք հիմնավորապես ներգործել են բոլորիս վրա:

Մենք կանգնած ենք նոր դարաշրջանի շեմին, որը, անկասկած, պահանջում է հայ ազգի կարիքների բավարարմանն ուղղված առավելագույն նորարար միջոցների ապահովումը: Ինչպես նշել եմ անցյալ փետրվարին տեղի ունեցած մեր 90-րդ ընդհանուր ժողովի ժամանակ, անցյալ դարի ընթացքում մեր գործունեությամբ մենք ապացուցել և վերջին տարիներին մեր գործողություններով վերահաստատել ենք, որ մեր կազմակերպությունը շարունակում է ներգրավված և պահանջված լինել տեղերում մեր համայնքների, հայ ազգի և, ընդհանուր առմամբ հասարակության կողմից: Անցյալ տարի մենք ականատես եղանք մեր պատմության շրջադարձային պահերից մեկին՝ խաղաղ հեղափոխությանը, մինչդեռ երկրները, որտեղ մեզանից շատերն ապրում են, բազմաթիվ անորոշությունների են առերեսվում: Աշխարհը փոփոխվում է: Հայ համայնքները ևս փոփոխվում են: Սակայն, ինչպես համոզվել ենք ավելի քան մեկ դարի ընթացքում, ՀԲԸՄ-ի նվիրումը և ներգործությունը կայուն են մնում:

Ի թիվս մեր բազմաթիվ հաջողությունների ու ծրագրային նվաճումների, մենք առանձնապես հպարտանում ենք սոցիալական զարգացման ասպարեզում մեր առաջընթացով, որը հանուն Հայաստանի և Արցախի իրականացվող ազգանպաստ ռազմավարության բանալին է: Որպես օրինակ, ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» և «Սովորի՛ր և վաստակի՛ր» ծրագրերի շրջանակներում Արցախում մենք մարդկանց իրական հնարավորություններ ենք ընձեռում: ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ծրագիրը հիմնված է այն հիմնարար համոզմունքի վրա, որ տնտեսական հաջողություններում կանանց հավասարապես ինտեգրելը առաջնահերթություն է, և դրանով տեղ է բացվում մեր երկրում առկա հսկայական տաղանդի և ստեղծագործ մտքի համար: Նմանապես, «Սովորի՛ր և վաստակի՛ր» ծրագիրը աջակցում է արցախցի չափահաս սովորողներին՝ ընդլայնելու սեփական ներուժը՝ զարգացնելով լեզվական հմտություններն ու ներգրավվելով արտադրական բնույթի վերապատրաստումներում:

Գիտակցելով այն տպավորիչ ազդեցությունը, որ տեխնոլոգիան ունենում է մեր կյանքի վրա՝ ՀԲԸՄ-ն հանդես է եկել որպես տեխնոլոգիաների շուկայում Հայաստանի ազգային բրենդի արդյունավետ ջատագով: Այս տարի ավելի վաղ Սիլիկոնային հովտում մեր ունեցած լուրջ կապերի շնորհիվ մենք կազմակերպեցինք հայաստանյան պաշտոնական պատվիրակության այցը՝ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որի ընթացքում հանդիպումներ անցկացվեցին կորպորացիաների ղեկավարների և ոլորտի ներկայացուցիչների հետ: Այցի վերջնարդյունքը ՀԲԸՄ-ի և Հայաստանի կառավարության միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումն էր ՀԲԸՄ Վիրտուալ կամուրջ նախաձեռնության վերաբերյալ, որի նպատակն է հայաստանյան ստարտափերին ապահովել իրական հիմքերով Սիլիկոնային հովտում գործունեություն ծավալելու համար: Մենք համագործակցում ենք նաև Հայաստանում ամերիկյան համալսարանի հետ՝ Հայաստանում տեխնոլոգիական կրթության բարեփոխումների վերաբերյալ Վարչապետի կողմից պատվիրված հետազոտության ուղղությամբ: Եվ վերջապես, Փարիզի VivaTech համաժողովում ամենաառաջին ARMENIA տաղավարը նախաձեռնելուց հետո մենք հպարտ ենք, որ դարձել ենք անցյալ հոկտեմբերին Երևանում կայացած Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի գլխավոր գործընկերը:

ՀԲԸՄ-ն մշտապես գործակցել է մեր հայրենիքի հետ՝ որպես սփյուռքը և Հայաստանը կապող հիմնական օղակ: Մեր տեղական համայնքներից շատերը հյուրընկալել են Հայաստանի ղեկավարությանը. հանդիպումներ և ընթրիքներ Նախագահ Արմեն Սարգսյանի, Վարչապետի, փոխնախարարների և Սփյուռքի հարցերով նորանշանակ հանձնակատարի հետ, որոնց ընթացքում տեղի ունեցող քննարկումների առանցքում մշտապես եղել են սփյուռքի ներգրավվածության և Հայաստանի հետ կապերի վերահաստատման հարցերը:

Ի թիվս մեր բազմաթիվ ազգանպաստ նախաձեռնությունների, մեր գործունեության առանցքն են եղել իրականացվող բազմաբնույթ համայնքաստեղծ միջոցառումները և ծրագրերը: Մենք շարունակում ենք նվիրված մնալ արվեստին ու մշակույթին՝ համերգների, ցուցահանդեսների և ներկայացումների միջոցով նոր հանդիսատեսին առաջարկելով մեր մշակույթի տարածման տպավորիչ հարթակներ: Նմանապես, ինձ համար հաճելի է, որ մեր մասնաճյուղերը և Երիտասարդ արհեստավարժները շարունակում են նորարար և գրավիչ միջոցառումներ իրականացնելու ուղիներ փնտրել, որոնք օգնում են մարդկանց միավորվել և գաղափարներ փոխանակել՝ ամրապնդելով մեր միասնական ինքնությունը և մեր գեղեցիկ մշակույթը ներկայացնել ոչ հայկական աշխարհին:

Անշուշտ, ՀԲԸՄ-ն շարունակում է զարգացնել և ամրապնդել երիտասարդության ներգրավմանն ու առաջնորդությանը ուղղված ջանքերը: Մեր Գլոբալ առաջնորդության ծրագրից (որը նախկինում հայտնի էր ՀԲԸՄ ամառային փորձառության ծրագիր անվանումով) մինչև Եվրոպայում վերսկսված Կորիզ նախաձեռնություն՝ մենք ձգտում ենք մասնագիտական և անձնական զարգացման յուրօրինակ հնարավորություններ ընձեռել: Բացի այդ, մեր սիրված ամառային ծրագրերը և հաջողված սկաուտական բանակումները շարունակում են ընդգծել համայնքի և ծառայելու կարևորությունը՝ սփյուռքում ապրող հազարավոր մարդկանց ուղղորդելով դեպի ինքնության ձևավորման ճշմարիտ ուղին:

Բայց մեր գործը ավարտված չէ: Իրականում, այն երբեք չի ավարտվելու: Հայերը միշտ ունեցել են սփյուռք: Հրամայական է, որ ՀԲԸՄ-ն հայացք ձգի դեպի առաջ և դեպի դուրս: Մենք կորցրել ենք շատերին, ովքեր ժամանակին իրենց հայ էին համարում, և մենք ականատես ենք Եվրոպայում, Ասիայում և Հարավային Ամերիկայում նոր սփյուռքի շարունակական ձևավորմանը: Եվ հրամայական է այն, որ պետք է աշխատել գտնել այդ անհատներին և ապահովել նրանց առնչությունը սեփական ժառանգության հետ:

Այս առումով ես հպարտորեն նշում եմ մեր Երիտասարդ արհեստավարժների ցանցի հաջողությունը, որին ավելացել է հինգ նոր միջազգային խումբ: Այս տարի տեղի է ունեցել մինչ օրս ամենալայն մասնակցություն ապահոված ՀԲԸՄ FOCUS միջոցառումը: Աշխարհի 26 երկրներից, այդ թվում՝ Լիտվայից, Չիլիից և Հարավային Կորեայից ժամանած մասնակիցները հավաքվել էին Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում՝ միմյանց հետ կապեր հաստատելու և հետաքրքրող թեմաներով բաց երկխոսություն ծավալելու նպատակով:

Ինչպես միշտ, ՀԲԸՄ-ն մշտապես որոնում է ուղիներ, թե ինչպես կարելի է առավել մեծ ազդեցություն գործել հնարավորինս մեծ թվով մարդկանց վրա: Դրա համար երբեմն պահանջվում է վերանայել առաջնահերթություններն ու ռեսուրսները՝ կախված տվյալ ժամանակի գործնական իրողություններից: Վերջին օրինակը մեր որոշումն էր՝ Փասադինայի ՀԲԸՄ Վաչե և Թամար Մանուկյան  դպրոցի և Կալիֆոռնիայի նահանգի ՀԲԸՄ Մանուկյան Դեմիրճյան դպրոցի համատեղման մասին: Նման որոշումները կայացվում են մանրակրկիտ քննարկումների արդյունքում՝ ձգտելով ներգրավել ավելի մեծ թվով հայերի և տրամադրել մշակույթի տարածման և ինքնության ձևավորման բովանդակալից հնարավորություններ:

Եվ վերջապես, հաճույքով նշում եմ, որ այս տարի ՀԲԸՄ-ն արժանացել է Միացյալ Նահանգների ամենահեղինակավոր շահույթ չհետապնդող մոնիթորինգային գործակալության՝ Charity Navigator-ի հեղինակավոր և բաղձալի վարկանշային չորս աստղի՝ ի ճանաչումն թափանցիկության և հաշվետվականության հարցում մեր ձեռնարկած քայլերի գերազանց գնահատանքի: Անշուշտ, ՀԲԸՄ-ի մեծարգո հինգերորդ նախագահ Լուիզ Մանուկյան Սիմոնը, ով մահկանացուն կնքեց այս փետրվարին, կհպարտանար այս կապակցությամբ, քանզի նա իր նախագահության օրոք մշտապես արժևորում էր այս կարևոր արժեքները: Հայկական աշխարհի համար դրամատիկ փոփոխությունների ժամանակահատվածում՝ 1989-ից 2002 թվականներին, ծառայության ընթացքում նրա տեսլականն ու ղեկավարին բնորոշ սրտացավությունն այժմ արդեն ամրագրվել են ՀԲԸՄ-ի՝ հպարտության արժանի ժառանգությունում:

Թեև 21-րդ դարում հայ լինելու և հայ զգալու եղանակները բազմաթիվ են, ՀԲԸՄ-ն այն իդեալական կետն է, որտեղից մարդը կարող է սկսել իր հայկական ուղևորությունը՝ օգտվելով աճելու, զարգանալու և բարգավաճելու և, ի վերջո, սեփական համայնքին, հայրենիքին ու աշխարհին վարձահատույց լինելու մի շարք հնարավորություններից: Սա ներգրավված լինելու մի շրջափուլ է, որ ՀԲԸՄ-ն առաջարկում է ցանկացած մարդու, ով ցանկանում է կապ ունենալ հայկական ինքնության հետ, ուսումնասիրել և փայփայել սեփական հայկական ինքնությունը՝ անկախ տարիքից, կենսագրությունից, լեզվից կամ ծագման երկրից:

Հենց միասնության այս ոգով է, որ ՀԲԸՄ-ի համաշխարհային ընտանիքի անունից շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր մեզ աջակցել են այս տարի: Մեր կամավորները, նվիրատուներն ու աշխատակազմը ամենատարբեր եղանակներով միավորվել են՝ այս անչափելի ներգործությունն ապահովելու համար: Ես ձեզ ու ձեր սիրելիներին մաղթում եմ առողջ, երջանիկ և բարգավաճ տարի:

Անկեղծորեն՝

Պերճ Սեդրակյան

ՀԲԸՄ Նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031