Մի օրենքի ոդիսականը
Ժողովուրդ ջան, պինդ բռնվեք, բան եմ ասում:
Պարզվում է՝ Սահմանադրական դատարանի դատավորներին կաշառք տալու մասին օրենքը, որը տակնուվրա է արել երկիրն ու աշխարհը, գոյություն չունի: Կհարցնեք, թե ո՞նց: Ասեմ: Գոյություն չունի, քանի որ այդ օրենքն ընդհանրապես չի ընդունվել, ավելի ստույգ՝ չի ստացել օրենքով անհրաժեշտ թվով կողմ ձայներ: Հանգամանք, որը փաստաթղթավորված է, և որը ապացուցելու համար համակարգչի դիմացից հեռու գնալ պետք չէ:
Եվ այսպես՝ այն, որ կառավարությունը ապաշնորհ է, չունի անգամ երկու հոդվածանոց նորմալ օրենք գրելու ունակ մարդիկ, ցանկացած աշխատանք կատարվում է փնթի ու անհետևողական, դարձել է հանրահայտ փաստ, հետևաբար, ապացուցման կարիք չունեցող: Բայց երբ խոսքը գնում է այսօրվա իշխանությունների համար կենաց-մահու նշանակություն ունեցող հարցի մասին, ապա կարելի էր թերևս ենթադրել, որ գոնե այդ դեպքում կառավարությունն, իր ողջ ներուժը հավաքելով, կկարողանար «երկնել» օրենսդրական առումով քիչ թե շատ անթերի մի նախագիծ: Բայց արի ու տես…
Կարդացեք նաև
Նախագծի ծննդից մինչև դրա երկրորդ ընթերցմամբ ընդունմանը մեկ այլ առիթով մանրամասն կանդրադառնամ:
Հիմա՝ միայն երկրորդ և վերջնական ընթերցմամբ «ընդունված» օրենքի քվեարկության մասին:
Այս օրենքը սահմանադրական էր, և դրա ընդունման համար անհրաժեշտ էր առնվազն 80 ձայն: Ըստ «պաշտոնական» տվյալների՝ այդ նախագծին կողմ են քվեարկել 82-ը:
Հիմա տեսնենք, թե ինչպես է կատարվել քվեարկությունը:
ԱԺ կանոնակարգի 60-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովի նիստին ներկա պատգամավորը քվեարկում է անձամբ քվեարկության դրված հարցին` կողմ, դեմ կամ ձեռնպահ, իսկ Ազգային ժողովի նիստից բացակայող պատգամավորը կարող է քվեարկել միայն նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով, այն է՝ «Ազգային ժողովի կողմից գործուղման մեկնող պատգամավորը կարող է հարցի քվեարկության վերաբերյալ իր որոշման մասին գրավոր տեղեկացնել Ազգային ժողովի նախագահին: Պատգամավորի ստորագրած գրությունը փակ ծրարով աշխատակազմ պետք է հանձնվի նախապես՝ մինչև գործուղման մեկնելը: Ծրարի վրա եւ գրությունում նշվում է հարցի անվանումը, իսկ գրությունում` հարցին կողմ, դեմ կամ ձեռնպահ, ինչպես նաեւ ընտրվող պաշտոնում թեկնածուին կողմ կամ դեմ քվեարկելու մասին պատգամավորի որոշումը: Աշխատակազմի ծառայողը ծրարը բացում և գրությունն Ազգային ժողովի նախագահին, իսկ էլեկտրոնային համակարգը չգործելու դեպքում՝ հաշվիչ հանձնախմբի նախագահին է ներկայացնում հարցի քվեարկությունից առաջ: Քվեարկությունից հետո գրությունը կցվում է նիստի արձանագրությանը»:
Նորից, ըստ պաշտոնական հաղորդագրության, նիստերի դահլիճում ներկա գտնվող պատգամավորներից նախագծին կողմ են քվեարկել 75-ը: Ծրարներով քվեարկել է 7 պատգամավոր, 7-ն էլ՝ կողմ: Վերոնշյալ 7-ն էլ քվեարկել են վերևում հիշատակված օրենքի 60-րդ հոդվածի 5-րդ մասի կոպիտ խախտմամբ: Նրանք իրավունք չունեին այդ կերպ քվեարկելու, ուստի նրանց ձայները չէին կարող հաշվարկվել որպես կողմ ձայներ: Հետևաբար, նախագծին կողմ է քվեարկել միայն 75 պատգամավոր, ինչը բավարար չէր սահմանադրական օրենքը փոփոխելու համար:
Թե ինչու է այս հանգամանքը վրիպել մեր «զբոսաշրջիկ» նախագահի աչքից, քննությունը ցույց կտա:
Սա միայն «դեսերտ» «զբոսաշրջիկ» նախագահի և նրա հետ փոխկապակցված, հարցով շահագրգիռ պաշտոնյանների համար՝ մաղթելով ամանորյա անքուն գիշերներ:
Մնացածը՝ հաջորդիվ:
Արսեն ԲԱԲԱՅԱՆ
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ